Տարին երկու անգամՙ մարտ եւ հոկտեմբեր ամիսներին, շատ երկրներում ժամացույցները հետ ու առաջ են տրվում եւ այդ երեւույթը պատճառաբանում են մի շարք երեւույթներով ու նաեւ էլեկտրաէներգիայի խնայողության պահանջով: Երեկ այս մասին «Հենարան» մամուլի ակումբում պարզաբանումներ տվեց աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը կա, բայց ոչ այն պատճառաբանություններով, որ բերվում է, այլ դա կապված է մոլորակների դիրքից, րոպեներից, ժամերից, օրերից եւ ամիսներից: «Արեգակի ժամերով է որոշվում տարին, օրը, ժամը եւ դրանք հերթապահում են Լուսին, Յուպիտեր, Մերկուրի, Վեներա, Սատուրն, Մարս մոլորակները հաջորդաբար: Խնդիրը նրանում է, որ տարին ու օրերը բոլորի համար նույնը չեն, միայն ժամն է նույնը ամբողջ երկրագնդի համար եւ դրանից էլ կախված է թե տվյալ ժամին, որ մոլորակն է իշխում-հերթապահում, պարզ է դառնում, թե ինչ է սպասվում: Օրինակ բերեմ, մինչեւ մարտի 28-ը ժամը փոխվելու պահը Մերկուրի մոլորակն է իշխում, որը բերում է մտածողություն, խելամտություն եւ ուսումնասիրությունների հարմար ժամ ու պետք է օգտվել դրանցից: Իսկ երբ 1 ժամով այն փոխվում է, հայտնվում է Վեներայի ազդեցության տակ, որը բերում է սեր, հաճույք, բավականություն, խոստովանություն: Այսինքն, բարենպաստ ժամ է: Եվ մինչեւ մարդկությունը չիմանա, թե ո՞ր ժամին, ո՞ր մոլորակի ազդեցությունն է իշխում եւ նոր միայն մարդիկ սկսեն իրենց օրը, խառնաշփոթը կշարունակվի»:
Աստղագետը տեղեկացրեց, որ բոլոր կիրակիներըՙ ժամը 14-ից, հերթապահում է Մարս մոլորակը, որն այդ մեկ ժամում պարգեւում է դրական էներգիա, իսկ հաջորդ ժամը կտրուկ փոխվում է, երբ հերթապահում է Լուսինը: Տիկին Էլյան խորհուրդ տվեց մի քիչ մտորել ու նոր միայն կարեւոր գործեր սկսել: «Ավելի մեծ արժեք, քան մտածողությունն է, աշխարհում չկա, եւ գիտենալ մոլորակների մասին պարտադիր է յուրաքանչյուրին: Եվ ժամը փոխվելուց, փոխվում է ժամանակը ու մենք այլ դաշտում ենք հայտնվում, որը ազդում է առողջական վիճակին եւ ֆինանսականինՙ ըստ մոլորակների դիրքի»:
Իսկ այն հարցին, թե Հայաստանը ճգնաժամից ե՞րբ դուրս կգա, ասաց. «Հայաստանը ճգնաժամի մեջ չէ, ուղղակի ոմանք շահում են, ոմանք տուժում: Կան մարդիկ, որ մեծ կուտակումներ են արել եւ դա իրենց դժբախտությունն է, իսկ այն հասարակ մարդը, որ դրանից տուժում է, ոչինչ, շահում է ավելի մեծ ծրագրով...»:
«Ազգի» հարցին ի պատասխան տիկին Էլյան ներկայացրեց իր կանխատեսումները ու շեշտեց. «Հայաստանը մինչեւ 2016 թվականը գնում է մեծ վերելք ու հենց 16-ին կլինի հաջողությունների գագաթնակետում եւ մինչ այդ կլուծվեն հակամարտությունները, Հայոց ցեղասպանության հարցը: Իսկ հետո սկսվում է աստիճանաբար հաջողությունների նվազման ժամանակաշրջանը, բայց հայը կմնա նորից հայ ու կդառնա աշխարհի համար հոգեւորը տարածող, որը շատ կարեւոր հանգամանք է»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ