«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՐԴԱՐ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Հայերի համախումբ բնակության տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից. նրանց գործունեությունը, ինչպես նաեւ հայության հանրային-քաղաքական կյանքն ընդհանրապես, կառավարվում եւ ուղղորդվում է ուժային կառույցների կողմից», այսպիսի հայտարարություն է տարածել «Ջավախք» ժողովրդական շարժումը մարտի 27-ին Ախալքալաքում տեղի ունեցած համաժողովում:

Համաժողովում, որին մասնակցել են շարժման անդամներ, Ջավախքում գործող հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախահայ հասարակական գործիչներ, քննարկվել են Ջավախքի խնդիրները, հատուկ անդրադարձ է կատարվել Վրաստանում մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին եւ դրանց` ջավախահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:

Համաժողովն ընդունել է հայտարարություն, որի համաձայն Ջավախքի խնդիրներից առավել կարեւոր են մի քանիսը: Մասնավորապես, ըստ համաժողովականների, Վրաստանի իշխանություններն օրենսդրական եւ այլ միջոցներով պարտադրում են տարածաշրջանի հայությանը հանրային գործունեության բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարություն, վարչարարություն, կրթական համակարգ եւ այլն) օգտագործել բացառապես վրացերենը, աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախահայության մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում: «Այդ չիմացությունը եւ դրանից բխող աշխատանքից հեռացնելու սպառնալիքը իշխանությունների կողմից օգտագործվում են որպես ջավախահայության ճնշման լրացուցիչ լծակ», նշվում է հայտարարության մեջ:

Խնդիրներից են Հայ առաքելական եկեղեցու անկարգավիճակ լինելը, հայկական եկեղեցիները չվերադարձնելը, քաղաքական կազմակերպություններ ունենալու օրենսդրական արգելքները եւ այլն: Համաժողովի մասնակիցները նշել են. «2007 թվականից առ այսօր ուժային կառույցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու եւ հեռակա դատավարություններ անցկացնելու հետեւանքով իրենց հայրենիքն են լքել եւ/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախահայ ակտիվիստներ»:

«Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովի մասնակիցները Վրաստանի իշխանություններին կոչ են անում երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նորմերի տառից եւ ոգուց բխող լուծումներ տալ ջավախահայությանը հուզող խնդիրներին:

Որպես խնդիրներ նշվում են. դադարեցնել ջավախահայ գործիչների նկատմամբ ծայր առած դատական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները, վերականգնել արդարությունը, վերացնել հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզվի օգտագործման նկատմամբ դրված արգելքը, հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, արտոնել Ախալքալաքում հայերեն լեզվով ուսուցման հիմքի վրա հայ-վրացական պետական բուհի հիմնադրումը, համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ առաքելական եկեղեցուն, վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրավված բոլոր հայկական տաճարները եւ այլն:

«Գիտակցելով, որ ինքնակառավարման մարմիններն այն հիմնական ներկայացուցչական հարթակն են, որտեղ եւ որի միջոցով հայ բնակչությունը հնարավորություն ունի հետապնդելու իր քաղաքական, լեզվական, կրթամշակութային ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, շարժումը կոչ է անում ջավախահայությանն իր քվեն տալ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց ծրագրերում կզետեղեն եւ գործնականում կհետապնդեն հայ բնակչության իրավունքների իրացման խնդիրը»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4