«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹԸ»

2002 թ. ՀԳՄ վերսկսեց «Մանկական գրքի շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը: Երեկ Արմավիրի մարզում տոնական տրամադրությունն էր իշխում: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորած գրողների, գրականագետների, մանկագիրների պատվիրակությանն ընդունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը , ու նրանց ներկայացրեց մարզի հոգեւոր ու մշակութային կյանքը:

Գրողները հետաքրքրվեցին մարզի կրթական օջախների մանկավարժական խորհուրդների, գործող գրադարանների ու տնտեսության վիճակով: Մարզպետը նշեց, որ մարզում գործող դպրոցներից 34-ը վերակառուցվել են եւ շուրջ 100-ն էլ ընթացքի մեջ են:

Արմավիրի մշակույթի պալատի մուտքի մոտ հյուրերին ջերմ ողջույններով դիմավորեցին մարզի բնակչությունը, ուսուցիչները եւ աշակերտները: Քիչ անց գրողներին շրջապատեցին աշակերտներն ու ինքնագրերով գրքեր ստացան: Միջանցքի երկայնքով ցուցադրված մանկական գրքերի մոտ խմբված աշակերտները հետաքրքրությամբ ծանոթանում էին ե՛ւ մանկագիրների, ե՛ւ նրանց վերջին հրատարակած գրքերի հետ: Հրաշալի մի տեսարան էրՙ ժրաջան մեղուների պես ձեռքից-ձեռք էին խլում գրքերը ու շտապում դահլիճում տեղ զբաղեցնել: Դժվար էր հավատալ, որ գրքի նկատմամբ նման սեր ու հետաքրքրություն կա մարզում: Բայց այդ կասկածը ցրվեց րոպեներ անց, երբ բեմից աշակերտները իրար հաջորդելով ասմունքում էին մանկագիրների ստեղծագործությունները: «Մանկական գրքի շաբաթը» Արմավիրի մարզում բացելու փաստը ոգեւորել էր նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Վերջինս իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց նման կարեւոր ձեռնարկը ու նշեց, որ մատաղ սերունդը կարիք ունի մանկական մաքուր ու հոգեթով ստեղծագործությունների, եւ նման միջոցառումները մի յուրօրինակ կամար են գրողի ու ընթերցողի միջեւ:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ողջունելով արմավիրցիներին, բարձր գնահատեց նրանց հատուկ ուշադրությունն ու հետաքրքրվածությունը մանկական գրականության նկատմամբ: Պրն Անանյանը ներկայացրեց հյուրերին, որոնց թվում էին գրականագետներ Ավիկ Իսահակյանը եւ Լյուդվիգ Կարապետյանը, գրականագետ, բանաստեղծուհի Նաիրա Համբարձումյանը, մանկագիրներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Երվանդ Պետրոսյանը, դրամատուրգ եւ ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը, բանաստեղծուհի Հռիփսիմեն, «Կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը եւ «Հայրենական» թերթի խմբագիր Ռաֆայել Սահակյանը: «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանին եւ Վանաձորի «Գուգարք» թերթի գլխավոր խմբագիր Վալտեր Թորոսյանին հանձնվեց ամենամյա «Վախթանգ Անանյան» գրական մրցանակը: Մրցանակագիրները շնորհակալություն հայտնեցին բարձր պարգեւներին արժանանալու համար եւ խոստացան ավելի շատ գրել մանուկներին հետաքրքրող թեմաներով: Միջոցառման ընթացքում մարզի ստեղծագործական խմբերն իրենց գեղեցիկ ելույթներով հիացրեցին հյուրերին:

Գրողներն անկեղծացան, որ մանուկների համար գրելն ավելի դժվար է, որովհետեւ նրանք մի քանի տողից կարողանում են ճիշտ գնահատել ստեղծագործությունը, ուստի պետք է ուշիմ ու խոհեմ լինել, որ կարողանան մանուկներին մոտեցնել գրականությանը:

«Մանկական գրքի շաբաթը» վաղը կհյուրընկալվի Գեղարքունիքի մարզի դպրոցներում, գրադարաններում: Իսկ փակումը կկայանա ապրիլի 3-ին Երեւանի Խնկո Ապեր մանկական գրադարանում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արմավիրի մարզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4