1994-ից սկսած Հայաստանի Թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ամեն տարի Թատրոնի միջազգային օրն անցկացվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի նույնպես թատերարվեստի նվիրյալներին մի հարկի տակ էին հավաքել ու նրանց մասնագիտական տոնը շնորհավորելու էին եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները, հյուրեր:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի շնորհավորանքի ու ողջույնի խոսքից հետո հայ թատրոնի երախտավորներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105-ամյակներին նվիրված «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը հայտարարվեց բացված: Իսկ մինչեւ այդ, կեսօրին թատերասերներն այցելեցին պանթեոն, նաեւ այն տունը, որտեղ ապրել էին Աճեմյանն ու Ասրյանը ու բացեցին շենքի մուտքին ամրացված հուշաքարը, գլուխ խոնարհեցին ու երախտագիտության խոսքեր հղեցին նրանց հասցեին:
Տարվա լավագույն դերասանուհի մրցանակը Վարդան Աճեմյանի թոռն ու ծոռը հանձնեցին Վարդուհի Վարդերեսյանին: Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում մրցանակը հանձնվեց Մարինե Գրիգորյանին եւ Լիլի Էլբակյանին, երիտասարդ դերասան մրցանակըՙ Արտաշես Մխիթարյանին: Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում մրցանակը հանձնվեց Զարուհի Անտոնյանին (Տիկնիկային թատրոն): Լավագույն պիես համարվեց Դավիթ Մուրադյանի «Դաշնամուր» գործը: Լավագույն նկարչական ձեւավորում մրցանակին արժանացան Գրիշա Սահակյանը եւ Վահագն Թեւանյանը: Տարվա լավագույն երկրորդ պլանի կին դերակատար համարվեց Ալլա Դարբինյանը, իսկ տղամարդՙ Ազատ Գասպարյանը: Լավագույն կին դերակատար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Իրինա Մարչենկոն, տղամարդ դերակատարՙ Ֆրեդ Դավթյանն ու Վանիկ Մկրտչյանը:Լավագույն ռեժիսորՙ Հրաչյա Գասպարյանը, լավագույն ներկայացումՙ «Սպարտակ» բալետը:
Թատրոնին անբասիր ծառայության համար եւ հայ թատերական կյանքը բարեխղճորեն լուսաբանելու, նաեւ ծննդյան հոբելյանի առթիվ «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Մակարյանին հանձնվեց ՀԹԳՄ ոսկե մեդալը: Ոսկե մեդալի արժանացան նաեւ Օֆելյա Ասատրյանը, Վրույր Հովհաննիսյանը, Մայիս Ռաֆայելյանը եւ Յուրի Դավթյանը:
Ինչպես խոստացավ ԱԺ նախագահը, հաջորդ տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կանցկացվի Արտաշատ քաղաքում, իր հովանավորությամբ ու Արմավիրի մարզի աջակցությամբ:
Մ. Մ.