«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2010-03-26 | #54, 2010-03-27 | #55, 2010-03-30


«ՊԱՏՎՈ ԲԼՈՒՐԸ» ԿԽՈՐՀՐԴԱՆՇԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Մինչեւ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակի օրըՙ մայիսի 9-ը, Գյումրիում ավարտի են հասցվելու ռուսական եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի շինարարական աշխատանքները: Համարյա մեկուկես դար առաջ, 1865 թվականին, եկեղեցու բակի ռուսական սպայական-զինվորական գերեզմանատունը ցարական բանակի Կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Մուրավյովի հրամանով վերածված է եղել հուշավայրի, սակայն խորհրդային տարիներին տարածքում իրականացված կառուցապատումների հետեւանքով գերեզմանատունը ոչնչացվել է:

«Պատվո բլուրի» տարածքի բարեկարգման-վերականգնման եւ այստեղ հուշակոթող տեղադրելու նախաձեռնությունը ծնունդ է առել ՌԴ Ուլյանովսկի եւ ՀՀ Շիրակի մարզերի միջեւ անցյալ տարվա մայիսից հիմք դրված բազմնակողմ համագործակցության շրջանակներում: Ըստ Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնի տեղեկատվության` հուշահամալիրի ստեղծման նպատակով հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, իսկ Գյումրու ավագանու որոշմամբ տարածքը անհատույց հատկացվել է համալիրի շինարարության համար: Աշխատանքները սկսվել են դեկտեմբեր ամսից, տարածքի մաքրումով ու բարենպաստ եղանակների շնորհիվ չեն ընդհատվել նաեւ ձմռան ընթացքում: «Պատվո բլուրը» ունենալու է թանգարան, հուշահամալիր լինելուց բացի դառնալու է նաեւ հանգստի գոտի գյումրեցիների ու քաղաք այցելողների համար: Համալիրի բացման արարողությանը կմասնակցեն հարյուրավոր ռուսաստանցի հյուրեր:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4