Հայաստանի զինվորական դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել Նաիրի Բադալյանից: Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Ա. Խաչատուրյանի ստորագրությամբ փաստաթղթում նշված է. «Հիմք ընդունելով 27.06.2000թ. Ձեր վերաբերյալ ՀՀ քր. դատ. օր.-ի 35 հոդվածի 2-րդ մասով կայացած թիվ 62207199 քրեական գործի մասը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 66 հոդվածի 1-ին եւ 10-րդ մասերով, քրեական հետապնդման մարմինը, ի դեմս ՀՀ զինվորական դատախազի, ներողություն է խնդրում Ձեզանից»: Սա կարծես թե նախադեպը չունեցող դեպք է հայկական իրականությունում, երբ զինվորական դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրում:
Այս տարվա մարտի 22-ին ասուլիսով հանդես էր եկել Նաիրի Բադալյանը: Լրագրող Նաիրի Բադալյանը մեղադրվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման եւ աջակցման մեջ, սակայն հետագայում արդարացվել է: Լրագրողն ասուլիսի ժամանակ նշել է, որ դիմել է դատարան` պահանջելով պաշտոնական ներողություն երկրի նախագահից, դատախազից, ոստիկանության եւ զինվորական ոստիկանության պետերից: Նաիրի Բադալյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարված անօրինական խոշտանգումների համար ներողություն է պահանջում: Մեկ այլ հայցով Նաիրի Բադալյանը պահանջում է 10 միլիոն դոլարի փոխհատուցում: Նաիրի Բադալյանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ուր 2007 թվականին ստացել է քաղաքական ապաստան:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ