«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2010-03-27 | #55, 2010-03-30 | #56, 2010-03-31


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2009-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 6-րդ նիստը, որում ամփոփվեցին մեր երկրում եվրոպական բարեփոխումների 2009-ի արդյունքները: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2009-ին հանձնաժողովի աշխատանքները կարելի է դրական գնահատել. «Հայաստանում իրականացվում են բարեփոխումներ 190 ուղղություններով: Իսկ մեր հանձնաժողովն անցյալ տարի կատարել է արդեն բոլոր նախագծերի 33 տոկոսը: 2010-11-ին մենք կիրականացնենք մնացած բոլոր նախագծերը», նշեց Բաղդասարյանը` հավելելով, որ Եվրոմիությունը նույնպես դրական է գնահատում Հայաստանի կատարած աշխատանքները: Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանում եվրոպական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի շրջանակներում ընդգրկված են 23 հանրապետական գործադիր մարմիններ, Ազգային ժողովը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ այլն: «Հայաստանն այսօր սկսում է Եվրոմիության հետ ասոցիացման գործընթաց, որը նախատեսվում է ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրով», ասաց Բաղդասարյանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն իր հերթին ներկայացրեց Հայաստանի` ԵՄ-ին ասոցիատիվ անդամ դառնալու գործընթացը: Ղազինյանը տեղեկացրեց, որ դա բավական ժամանակատար գործընթաց է, օրինակՙ Ուկրաինան «Արեւելյան գործընկերության» երկրներից առաջինն է, որը 2007-ին սկսեց գործընթացը, սակայն միայն 2010-ի վերջին այդ երկիրը կդառնա ԵՄ-ի ասոցիատիվ անդամ: «Մենք ակնկալում ենք մինչեւ այս տարվա ապրիլի վերջ ստանալ ԵՄ-ից համապատասխան մանդատը եւ սկսել անդամակցության գործընթացը», տեղեկացրեց Ղազինյանը` ընդգծելով, որ ձգձգումն այս հարցում կապված է միայն ԵՄ-ի հետ. «Այնտեղ ներքին քննարկումներ են ընթանում, թե որ մարմինը պետք է բանակցություններ տանի Հայաստանի հետ», նշեց Ղազինյանը:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենց հանձնաժողովի աշխատանքային խմբերը պատրաստել են փաստաթղթեր` Հայաստանում տեղեկատվական ծրագիր եվրոպական ինտեգրման վերաբերյալ, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգ, ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգ, ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգ եւ ՀՀ-ում տեխնիկական անվտանգության ապահովման հայեցակարգ: Այս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հանձնաժողովը որեւէ առարկություն չհայտնեց, դրանց մի մասը` հաստատման համար կներկայացվի նախագահին, մի մասը` կառավարությանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4