Աբրահամ-Դիրել մենամարտի 11-րդ ռաունդում տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել լրատվամիջոցներում: Մեծամասնությունը սխալ է համարում Աբրահամին որակազրկելը, ինչպես նաեւ գտնում է, որ Դիրելը սիմուլյացիայի էր դիմել:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն Armsport.am-ին հետեւյալն է ասել. «Դա միանշանակ սիմուլյացիա էր: Այնտեղ նոկաուտի նշույլ անգամ չկար: Տեսեք, թե ինչպես է ընկնում Դիրելը. նա անմիջապես բռնեց գլուխը: Իսկ նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկն անմիջապես կորցնում է գիտակցությունը: Եթե մրցավարը չի դադարեցրել մենամարտը, ապա մրցակիցն իրավունք ունի շարունակել կռվել: Արթուրը նույն կերպ Դիրելին նոկդաունի ենթարկեց 10-րդ եւ 11-րդ ռաունդներում, սակայն մրցավարը չհաշվեց դրանք: Իսկ 4-րդ ռաունդում մրցավարը չպետք է հաշվեր Արթուրի նոկդաունը, քանի որ մեր բռնցքամարտիկը հավասարակշռությունը կորցրել էր մինչեւ հարված ընդունելը: Կարծում եմ, որ եթե այդ դրվագը տեղի չունենար, ապա Արթուրը կարող էր նոկաուտի ենթարկել մրցակցին:
Ինչ վերաբերում է Արթուրի պասիվությանը մենամարտի ընթացքում, ապա դա ուղղակի նրա մարտաոճն է: Նա միշտ պաշտպանական տակտիկա է ընտրում: Գուցե նա պետք է մի փոքր ավելի շուտ սկսեր ակտիվ գործել: Ամեն դեպքում կարծում եմ, որ Արթուրն անարդարացիորեն է որակազրկվել»:
Այլ կարծիքի է Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը , որը նա հայտնել է Armsport.am-ին. «Կարծում եմ, որ Արթուրը հնարավորություններ ուներ անգամ մենամարտի վերջին ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին: Արդեն 10-րդ ռաունդից հետո նկատվում էր, որ ամերիկացին հոգնել է ու փորձում է փախչել Աբրահամի հարվածներից: Ցավալի է, որ հայ մարզիկը որակազրկվեց: Ես, իհարկե, չեմ կարող հստակ ասել, թե արդյոք Աբրահամի հարվածից առաջ եղե՞լ է մրցավարի «stop» հրահանգը, թե՞ ոչ: Բայց անգամ նման դեպքերում հաշվի է առնվում գրոհի պարբերականությունը: Եթե բռնցքամարտիկը գրոհում է ու այդ ընթացքում հարվածներ է տեղում, որոնցից մեկն էլ կատարվում է մրցավարի ազդանշանից հետո, ապա դա չի կարող հաշվվել որպես կանոնների խախտում: Իսկ 11-րդ ռաունդում ստեղծված իրավիճակում չկար նման գրոհ: Աբրահամը հարվածեց ընկած մարզիկին, ինչը ոչ ասպետական քայլ է բռնցքամարտում: Պրոֆեսիոնալներն ունեն իրենց ազնվության կոդեքսը. չխփել ընկած, շրջված մարզիկին: Այս դեպքում Աբրահամը չպահպանեց այդ կոդեքսը: Իսկ թե Դիրելը սիմուլյացիայի՞ է դիմել, թե՞ ոչ, դա արդեն երկրորդական խնդիր է»:
Մենամարտին ներկա մրցաշարի մասնակիցներից մեկըՙ Ալան Գրինը գտնում է, որ Անդրե Դիրելը կարող էր շարունակել մրցամարտը, այլ ոչ թե ձեւացնել, որ նոկաուտի է ենթարկվել: «Կարծում եմ, նա կարող էր շարունակել մենամարտը կամ էլ 5 րոպեանոց ընդմիջում վերցնել: Այդ պահին մենամարտի ընթացքը նրա օգտին էր: Հետաքրքրական կլիներ հետեւել, թե ինչպես կանցնեին մրցամարտի վերջին 4 րոպեները: Հարվածից հետո նա հանգիստ պառկած էր, հետո սկսեց թփրտալ: Այնուհետեւ նա վեր կացավ եւ ասաց, որ նոկաուտի էր ենթարկվել ու չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել: Եթե չես հիշում, թե ինչ է կատարվել, ապա ինչպե՞ս իմացար, որ նոկաուտի ես ենթարկվել: Եթե դու ուժգին հարվածից հետո թփրտում ես, ապա մի քանի օր պետք է հիվանդանոցում անցկացնես, այլ ոչ թե վեր կենաս ու ռինգում զբոսնես: Դիրելը շահում էր մենամարտը եւ ես նրան երկրպագում էի, սակայն ցանկալի էր տեսնել, թե ինչ տեղի կունենար վերջին ռաունդում: Մրցավարը նաեւ պարտավոր էր նոկդաուն գրանցել 10-րդ ռաունդում, երբ Դիրելն ընկավ Արթուրի հարվածից»:
Ալան Գրինի պրոմոութեր Լու Դիբելան հետեւյալ կարծիքն է արտահայտել. «Եթե Դիրելը ձեւացնում էր, թե նոկաուտի է ենթարկվել, ապա դա իմ կյանքում տեսած դերասանական լավագույն խաղերից մեկն էր: Նա իրեն պահում էր այնպես, կարծես չէր հասկանում, թե որտեղ է գտնվում: Աբրահամը բացահայտորեն հարվածեց նրան: Աշխարհի ցանկացած երկրում դա որակազրկման հիմք է տալիս: Եթե Աբրահամը չխախտեր կանոնները, հնարավորություն կունենար շահել մենամարտը»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ