«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2010-03-30 | #56, 2010-03-31 | #57, 2010-04-01


«ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Ստորագրահավաքին միացել են Դինքի ընտանիքի անդամները

Թուրքիայում բնակվող հայ ներգաղթյալներին իրենց աջակցությունն են արտահայտել պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ստորագրահավաք են սկսել եւ հայտարարություն տարածելՙ «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառությամբ: Հայտարարության մեջ համայնքի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են արտահայտել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Շիրինօղլուն Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պետք է որակել ոչ թե ցեղասպանություն, այլ` «վեճ երկու անկեղծ ընկերների միջեւ»: «Շիրինօղլուն հայ համայնքի առաջնորդը չէ: Նրա լիազորությունների մեջ չի մտնում ներկայացնել հանրությանը եւ քաղաքական թեմաներով մեր անունից հայտարարություններ անել: Շիրինօղլուի հայտարարությունները ոչ թե հայ հանրության, այլ նրա սեփական տեսակետներն են: Իրականությանը չի համապատասխանում նրա հայտարարությունը, թե Թուրքիայում հայերը ոչ մի բողոք չունեն: Սակայն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում: Գուցե նա իրեն անվտանգ է զգում, սակայն ասել, թե Թուրքիայում հայերն իրենց անվտանգ են զգում, սուտ է: Հայերն այս երկրում ենթարկվում են ցեղապաշտական հարձակումների եւ ազգային խտրականության, եւ թուրք հանրության գերակշռող հատվածում առկա են հակահայկական տրամադրություններ: Մենք սպասում էինք, որ Շիրինօղլուն վարչապետին կհիշեցնի 3 տարի առաջ տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանության եւ այն մասին, որ այդ զազրելի հանցագործության հետեւում կանգնած ուժերին բացահայտելու համար իրական քայլեր չեն իրականացվել», ասված է հայտարարությունում:

Նրանք Էրդողանի` 100.000 հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարությունից հետո, Շիրինօղլուի «վարչապետին ապատեղեկացնելու համար ներողություն ենք խնդրում» խոսքերն առաջարկում են համարել միջազգային հանրության վրա ազդելու փորձեր: «Անկախ ազգությունից` այս երկրում գոյապայքար մղող ներգաղթյալներին երկրից վտարելու սպառնալիքները բարոյականության շրջանակում չեն տեղավորվում: Այս երկրում պատանդ չենք, եւ որպես քաղաքացու հավասար իրավունքներով ապրել ցանկացող հայեր` քննադատում ենք վարչապետին իր խոսքերի համար եւ չենք միանում Շիրինօղլուի հայտարարություններին», ասել են նրանք: Ստորագրահավաքը կազմակերպվել է www.bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Ստորագրահավաքին իրենց զորակցություն են հայտնել պոլսահայ համայքի 286 ներկայացուցիչներ, այդ թվումՙ «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները, որոնք համարվում են պոլսահայ պահպանողական շրջանակների մոլի հակառակորդներ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4