«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբՙ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Գյումրիում խոսել է Մոսկվայում օրերս կատարված ահաբեկչության եւ դրա հետեւանքով Մոսկվայից կովկասցիների հնարավոր արտաքսման մասին մամուլում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ: Կովալենկոն խորհորդ է տվել չհավատալ մամուլին. «Այն հրեշները, որոնք մետրոյում իրականացրին այդ ահաբեկչությունը, եւ այն մարդիկ, որոնք կովկասցի են` հյուսիսային թե հարավային, ոչ մի կապ չունեն միմյանց հետ: Ամեն մի ընտանիք ունի իր այլանդակը, որոնք երկրի վրա չպետք է տեղ ունենան: Դրանք մարդ չեն», նշել է ՌԴ դեսպանը:
Կովալենկոն բարեկեցություն է մաղթել Ռուսաստանում ապրող եւ աշխատող կովկասցի միգրանտներին. «Աստված տա, որ նրանք շարունակեն ապրել, աշխատել եւ բարգավաճել: Սա անխախտելի այն կապն է, որը միշտ եղել է ռուս եւ կովկասցի ժողովուրդների մեջ, եւ ոչ մի հրեշի կամ ահաբեկչի չի հաջողվի կտրել այդ կապը», եզրափակել է Ռուսաստանի դեսպանը: