«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2010-03-30 | #56, 2010-03-31 | #57, 2010-04-01


ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ 3500 ԴՐԱՄՈՎ, ԹՈՇԱԿՆԵՐԸ` 2650 ԴՐԱՄՈՎ

Կառավարության այս որոշման մանրամասներին անդրադարձան ֆինանսների ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները:

Գազի գնի բարձրացման եւ գնաճային այլ ճնշումներով պայմանավորված, կառավարության կողմից կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների բարձրացման որոշման մանրամասները ներկայացնելու նպատակով երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ կառավարության մարտի 25-ի նիստում ընդունված վերոնշյալ որոշումները նպատակ ունեն սոցիալական առավել խոցելի խավերի համար գազի գնի բարձրացմամբ եւ գնաճով պայմանավորված հետեւանքները մեղմելու: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն իր առաջարկներն էր ներկայացրել կառավարությանը, որոնք էլ դարձան կառավարության որոշման հիմք: Մասնավորապես, այս տարվա մայիսի 1-ից նախատեսվում է միջինը 3500 դրամով կամ 15 տոկոսով բարձրացնել սոցիալական նպաստները: Ըստ Տիգրան Դավթյանի, դա առնչվելու է սոցիալական նպաստ ստացող 110 հազար ընտանիքների, այսինքն` մի քանի հարյուր հազար մարդու:

Ըստ ֆինանսների նախարարի, աշխատանքային խմբի հաշվարկներով, ամսական գազի գնի միջին ծախսն ավելանում է 2500 դրամով, բայց նպաստները 3500 դրամով բարձրացնելով կառավարությունը նաեւ գնաճի այլ հետեւանքները որոշակիորեն մեղմացնելու նպատակ է հետապնդում:

Նոյեմբերի 1-ից թոշակները մոտ 11 տոկոսով կամ 2650 դրամով բարձրացնելու որոշումը վերաբերում է մոտ 530 հազար կենսաթոշակառուներին: Հետեւաբար, գնաճի հետեւանքները մեղմելուն կոչված այս միջոցառումները կընդգրկեն շուրջ 1 մլն մարդկանց: Դա բյուջեի համար կարժենա լրացուցիչ 6-6,5 մլրդ դրամի ծախս: Այդ գումարները կառավարությունն ակնկալում է ստանալ հարկային եկամուտների հավաքման ցուցանիշների բարձրացման եւ վարչարարության խստացման միջոցով; Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին երկու ամիսներին ծրագրվածից ավելի հարկեր են հավաքվել, եւ եռամսյակային արդյունքներով նույնպես սպասվում է, որ մուտքերն ավելի բարձր կլինեն նախատեսվածից:

Ինչո՞ւ են նպաստները բարձրանալու մայիսի 1-ից, իսկ թոշակները` նոյեմբերի 1-ից: Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ մայիսին նպաստների բարձրացումը պայմանավորված է նրանով, որ այդ ամսին են կատարվելու ապրիլին բարձրացած գազի գնի դիմաց վճարումները, իսկ թոշակների նոյեմբերի 1-ից բարձրացումը` որ այդ ամսից ավելանում են գազի սպառման ծավալները, եւ բացի այդ, պետության ռեսուրսներն այդ հնարավորությունն ունեն:

Խոսելով գնաճի զսպման միջոցառումների մասին, ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձելու են զսպել գնաճը իրենց գործիքակազմով` պետբյուջեի դեֆիցիտը նվազեցնելով, մրցակցային դաշտը բարելավելով, ԿԲ-ն` վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով:

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ավանդների արտահերթ փոխհատուցման մասին խոսեց աշխատանքի եւ սոցիալական հարցեի նախարար Մխիթար Մնացականյանը, ավելացնելով նաեւ, որ պետությունը մոտ 3700 վետերանների համար նաեւ 120-հազարական դրամ է հատկացրել առողջական-կուրորտային կարիքները հոգալու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախաճգնաժամային վիճակին կվերադառնանք 2011-ի վերջին

Խոսելով Հայաստանի տնտեսության հետճգնաժամային վիճակի մասին, երեկ նման կանխատեսմամբ հանդես եկավ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա այն կարծիքը հայտնեց նաեւ, որ Հայաստանի տնտեսությունն այժմ մտել է կայունացման եւ վերականգնման փուլ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4