«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2010-03-30 | #56, 2010-03-31 | #57, 2010-04-01


ՃԱՀՃՈՒՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք տարբեր առիթներով գրել ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական հատվածները ոչ թե գլոբալ եւ հեռանկարային նախագծեր են կազմում մեծ մասամբ, որոնցում դրված է պետության եւ հասարակության գեներատորներն ու ապագայի ճարտարապետները լինելու կանխավարկածը, այլ հանգրվանային խնդիր լուծողներ են, որոնցից, եթե ազգի ապագան ուրվագծելու խնդիր առաջանա, մեծ հաշվով օգուտ չկա: Իսկ ի՞նչ բան է հանգրվանային խնդիրը ձեր կարծիքով. ճիշտ եք, ոչ թե հասարակության եւ ժողովրդի մեծամասնություն կազմող հատվածների կյանքի բարելավման, ոչ թե աշխատող իդեաների ներմուծման, կամ տնտեսական առաջադիմություն ապահովող այնպիսի առաջարկներ, որոնք կօգնեն պետությանը ոտքի տակ չգնալ, այլ միայն ու միայն մրցավազք` սեւացնելու մեր առօրյան, պետությանը եւ նրա առաջին դեմքերին, կառուցողական ամեն միավորի այնքանով ու այն աստիճան, որին եթե մարդիկ հավատան` մի ելք կմնա որպես լուծում` իշխանափոխություն: Գրելըՙ գրել ենք, բայց մեր քաղաքական դաշտը բարեփոխելու գործնական ուղի ոչ ոք դեռ չի կարողանում գտնել, եւ դա` ինքնամաքրում, առաջին հերթին քաղաքական դաշտն ինքը պետք է իրականացնի: Այնպես որ դատապարտված ենք լողալու մեր քաղաքական ճահճուտում, լսելու ճահճուտի տարբեր անկյուններից լսվող տարբեր բարձրության ու տոնայնության կռկռոցներ, որոնք մենք, այնուամենայնիվ, անվանում ենք քաղաքականություն:

Հիմա այս մեր ճահճուտային քաղաքականներին նախագահական ընտրություններից մեկ տարի անց կատարյալ տարտամությունն էր կուլ տալու, եթե ու հանկարծ հայ-թուրքական նախաձեռնությունը չլիներ, եւ կամ քաղաքական դաշտից անկախ պատճառներով` ԼՂՀ ստատուս քվոյի պահպանման ժամանակային ռեսուրսն ավարտին չմոտենար. իսկ հիմա խոսեք, որքան կարող եք, ազգի փրկչի լուսապսակը մինիմում բոլորն են քաշում վրաները, իշխանության գալուց հետո երկիրը կոռուպցիայից ազատելը, Ղարաբաղի հարցը հայանպաստ լուծելը, թուրքերի հերն անիծելն էլ` մաքսիմում ծրագիր է տորֆային ճահիճների մեր բնակիչների համար: Այսպես էլ ապրում ենք:

Իսկ այն թեթեւությունը, որով մեր կուսլիդերները խոսում են հնարավոր պատերազմի մասին, կարծես արեւածաղկի սերմ են չրթում ընդամենը, առանց նկատելու, որ բնակչությունն, այնուամենայնիվ, իրենց ասուխոսից եզրահանգումներ է անում, վախենում պատերազմի առումով` պարզապես սարսափեցնող է: Կամ էլ թե` «կլոր սեղան», պատերազմի ու այլ թեմաներով, սրա նման էլ եսիմ ինչ` փրկության կոմիտե. անհամ գաղափարներ, որ ոչ էլ գաղափար են, այլ լավ մոռացված հնից «պլագիատ», որ ցույց են տալիս, թե բոլոր վիճակներում մերոնք ոչ թե կուզեին ազգին օգտակար մի գործ անել- խնդիր թեթեւացնել, այլ անվերջ-անդադար, փրփուրը բերանին խոսելու տեղ ունենալ: Խորհրդարանը, զանազան մամուլի ակումբները, մեկին-մեկ կրկնող լրատվական կայքերը, որոնք ըստ ճաշակի ու նախասիրությունների ամեն օր լցված են մեր քաղաքականների մտածող գլուխներով, նրանց համար քիչ են, նրանց համար քիչ է թերթերի առաջին-երկրորդ-երրորդ էջերում ամեն օր իրենց սփաթները տեսնելը, դեռ պետք է մի ձեւաչափ էլ, որտեղ ամեն օր կհավաքվե՜ն-կխոսե՜ն, կերկարացնե՜ն, լրագրողներն էլ գումարած, մի քանի ժամ կխոսեն-կխոսեն-կխոսեն... Ի սեր աստծո:

Բայց մի բանում համաձայն ենք այս գաղափարն առաջարկող Ստյոպա Սաֆարյանի հետ` անգամ միասին խոսելիս մերոնցից ամեն մեկը մենախոսելու է, մենախոսության ժանրը մեզ մոտ կատարելության է հասցված: Բայց ի՞նչ պիտի անեին մեր քաղաքականները նախագահական ընտրություններից մեկ տարի հետո առաջացած բացարձակ քաղաքական տարտամության մեջ, եթե հայ-թուրքական թեման չլիներ կամ ԼՂՀ խնդրում ստատուս քվոյի ժամանակային ռեսուրսն ավարտին չմոտենար` այս երկու թեմաները փրկեցին մեր քաղաքական դաշտի` աստիճանաբար լղոզվող դեմքը, եւ նրանք երկու նոր առիթ ունեցան մնալու ճահճի երեսին եւ չներծծվելու ճահճում մինչեւ վերջ:

Դե իսկ հիմա` լավ է, Էրդողանը կայցելի Վաշինգտոն-չի այցելի` կոնֆերանսի, նախագահ Սարգսյանը նույնպես կգնա, թե՞ չի գնա, այնտեղ Բարաքի հետ կհանդիպեն-չեն հանդիպի` Օբաման, ախր, Սարգսյանին ուղղված հրավերում ասել է, թե շարունակելու է նրա ու Էրդողանի հետ տարածաշրջանային խնդիրների քննարկումը: Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին էս մեր շատախոս քաղաքականները պե՞տք է դիմակայեն: «Կլոր սեղանը» երկխոսելու առաջարկ է, բայց ո՞ւմ, եւ ինչո՞ւ. նախ երկխոսության հեղինակն ինքն անվերջ մենախոսում է խորհրդարանում, հետո արդեն իսկ այդ առաջարկի հակադարձումները պարզում են մեր քաղաքական դաշտի` բազմիցս քողարկումների ենթարկված հերթական դիմակները. մեկն ասում է` միացեք մեզ ու խորհրդարանը ցրելու պահանջ դրեք (սա էլ` իրենց մեկընդմիշտ «կլոր սեղանն է»). մյուսը հույսը կապել է առաջիկա մեկ երկու ամսի բուռն զարգացումների հետ` ղարաբաղյան կարգավորման գործընթացում, սպասում են տապալումների` Ղարաբաղի հերն էլ անիծած, սպասում են` սխալվեն-եզին շուռ տան, ուրիշի դիմակը պատռելու մասին են խոսում մեր այս դիմակավորները:

Է՜հ, այսպիսի քաղաքական դաշտով մարտահրավերներին դիմագրավելու ու երկխոսելու մասին մտածելն իսկ մեղք է:

ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4