«Քո օրերը չէՙ քո ժամե՛րն են հաշված»... ահաբեկում են «Ազգի» լրագրողին
Մի քանի օր շարունակ «Ազգը» ահազանգ էր ստանում ուսանողներից Աբովյան ու Տերյան փողոցների միջեւ գտնվող նախկին Ղուկասյանի անվան այգում կատարվող տարօրինակ շինարարական աշխատանքների մասին: Տարածքում գտնվող 4 բուհերիՙ հատկապես Գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար փաստորեն որպես campus ծառայող, հազվագյուտ ծառատեսակներով գեղեցիկ այգին ոչնչացվում է ի սպառ:
«Ազգի» թղթակիցը, բնականաբար, եղավ տեղումՙ ստուգելու ահազանգերի իսկությունը: Պարզվեց սարսափելի մի տեսարան. տարիներ առաջ Գյուղինստիտուտի ջանքերով բացառիկ ծառատեսակներով ու թփերով օժտված, զանազան արձաններով ու մանավանդ աստղադիտարանով հարուստ եւ եզակի այգին պարսպապատվել էր երկուՙ Աբովյան ու Տերյան փողոցների կողմից: Ընդամենը 1 ամիս առաջ այստեղ կանգնեցվել էր աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի արձանը, որն այժմ մարդկանց հայացքից մեկուսացվել է Աբովյան փողոցի կողմից քաշված ամրափակ պարսպով, իսկ Տերյան փողոցի կողմում գտնվող «Յոլկի-Պալկի» կոչվող փայտաշեն սրճարանը ընդհանրապես չի երեւումՙ սահմանները կրկնապատկած կանաչ գույնի պարսպի հետեւում:
Եվ ահա, հազիվ մեկ ամիս անց, արձանի առջեւի ողջ հատվածը մինչեւ Աբովյան փողոցի մայթ տարածվող պարսպի հետեւում բացվել է շուրջ 700 քմ տարածքով շինհրապարակ, որի տակ փորված 8-10 մետր փոսը մեծամասամբ արդեն իսկ ծածկվել է, եւ ամբարձիչներն աշխատում են օրինբունՙ երկաթյա կարկասները տեղադրելու: Սույն հատվածի պարսպի վրա գունավոր պատկերված է ապագա «գողտրիկ» ու «փոքրիկ» սրճարանի մակետը, որի կողքին մեր թղթակիցն արձանագրել է հետեւյալ գրությունըՙ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետահատակագծային առաջադրանք N 01/50-22466-538, հաստատված 23.12.2009 թվին, իսկ շինարարության թույլտվությունը տրված է 19.02.2010 թվին, N 01/50-1174-71 համարի տակ, տրված «Էլեգանտ-5» ՍՊԸ-ինՙ սրճարանի վերակառուցում կատարելու համար: Ուշադրությունՙ վերակառուցում: Ճիշտ է, այնտեղ 90-ական թթ. կեսերից ի վեր գործում էր բացօթյա սրճարանատիպ մի բան, անիմաստ ինչ-որ սյուներով: Բայց կատարվող աշխատանքը բուռն ցանկության դեպքում անգամ անկարելի է կոչել վերակառուցում: Դա ֆունդամենտալ կառույց պետք է լինի, եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի անց:
Առավել սոսկալի պատկեր է պարզվել այգու հակառակ մասում: Այստեղ էլ, ավելի քան 1200 քմ մետր տարածքի վրա տարածվող պարսպի վրա պատկերված է առավել փոքրիկ, ընդամենը 1 հարկանի ապակեպատ մի սրճարան, որի «վերակառուցումն» իրականացնում է այս անգամ «Ֆիլիշին» ՍՊԸ-նՙ N 01/50-2-2144 առաջադրանքով (տրված 15.01.2010 թ.) եւ N 01/50-1957-65 թույլտվությամբ (16.02.2010 թ.): Մինչդեռ «Ազգի» աշխատակիցը, սպրդելով պարսպի կիսաբաց դռնից ներս, նկատել է մոտ 12 մետր խորությամբ փորված փոսՙ հիմքերը գցելու համար, կտրված եւ անդամահատված ծառերի մի հսկայական կույտ, իսկ ձախ կողմում աշխատող ամբարձիչի պարանից կախվածՙ «Անհայտ տղայի» արձանը (տեսՙ նկարը): Սարսափած տեսարանիցՙ մեր աշխատակիցը փորձել է շինարարությունում ինչ-որ պատասխանատուի գտնելՙ հարցուփորձ անելու նպատակով: Ինչ-որ անկյունից դուրս է պրծել ռուսախոս մի մարդ (տեսնել նկարը), որ տեսնելով թղթակցի ձեռքին լուսանկարչական գործիքՙ հարձակվել է վերջինիս վրա եւ հենց պարսպի դռան մոտ երկու անգամ հարվածել ուսին ու գլխին, փորձել ձեռքից խլել գործիքն ու պայուսակը: Բարեբախտաբար, մոտիկ մայթի վրա կանգնած ուսանողները հասել են մեր թղթակցին օգնության եւ նրան ազատել գազազած «շինարարի» ճիրաններից: Վերջինս կատաղության մեջ չի մոռացել սպառնալՙ «Քո օրերը չէՙ ժամե՛րն անգամ հաշվված են»...
Ի պատասխան այս եւ հետագայում հնչելիք սպառնալիքներին ասենք, որ «Ազգը» հետամուտ է լինելու այս գործի բացահայտմանըՙ Երեւանի քաղաքապետարանը ի՞նչ հիմքով է տվել վերոհիշյալ թույլտվությունները, ո՞վ եւ ինչպե՞ս է իրականացնում շինարարական վերահսկողությունը, կառուցապատողներն ունե՞ն անհրաժեշտ այլ թույլտվություններ շրջակա միջավայրն ու գեղեցիկ այգին այլանդակելու, արձանների հետ ըստ կամս, ավելի ճիշտՙ վանդալի նման վարվելու, եւ վերջապեսՙ Օղակաձեւ զբոսայգին բզիկ-բզիկ անելուց հետո Երեւանի կենտրոնում մնացած վերջին այգիներից մեկն էլ հոշոտելու: Եվ վերջապեսՙ ցանկանում ենք իմանալ, որ ՀՀ դատախազությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու այս դեպքի առթիվ:
Սպասում ենք համապատասխան մարմինների շուտափույթ արձագանքին:
«ԱԶԳ»