Ապրիլի 2-ին ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, CONVERGENCE հատուկ ծրագրի շրջանակներում հանդես կգան 4 հայ եւ օտարազգի երիտասարդ կոմպոզիտորներՙ պատվիրված ստեղծագործություններով: Շվեյցարական Aquatour եւ Pre-art խմբերի կատարմամբ: Ինչպես նշեց Pre-art խմբի եւ ծրագրի գեղղեկ Մաթիաս Արթերը , շվեյցարական կազմակերպությունը համագործակցում է երիտասարդ կոմպոզիտորների հետ, նրանց հնարավորություն տալով հասնել միջազգային ճանաչման: Մրցույթում հաղթողները հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում, հրավիրվում են մի քանի ամիս Շվեյցարիա ու այդ ընթացքում ստեղծագործում:
Ինչպես տեղեկացրեց փառատոնի նախագահ եւ գեղղեկ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը , «անկախ նրանից, որ ծրագրում ընդգրկված են հարեւան երկրներից երիտասարդ կոմպոզիտորներ, սակայն մեր նպատակն է մեր հայ երիտասարդներին, որոնք ուսանել են հայրենիքում, բայց ապրում են դրսում, ներկայացնել հայ հանրությանը, աջակցել նրանց հետագա ծրագրերում»: Այսօրվա համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներին պատվիրված եւ մրցույթում հաղթած ստեղծագործություններ, օտարազգիների հետ համատեղ: Իսկ հայ երիտասարդ կոմպոզիտորներըՙ Արման Ղուշչյան, Արամ Հովհաննիսյան, Արթուր Աքշելյան եւ Արթուր Ավանեսով, հասցրել են օտար ափերում ճանաչողության հասնել: Համերգին կհնչի նաեւ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի «Տաղ հրեշտակային» ստեղծագործությունըՙ պատվիրված նույն խմբի կողմից 2001 թվականին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ