«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԿԳՆԱՍ, ԷՐԴՈՂԱՆ, ԷՆ ԷԼ ՈՆՑ ԿԳՆԱՍ

Թուրքիայի դեսպանը ԱՄՆ կվերադառնա ապրիլի 5-ին

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Պոչ խաղացնելը» հետաքրքրական կատեգորիա է, այն էլ, պարզվում է, քաղաքական: Իսկ եթե ավելի կոնկրետ լինենք, ապա թուրքական դիվանագիտության համար այս մոտեցումը հատկանշական է, քանի որ գրեթե բոլոր հարցերում թուրքական կողմը տարբեր լրատվամիջոցներում նախապես լուրեր է տարածում, իբր հավաստի աղբյուրներից, բայց հետո չի հաստատում դրանք, իսկ վերջում արդեն բավական ուշացումով հայտարարում է, թե այս կամ այն հարցում Թուրքիան այսպես կամ այնպես կանի:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 12-13-ին Վաշինգտոն մեկնելու եւ միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողովին մասնակցելու հրավեր էր ուղարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի նախագահին:

Մի ինչ-որ պահի թուրքական մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ «հավաստի աղբյուրներին հղում անելով», թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկնելու է Վաշինգտոն, ընդ որում, իր հետ տանելու է նաեւ թուրք դեսպանին, որը մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւի ընդունումից հետո վերադարձել էր Անկարա:

Ու մինչ հայկական կողմից որեւէ տեղեկություն չէր հաղորդվում ու հավաստի-ոչ հավաստի աղբյուրները ոչինչ չէին ասում Հայաստանի նախագահի մեկնելու մասին, թուրքական կողմը հասցրեց կիսատ ձեւով, բայց հերքել լրատվամիջոցների աղբյուրների տեղեկատվությունը:

Ավելի որոշակիՙ Հայաստանի նախագահի նստավայրից այս շաբաթասկզբին հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը հաստատապես մեկնելու է Միացյալ Նահանգներ ու նախագահ Օբամայի հրավերի համաձայն մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Այս հայտարարությունից քանի օր անց թուրքական կողմը դեռեւս պահպանում էր լռությունը, չնայած, ինչպես երեկ տեղեկացրել էր «Ազգը», հայտնի դարձավ, որ հեռախոսային «բանակցությունների» մեջ են Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ամեն դեպքում, երեկ, պաշտոնապես հայտարարվեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը եւս մեկնելու է Վաշինգտոնՙ մասնակցելու գագաթաժողովի աշխատանքներին: «Ես անպայման կգնամ Վաշինգտոն, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք ես կցանկանայի քննարկել իմ ամերիկացի գործընկերների հետ», թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ արդեն երկուշաբթի` ապրիլի 5-ին Վաշինգտոն կվերադառնա Միացյալ Նահանգներում Թուրքիայի` խորհրդակցությունների համար հետ կանչված դեսպան Նամիք Թանը:

Էրդողանի հայտարարությանը զուգահեռ, բնականաբար, ոչ պատահաբար, բրիտանական «Թայմս» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, թե պաշտոնական Վաշինգտոնը քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, այդ թվում` Թուրքիայից, միջուկային զենքի դուրսբերման հարցերը:

Զենքի դուրսբերման հարցը Միացյալ Նահանգները չի կարող միայնակ լուծել, սակայն թերթը տեղեկացնում է, թե, որոշ լուրերի համաձայն, միջուկային զենքի շուտափույթ դուրսբերման պահանջ են ներկայացնում Գերմանիան եւ Հոլանդիան, որտեղ, ի շարս Թուրքիայի, Բելգիայի եւ Իտալիայի, առկա է ամերիկյան միջուկային զենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4