«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը հունվարին տեղի ունեցած նստաշրջանում որպես նախագահի ընտրեց Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուին: Հասկանալի պատճառներով Չավուշօղլուի այս պաշտոնում հայտնվելու առնչությամբ տարբեր մեկնաբանություններ հնչեցին, հատկապես որ ԵԽԽՎ նորընտիր նախագահը ղարաբաղյան հարցի կամ հայ-թուրքական հարաբերությունների կտրվածքով հայտարարություններով հաստատապես հայտնվելու է այս կամ այն կողմում:

Ինչեւէ, ինչ-որ կողմում լինելու վկայությունը թերեւս այն է, որ ապրիլի 14-16-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ապրիլի 14-16-ը հեղինակավոր այդ կառույցի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան: ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ կունենա Ադրբեջանի տարբեր պաշտոնատար անձանց հետ` քննարկելու Ադրբեջանի հետ ԵԽԽՎ համագործակցության հեռանկարները:

Հետաքրքրական է, թե համագործակցության հատկապես ի՞նչ թեմաների է անդրադառնալու ԵԽԽՎ նախագահը Ադրբեջան այցելության ընթացքում, հատկապես որ առջեւում խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստն է, որ տեղի կունենա ապրիլի վերջին շաբաթում: Արդյոք Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտավորություններին կանդրադառնա՞ ԵԽԽՎ նախագահը` նկատի ունենալով Ադրբեջանում առկա խնդիրների բազմաթիվ հայտարարությունները տարբեր միջազգային կառույցների կողմից:

Չավուշօղլուի այցելությունն օրակարգի առումով հետաքրքրություն է ձեռք բերում նաեւ օրերս «Վաշինգտոն փոստ»-ում հայտնված հրապարակման առումով, որ մեջբերում է ադրբեջանական ընդդիմադիր Ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլիի խոսքերը: Վերջինս հրապարակման մեջ մասնավորապես նշել է, թե ադրբեջանցիները բնավ էլ չեն զարմանում, որ երկիրը ղեկավարող Ալիեւների կլանը 75 մլն դոլարի ունեցվածք ունի Դուբայում:

Ընդդիմադիր գործիչը նշել է մի շարք հանգամանքներ, որոնք հաստատապես պետք է հետաքրքրեն ԵԽԽՎ նախագահին: Քերիմլին ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ընդդիմադիր ուժերին ու անկախ լրատվամիջոցներին ճնշում է ձերբակալություններով եւ բռնությունների ենթարկելով: «Ժողովրդավարությունը ոստիկանական ձողափայտերով է ճնշվում», ասում է ընդդիմադիր գործիչը: Քերիմլին ամերիկյան պարբերականում հայտարարում է Ադրբեջանում ընտրական կեղծիքների, մեքենայությունների, ընդդիմության ցույցերի ճնշման մասին:

Ադրբեջանցի գործչի հրապարակումն առավելապես վերաբերում է նոյեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններին, որոնց ադրբեջանական ընդդիմությունը որոշել է մասնակցել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4