«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ՆԻԶԱՄԻ ԳՅԱՆՋԵՎԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Վերջին տարիներին եռանդուն ջանքեր են գործադրվում իրանցի պատմական եւ մշակութային երեւելի գործիչներին ներկայացնելու որպես ոչ իրանցիների կամ ավելի ճիշտՙ որպես ադրբեջանցիների: Նպատա՞կը: Ամրապնդել ազգային գաղափարախոսության հիմքերը այս վերջինների «շինծու» հայրենիքում: Այս կարծիքին է համացանցից քաղված դոկտ. Ալի Դուստ Զադեի վերոնշյալ խորագրով հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Ադրբեջանի Հանրապետության կազմության պատմությանը:


Քաղաքականացման զոհ դարձած անձնավորություններից մեկը իրանցի հայտնի բանաստեղծ Նիզամի Գյանջեւին է: Քաղաքականացման նախաձեռնությունը պատկանում է խորհրդային վատահամբավ առաջնորդ Իոսիֆ Ստալինի (1878-1953) ժամանակաշրջանին, երբ անհրաժեշտ էր կառուցել ազգային գաղափարախոսության համընդհանուր մի գործընթաց: Խորհրդային էթնո-ճարտարապետները սկսեցին Ալբանիա-Առան-Շիրվան (որը հետագայումՙ 1918-ին դարձավ Ադրբեջանի Հանրապետություն) եւ պատմական Ազրբայջան (Ադերբեգան-Ատրպատականՙ Իրանում) տարածաշրջանների պատմական դեմքերին «յուրացնել», ձեւացնելով, որ այդ տարածքները հստակ առնչություններ չունեն բուն Իրանի հետ, հետեւապես այդ դեմքերը չեն կարող լեզվական կամ մշակութային արժեք ներկայացնել իրանցիների համար:

Ստալինը հատկապես հոգ տարավ, որ ցարականՙ նախակոմունիստական արխիվներից վերացվեն բոլոր պատմական բնորոշումները Ազրբայջանի վերաբերյալ: Այդ վերացված նյութերի թվում էր ռուսալեզու «Ռուսական հանրագիտարանը», հեղինակՙ Մատինի Ջալալ, տպագրված 1890-ին Սանկտ Պետերբուրգի եւ Լայպցիգի (կայսերական Գերմանիա) հրատարակչատների կողմից, որտեղ (էջ 455) հստակ տարանջատված էին Ալբանիա-Առանն ու իրանական Ազրբայջանը:

Ստալինը դիտավորյալ եւ հաճախակի իրանցի հայտնի գրական դեմքերի մասին խոսելիս խուսափում էր ակնարկել նրանց պարսկական ծագման մասին: Նիզամի Գյանջեւին, օրինակ, «ադրբեջանական ազգային գրական դեմք» էր եւ «չպետք է հանձնվեր կամ մաս դառնար իրանական գրականությանը, չնայած նա ստեղծագործել էր առավելապես պարսկերեն լեզվով (Kolarz, W. (1952) «Russia and her Colonies», London, George Philip):

Այս նախադասությունը դիպուկ օրինակ է պատմությունը նենգափոխելու, վերախմբագրելու: Դա 2 նպատակ էր հետապնդում. ա) որ Նիզամին ծնունդով թյուրք էր, բ) որ նա իր «մյուս» բանաստեղծությունները գրել էր թուրքերեն լեզվով:

Ռուս անաչառ պատմաբանները, սակայն, հաստատում են, որ «Նիզամին պարսիկ հայտնի բանաստեղծներից մեկն է,... ով գրել է բացառապես պարսկերենով» (Brockhaus and Efrona Encyclopedia-ում HOEB-ի հոդվածը):

Պատմական փաստերն էլ էին խեղաթյուրված դիտավորյալՙ ցույց տալու համար, որ Նիզամին «կովկասյան ազգության» էր պատկանում, որ նա ստեղծագործել է թուրքերեն եւ միայն հետագայում են նրա բանաստեղծությունները թարգմանվել ֆարսի (պարսկերեն) լեզվով» (Թիվալի, 1984):

Քչերին է հայտնի, որ Խորհրդային Ռուսաստանից շատ առաջ, ցարական Ռուսաստանն էլ էր աջակցում պանթուրքիզմի տարածմանըՙ նպատակ հետապնդելով Կովկասում ջնջել ամեն տեսակի (գրական, պատմական, մշակութային) պարսկական ազդեցություն եւ ժառանգություն: Իրանը ստիպված էր իր անդրկովկասյան տիրույթները (ամեն ինչ Արաքս գետից վերեւ) հանձնել Ռուսաստանին: Հոստլերը նկատում է, որ հակառակ իրենց հաղթանակին Կովկասում, ռուսները մտահոգված էին Առանի (ներկայիս Ադրբեջանի Հանրապետության) տարածքի վրա Իրանի ունեցած լեզվական եւ մշակութային ուժեղ եւ խոր ազդեցության հարցով: «Մշակութային այս կապը նորանվաճ երկրիՙ Ադրբեջանի Հանրապետության (մինչեւ 1918-ի մայիսը որպես Առան-Շիրվան ճանաչված պատմական տարածքը) եւ ուժեղ պարսկական հարեւանի միջեւ խիստ մտահոգում էր Ռուսաստանին, որն ամեն ջանք գործադրում էր խորտակելու այդ կապըՙ խթանելով տեղական թուրքական մշակույթի զարգացումը», գրել է Հոստլերը (Hostler, C. W. (1957) «Turkism and the Soviets», London, George Allen Unwin Ltd):

Տեղական իշխանությունները խանություններում կամ ծագումով պարսկախոսներ էին կամ էլ պատկանում էին ազնվականների այն խավին, ովքեր պարսկերեն էին խոսում: Շիա կրոնավորները, որոնք զգալի ներգործություն ունեին դպրոցների եւ դատական համակարգի վրա, շարունակում էին պահպանել իրանական մշակույթի ազդեցությունը Կովկասում: Սվիետոխովսկին գրել է «Պարսկերենիՙ որպես գլխավոր գրական լեզվի պահպանումը Ադրբեջանի ներկայիս հանրապետությունում խաթարվեց: Դրան հետեւեց մերժումը դասական ադրբեջաներենիՙ արհեստական, իրանական իդիոմատիկ արտահայտություններով հարուստ մի լեզվի, որը երկար ժամանակ, թեեւ երկրորդական կարգի, օգտագործվում էր պարսկերենին զուգահեռ: Այս գործընթացը դեռ վաղուց էր խրախուսվումՙ ցարական իշխանությունների կողմից, որոնք ցանկանում էին չեզոքացնել ադրբեջանական ինքնության նույնացումը պարսկականի հետ» (Swietochowski T. «Russia and Azerbaijan: A Borderland in Transition», New York, Columbia University Press):

Ամենամեծ խաբեբայությունը անդրկովկասյան, նախկին իրանական Առան նահանգի վերանվանումն էր Ադրբեջանի, երբ նման անունով տարածք գոյություն չուներ մինչեւ 1918 թիվը: Անվանափոխությունը կատարվեց այն ժամանակ, երբ պանթուրքական «Մուսավաթի» վարչակարգն այդ տարվա մայիսի վերջերին ընդունեց նման որոշում: Մուսավաթական կառավարության անդամներից շատերը նախկին Օսմանյան կայսրության պաշտոնյաներ էին, որոնք պաշտպանել էին 1918 թվի Բաքվի գրավումը մուսավաթականների կողմից:

1917 թվին ցարական Ռուսաստանի տապալումից հետո օսմանյան պաշտոնյաները Կովկասում սկսեցին իրագործել իրենց պանթուրքական ծրագիրը, որն էրՙ հզոր գերտերության հիմնումըՙ միացնելով Իրանի հյուսիսային մասն ու Կովկասը Թուրքիային: Ծրագիրը ձախողվեց, քանի որ իրանցի ազրբայջանցիները մերժեցին ինչպես օսմանցիներին, այնպես էլ մուսավաթականներին: Իրանցի ազրբայջանցիները, օրինակՙ շեյխ Մոհամմեդ Խիյաբանին, նույնիսկ բողոքեցին այն բանի դեմ, որ մուսավաթականները «Ազրբայջան» (Ադրբեջան) անունն էին տվել նորաստեղծ հանրապետությանը:

Ադրբեջանի իրանական Ազրբայջան (Ադերբեգան) տարբերակը պատմական հինավուրց նահանգ է Իրանում: Խորհրդային իշխանությունները, որոնք մուսավաթականներից 1920 թվին խլեցին իշխանությունը, որոշեցին ոչ միայն պահպանել «Անդրկովկաս» հորինած անունը (որ դրանից առաջ ծանոթ էր Առան անունով), այլեւ շարունակել հավերժացնել այն քաղաքական պատմագրության մեջ:

Արդի Ադրբեջանի Հանրապետության պատմաբաններից պրոֆ. Նազրին Մեհդիյովան գրում է. «Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջանների առասպելը Սովետների հնարանքն էր, որպեսզի խզեն Ադրբեջանի պատմական կապը Իրանի հետ: Այս պատմական խեղաթյուրումն ավելի ընդունելի դարձնելու համար խորհրդային իշխանությունները փաստաթղթեր նենգափոխեցին եւ պատմության գրքեր վերախմբագրեցին, որոնց հետեւանքով առասպելը խորապես ամրապնդվեց բնակչության մեջ (արդի ժամանակների Ադրբեջանի Հանրապետության, որը պատմականորեն հայտնի է (մինչեւ 1918-ի մայիսը) Առան անունով) եւ սկսեց օգտագործվել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից որպես հռետորական ելույթների միջոց» (Mehdiyova, 2003, p. 280):

Ցավալի է տեսնել, որ ներկայիս Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնությունը անտեղյակ է իր իրանական ժառանգությանը, եւ զոհ է դարձել ռուսական եւ պանթուրքական քաղաքական եւ գաղափարախոսական մեքենայությունների: Բայց Առանցի ուսյալ մարդիկ լավ գիտակցում են, որ իրենց տարածքը կոչվում էր Առան, եւ իրենք սերտ կապեր ունեն Իրանի հետ: Պետք է նշել սակայն, որ անկախ Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը (1938-2000) ծայրահեղ հակաիրանական էր եւ նույնքան ծայրահեղ պանթուրքիստական: Դիվանագիտական ընդունված կարգի բացարձակ անտեսումով նա իր Թուրքիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ հայտարարեց, որ Իրանը «կործանման դատապարտված երկիր է»: Իրանի հանդեպ իր ատելությունը նա պահպանեց մինչեւ իր կյանքի վերջըՙ իր գրություններում կոչ անելով մասնատել Իրանը: Նրա գաղափարախոսությունը մեծ վնաս հասցրեց նորաստեղծ հանրապետությանը:

Թարգմ. Հ. Ծ.

Հոդվածագիրը նույն թեմայով խորհուրդ է տալիս կարդալ նաեւ դոկտ. Դարիուշ Ռաջաբիանի հոդվածները Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի ապապարսկականացման վերաբերյալ (The Axed Persian Identity. Parts 1/2/3):


Նիզամի Գյանջեւին (Գանձակեցին) գրական անունն է Ջամալեդդին Աբումոհամմեդ Էլյաս բեն Յուսուֆի, ով ծնվել է Գանձակում (Գյանջայում) 1141 թվին եւ ապրել 68 տարի: Համարվում է իրանական ավանդավեպի հիմնադիրը: Գրել է 4-5 դիվան: Չափածո է դարձրել «Լեյլա եւ Մեջնունը»: Հիշատակության արժանի է նաեւ նրա «Էսկենդար նամե» պոեմը:


Նկար 1. Նիզամու արձանը Թավրիզում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4