«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐՍԿՍՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հարեւան Ադրբեջանից պարբերաբար հնչող պատերազմի վերսկսման կոչերը, որոշ ներքին ու արտաքին վերադասավորումները, «այս կամ այն փաստաթղթին» համաձայն լինել- չլինելը, առիթ են տվել որոշ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների գնահատելու իրավիճակը, արդյոք հավանակա՞ն է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը, կգնա՞ն կողմերը (ավելի ճիշտՙ մեկ կողմը-Հ.Ա.) դրան: Այս հարցին բուն Արցախում երկրի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանում է` ոչ: Պատերազմի վերսկսման բացառումը Հակոբյանը հիմնավորում է, որ «ԼՂՀ պաշտպանության բանակը ամուր է կանգնած դիրքերում», որ հրադադարի անցնելուց հետո որեւէ էական փոփոխություն չկա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, եւ որ «բոլոր պատերազմներում էլ հաղթում է այն կողմը, որտեղ ամբողջ ժողովուրդն է կռվում»: Իսկ արդեն ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը գտնում է, որ «գործընթացները տանում են պատերազմի»: Վերջինս իր տեսակետը հիմնավորում է հետեւյալ հանգամանքով. «Ադրբեջանի լկտիությունը` ոչինչ չտալ եւ ամեն ինչ ստանալ, բավական իրատեսական է դարձնում պատերազմի վտանգը», նշում է Բաբայանը` իր անունից էլ վստահություն հայտնելով, որ եթե նույնիսկ սկսվի պատերազմ, հաղթելու է ղարաբաղցի ժողովուրդը («Ազգ»-ը անդրադարձել է Հակոբյանի եւ Բաբայանի տեսակետներին նախորդ համարներում): Պատերազմի բացառմանը գրեթե նույն հիմնավորումն են տալիս ՀՀ իշխանությունները, եւ գրեթե նույն կերպ «ապացուցում են» պատերազմի վերսկսման հավանականությունը Հայաստանի ընդդիմադիր գործիչները:

Սակայն ի՞նչ կտա «հավանական» պատերազմը վերսկսող Բաքվին, ի՞նչ զոհաբերությունների պետք է գնա Ադրբեջանը` սկսելով պատերազմ, եւ արդյոք Բաքուն պատրա՞ստ է գնալ այդ զոհաբերություններին: Այս առումով` «Ռեգնում.ռու.»-ին հետաքրքրական հարցազրույց է տվել արցախցի անկախ վերլուծաբան Հովհաննես Վարդանյանը : Վերլուծաբանը նախ նկատում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը չկարողացավ որդուն անհրաժեշտ «քաղաքական կտակ» թողնել, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը առաջին հերթին վնաս է հենց Ադրբեջանին, որ բոլորովին պետք չէ «լսել» տարբեր քաղաքական ուժերի, կուսակցությունների հորդորները եւ սկսել պատերազմը, քանի որ. «Խորհրդատուներն ու նրանց որդիները չէ, որ կռվել եւ կռվելու են Ղարաբաղում, հակառակը` նրանք միշտ էլ ձգտել են հեռու լինել հակամարտության վայրից», նշել է Վարդանյանը: Այնուհետեւ վերլուծաբանը նկատում է, որ Ղարաբաղում այսօր ամենեւին էլ չկա հակամարտություն, այլ գոյություն ունի զինադադարային իրավիճակ. «Հակամարտությունը եւ, որպես դրա բարձրագույն դրսեւորում, պատերազմը Ղարաբաղում ավարտվել են 1994-ին, իսկ այսօր առկա է չլուծված ղարաբաղյան հարց, որը չի կարող հիմք լինել միջազգային հանրության համար` հավանություն տալու պատերազմի վերսկսմանը», շեշտել է Վարդանյանը` նկատելով, որ միջազգային քաղաքականության փորձն ու տրամաբանությունը միշտ էլ կարողացել են հանդարտեցնել «ռեւանշիստական մտադրությունները» տարածաշրջանի շատ այլ` ավելի ազդեցիկ երկրների պարագայում, քան Ադրբեջանն է:

Իսկ այդ «ռեւանշիստական մտադրություններից» կարող են տուժել առաջին հերթին ադրբեջանական իշխանությունն ու ժողովուրդը, քանի որ Ադրբեջանը չի կարող պատերազմին տալ այն սցենարը, որը բազմիցս բարձրաձայնվում է` հենց այդ երկրի իշխանությունների կողմից: «Ադրբեջանին սպասում է պարտություն, իշխանություններին` իշխանության կորուստ եւ միջազգային տրիբունալի կողմից դատապարտում», նշում է Վարդանյանը: Հաջորդ «կարեւոր տուժողը» կարող է լինել աշխարհահռչակ British Petroleum ընկերությունը, որի ներդրումների շնորհիվ է Ադրբեջանը բազմապատկում իր ռազմական բյուջեն: Հավանական պատերազմը, ըստ Վարդանյանի, կարող է լուրջ վտանգ լինել Ադրբեջանի ամբողջ նավթարդյունաբերության, բրիտանական ընկերության ֆինանսական միջոցների համար, իսկ սրանց հետեւանքները պարզ է, թե ինչի կհանգեցնեն:

Պատերազմը չի կարող լինել նաեւ ՀԱՊԿ-ի «պատճառով». «Ռուսաստանը չի կարող չներքաշվել այս «հավանական պատերազմում», որը, մյուս կողմից էլ, անհնար է պատկերացնել», նկատում է Վարդանյանը: Վերլուծաբանը վերջում կարծիք է հայտնում, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի դեպքում Իրանը նույնպես «իր խոսքը կարող է ասել»: Իսկ Թեհրանն իրոք «որոշ խնդիրներ» ունի լուծելու Բաքվի հետ. Կասպյան տարածաշրջանի նկատմամբ արդարացի նկրտումները, Ադրբեջանի «բարի ցանկությունները»` միանալ Իրանի հյուսիսում ապրող իր եղբայրներին, Իրանի սկզբունքային թշնամիներ ԱՄՆ-ին եւ Իսրայելին, Իրանի դեմ հետախուզական նպատակներով «հողակտորներ» հատկացնելու Ադրբեջանի պատրաստակամությունն ու համաձայնությունը: Վարդանյանը չի բացառում, որ Իրանը կարող է օգտվել ստեղծված խառնաշփոթից` Բաքվին «որոշ բաներ» հասկացնելու համար:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4