«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՆՈՐԱՑՎԱԾ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՉԿԱՆ

«Ադրբեջանը մնում է իր այն կարծիքին, որ ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները որոշակի բացառություններով, եւ ըստ էության, համերաշխություն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին», երեկ ադրբեջանական «1նյուզ» կայքէջին նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլիխովը:

Ադրբեջանական գործակալությանը կամ գուցե նաեւ արտգործնախարարության ներկայացուցչին հարկ է հիշեցնել «նորացված մադրիդյան սկզբունքներ» արտահայտության անհամապատասխանությունը իրականությանը, քանի որ այդ մասին քանիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Եվ եթե Մերզլյակովի հայտարարությունը արված պահին վերաբերում էր մամուլում սխալ հրապարակումներին, ապա ադրբեջանցի խոսնակը թերեւս չիմացություն է դրսեւորել` հերթական անգամ անտեղյակության օրինակ ցույց տալով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 26-29 տարածաշրջանային վերջին այցելության ժամանակ եղան Ստեփանակերտում, ապա Երեւանում` այցելության շրջանակներից այս անգամ դուրս թողնելով Բաքուն եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումները: Այս առնչությամբ էլ ադրբեջանական արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, թե համանախագահները վերջին այցելությանը Բաքու չեն եկել, քանի որ իբր «Ադրբեջանի պարագայում այլեւս այդ հարցերի առնչությամբ քննարկվելիք ոչինչ չկա»:

«Եթե Հայաստանը ընդունի այդ սկզբունքները, ապա կողմերը կարող են անցնել մեծ համաձայնության պատրաստման աշխատանքներին», ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Այս պարագայում էլ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի տեղեկացվածությունն ավելի լավ իրավիճակ տեսնելու ցանկություն է առաջացնում, քանի որ սկզբունքների առումով Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է դրանք:

Ադրբեջանական լրահոսը փոքր-փոքր ստերով է համեմված լինում, դարձել է սովորական մի երեւույթ, սակայն այդօրինակ կեցվածքն ու արարքները որեւէ կերպ չեն կարող նպաստել տարածաշրջանում կայունությանն ու այն կառուցողական վիճակին հասնելուն, որը դրսեւորելու կոչ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ուղղել է Հայաստանին, մոռանալով, որ հետուառաջ անելու արեւելյան գործելակերպը առավել հատուկ է հենց իր ներկայացրած երկրին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4