Թուրքական մամուլը խեղաթյուրել է փաստերը
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թուրքական Hurriyet պարբերականի նախօրեին տարածած տեղեկատվությունը, թե հայ եւ թուրք լրագրողները ապրիլի 24-25-ին Անկարայի «Մտքի ազատություն» խմբակի նախաձեռնությամբ կմասնակցեն գիտաժողովի` քննարկելու Հայոց ցեղասպանության եղելությանն առնչվող հարցեր` իրականությանը չի համապատասխանում: Պարբերականը գրել էր, որ հայ եւ թուրք մտավորականների հանդիպումը ոչ միայն նպատակ ունի երկխոսություն ծավալել երկու երկրների միջեւ, այլեւ քննարկել հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր:
«Ազգի» հեռախոսազրույցում ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly պարբերականի լրագրող Խաչիկ Մուրադյանը, որ նույնպես մասնակցելու է այդ հանդիպմանը, ասաց, որ կայանալիք գիտաժողովը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Այն բաղկացած է չորս մասից` Հայոց ցեղասպանության պատմական մասը, պաշտոնական ուրացման քաղաքականությունը, սկսած «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հանձնախմբի օրերից մինչեւ քեմալական տարիները, տնտեսության թրքացումն ու հայերի ունեցվածքի բռնագրավումը եւ հարցեր, թե ինչ եւ ինչպես դա պետք է արվի:
«Գիտաժողովի այդ չորս թեմաներն առաջարկել են կազմակերպիչները: Այս քննարկման ընթացքում չի կարող խոսք լինել Հայոց ցեղասպանության եղելության մասին: Գիտաժողովում Հայոց ցեղասպանությունն ուրացող գիտնականներ, ներկայացուցիչներ չեն մասնակցում: Մասնակիցները ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստն ու բազմաթիվ անգամ այդ մասին բարձրաձայնել են: Մենք քննարկելու ենք Ցեղասպանության հետեւանքները: Իմ զեկույցը նվիրած է փոխհատուցման, ունեզրկման, ցեղասպանության վերապրածների ժառանգների նյութական փոխհատուցման խնդրին:
Եթե մեկնենք Անկարա ու պարզվի, որ քննարկելու ենք Հայոց ցեղասպանության եղելության փաստը, հավատացե՛ք, որեւէ մեկը չի մասնակցի այդ միջոցառմանը», ասաց Մուրադյանը:
Զեկույցում լրագրողը կներկայացնի Հոլոքոսթի նախադեպն ու իրավական եւ պատմական տեսանկյունից բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման օրինակների հիման վրա իր առաջարկությունները կանի :
Թեպետ թուրքական մամուլը ներկայացնում էր, որ միջոցառմանը մասնակցելու են հայ եւ թուրք մտավորականներ, սակայն Խաչիկ Մուրադյանը փաստեց, որ գիտաժողովին հրավիրված են նաեւ օտարերկրյա անվանի գիտնականներ, որոնք լավագույնս տեղյակ են Հայոց ցեղասպանության խնդրին:
«Քննարկմանը մասնակցելու են հրատարակիչ եւ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» հիմնադիրներից Ռաքիփ Զարաքոլուն, ով բազմիցս օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը, «Հայ ազգային ժողովրդավար շարժում» եւ «1915-ի Ցեղասպանությունը» գրքերի հեղինակ Ռեջեփ Մարաշլըն, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական գործիչ եւ գրող Սայիթ Չեթինօղլուն, ցեղասպանագետ Դեյվիդ Քաունթը, իմաստասիրության դասախոս պրոֆեսոր Հենրի Թերիոթը»:
Խաչիկ Մուրադյանը նկատում է, որ միջոցառման նպատակն է ապրիլի 24-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի մթնոլորտ ձեւավորելը:
Իհարկե, նախաձեռնությունը ողջունելի է, սակայն արդյո՞ք գիտնականները համապատասխան ժամանակ են ընտրել Հայոց ցեղասպանության հետեւանքները քննարկելու համար` հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների այս լարված ժամանակաշրջանը եւ բանակցային այն գործընթացը, որն այսօր տեղի է ունենում: Գուցե պետք էր տեղի չտալ թուրք կազմակերպիչներին եւ առաջարկել գիտաժողովն անցկացնել ապրիլի 24-ից ավելի ուշ: