«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի շուրջն ընթացող զարգացումները եւ հատկապես ազատագրված տարածքների զիջման մասին վերջին շրջանում արծարծվող խոսակցությունները Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությանը ստիպում են հանդես գալ հայտարարությամբՙ հստակեցնելու համար իր դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարեւորագույն այդ հարցի վերաբերյալ:

Կուսակցության Հանրապետական վարչությունը հայտարարում է, որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների պայմաններում որեւէ խոսակցություն զիջումների կամ նույնիսկ փոխզիջումների մասին անտեղի է ու վտանգավոր:

Արմենական-ՌԱԿ-ը կարծում է, որ տարածքները, որոնք ազատագրվել են հազարավոր հայ մարտիկների կյանքի գնով, ընդհանրապես չեն կարող առեւտրի եւ սակարկման առարկա լինել: Մյուս կողմից, հայկական կողմը իրավասու է նյութական փոխհատուցում պահանջելու Ադրբեջանից Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու եւ հազարավոր անմեղ քաղաքացիների սպանելու համար: Այս կապակցությամբ պետք է պետական մակարդակով բարձրացվեն նաեւ Շահումյանի եւ հայաբնակ մյուս շրջանների խնդիրները, ինչպես նաեւ 400 հազար հայ փախստականների հարցը: Պետք է նաեւ, թեկուզ եւ ուշացումով, պետական ավելի լուրջ եւ հեռանկարային քաղաքականություն իրականացնել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու եւ տնտեսապես հզորացնելու ուղղությամբ:

Հայ հասարակությունը, պետական մարմինները պետք է հստակ կերպով գիտակցեն, որ ազատագրված տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են եւ խաղաղության պահպանման միակ գրավականը:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4