«Նաիրիտ» քիմիական գործարանը դադարեցրել է արտադրությունը: Ենթադրվող պատճառը գործարանի կողմից 1 մլրդ դրամի հասած էլեկտրաէներգիայի պարտքը չվճարելն է:
«Նաիրիտը» էլեկտրաէներգիայի դիմաց չի վճարել մոտ մեկ տարի, մարտի 1-ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է մոտ 1 մլրդ դրամ», երեկ այդ մասին տեղեկություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:
Նրա խոսքով, «Նաիրիտի» կողմից պարտքը չվճարելու խնդիրն առաջ էր եկել նաեւ նախորդ տարի, «Հայաստանի Էլեկտրական ցանցերը» դիմել էր դատարանին` գործարանը սնանկ ճանաչելու խնդրանքով: «Նաիրիտը» մարել էր պարտքը, որը եւս կազմել էր 1 մլրդ դրամ, եւ գործը փակվել էր:
Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ ներկայումս գործարանն արտադրանք չի տալիս, սակայն շարունակում է արդեն պատրաստի ապրանքի իրացման պայմանագրեր կնքել:
Մեկնաբանելով էլեկտրաէներգիայի պարտքի հետ կապված խնդիրները` Անուշ Հարությունյանը չի նշել պարտքը չվճարելու պատճառները, ասելով միայն, որ գործարանը բանակցում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ, եւ կողմերը, որքանով հայտնի է, ընդհանուր հայտարարի են եկել:
Միաժամանակ Անուշ Հարությունյանը հերքել է լուրերը, թե գործարանը աշխատակիցներին հարկադիր արձակուրդ է ուղարկել:
Ն. Մ.