Այսօր Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ժամը 18-ին կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից եւ կսկսեն տոնել Ս. Հարության տոնը: Հավատացյալները միմյանց ողջունում ենՙ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն էՙ «Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»:
Ապրիլի 4-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 10.15-ին Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով կմատուցվի Հայրապետական Սուրբ Պատարագի արարողություն, իսկ ժ. 11.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի: Այնուհետեւ առաջնորդարանում սրբազանի ձեռամբ կկատարվի տնօրհնեքի կարգ, եւ ներկա հավատացյալների հետ կըմբոշխնեն առաջնորդարանի սրահում բացված «Ուխտագնացություն» խորագիրը կրող Տաթեւիկ Մելքոնյանի 54 լուսանկարների ցուցահանդեսը, որոնցում պատկերված են պատմական Հայաստանի եւ մեր օրերի հոգեւոր տաճարները: Այնուհետեւ սրբազանը մեր երկրի ղեկավար այրերի եւ հավատացյալների հետ կտոնեն Սուրբ Զատկի տոնը առաջնորդարանում:
Ապրիլի 5-ին Մեռելոց հիշատակության օր է: Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
Այս տարի տոնացույցի ամենագեղեցիկ տոներից մեկը` Սուրբ Զատիկը նշվելու է ապրիլ 4-ին: «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կասենք միմյանց: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»ՙ պատասխանն էլ այսպես կհնչի: Սուրբ Զատիկը եկեղեցական այն տոներից է, որ մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնն ունի իր խորհուրդը, ավանդույթները, որոնք արդեն 1700 տարի պահպանվում են:
Սուրբ Զատկի արարողակարգը կմեկնարկի այսօրՙ ժամը չորսին: Եկեղեցիներում կմատուցվի պատարագ եւ տեղի կունենա ճրագալույցի արարողություն: Պատարագի մասնակիցները պետք է եկեղեցուց ճրագ տուն տանեն, որն ըստ ավանդության տունը լույսով է լցնում:
Զատկի տոնը կսկսվի ժամը հինգին: Ըստ ժողովրդական բանահյուսության, այդ օրը պետք է հավաքվեն ընտանիքի բոլոր անդամներն ու միասին սեղան նստեն: Դա նաեւ խորհրդանշում է ընտանիքի միասնությունն ու համերաշխությունը:
Զատկի սեղանը պետք է տարբերվի այլ օրերի ու տոների սեղանից: Դրա համար կա հատուկ ճաշացուցակ: Սեղանին պետք է դրված լինեն չամիչով փլավ, ձուկ, կուտապ, գաթա, ներկած ձու, գինի: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին փաստում է, որ կերակրատեսակներից յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդանշական է: «Նվիկով կերակուրն անհրաժեշտ է, որովհետեւ Մարիամ Աստվածածինը հենց կանաչու այդ տեսակով է խանձարուրել նորածին Հիսուսին: Ձուկը թարգմանաբար կոչվում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի, իսկ չամիչով փլավի խորհուրդը հետեւյալն է. փլավը ժողովրդի հավաքական կերպարն է, իսկ չիրն ու չամիչը` մեր հավատը: Գաթան խորհրդանշում է արեւ եւ քրիստոնեական բոլոր տոներին պետք է դրված լինի սեղանին»:
Թեպետ Զատիկը պահպանել է իր սովորույթները, սակայն վերջին շրջանում մի շարք տոների օրինակով սկսվել է «մոդեռնիզացվել», ներմուծվել են բաղադրիչներ օտարամուտ տոներից:
Գունավոր ներկած ձվերը, տարբեր ամանների մեջ աճեցրած խոտն ու հավիկները, որոնց կարելի է հանդիպել Երեւանի փողոցներում, Սուրբ Զատկի հետ որեւէ կապ չունեն: Հավիկները հայկական իրականություն են թափանցել Եվրոպայից, իսկ գունավոր ձվերն ու զարդարած խոտերը` Պարսկաստանից: Նովրուզ Բայրամի ժամանակ պարսիկները տոնում են բնության զարթոնքը, սեղանը զարդարում գունավոր ձվերով եւ խոտերով: Ի տարբերություն պարսկական ուրախ տոնի, Հայաստանում նշում են Քրիստոսի հարությունը: Սեղանի ձուն պետք է ներկված լինի կարմիր գույնով. այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Զատկի ձվի ամենագեղեցիկ բնորոշումը տվել է Գրիգոր Տաթեւացին. հավկիթը նման է երկրագնդի, իսկ կարմիր գույնը Քրիստոսի արյունն է, որ հեղվեց ողջ աշխարհի վրա ու փրկեց մարդկությանը:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նկատում է, որ շատերը ճիշտ չեն ըմբռնում Զատկի խորհուրդը:
«Եթե ընտանիքում հանգուցյալ կա, ապա հիմնականում Զատկի ձուն չեն ներկում ի նշան սուգի, բայց դա սխալ է: Նրանք պետք է ներկեն, որովհետեւ Քրիստոսն իր արյունը նաեւ այդ հանգուցյալի համար է զոհել»:
Հոգեւորականը հավելում է, որ Սուրբ Զատկին չի կարելի գնալ գերեզմաններ: Ննջեցյալներին պետք է հիշել ու նրանց հոգու համար աղոթել մեռելոցին` երկուշաբթի օրը, որը կառավարության որոշմամբ համարվում է ոչ աշխատանքային օր:
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ