Նկարչական մտածողության ամբողջական ձեռագրի ականատեսն ենք լինում այս օրերին Նկարիչների միության սրահում ներկայացվող Հաղթանակ Շահումյանի աշխատանքների էքսպոզիցիայով: Գեղանկարչական եւ գրաֆիկայի ժանրերում, մանրաքանդակային մի շարք աշխատանքներում ի հայտ է գալիս ոչ միայն պատկերարտահայտմանՙ գույնի ու ձեւի, այլեւ գաղափարական-մտածողական միաձույլ, կոնցեպտուալ պատկերացումներով արվեստագետի մի ինքնություն:
Նկարչական այս արտահայտության երկուՙ արտաքին (գունապատկերային) եւ ներքին (գաղափարական) դաշտերը առաջին եւ միակ հանդիպումից անգամ ակնհայտ են դարձնում այս ամբողջականությունը, որի ձեւագոյացումների ու գունաստեղծումների մակերեսներում բացառիկ ճիգեր չկան, ամեն ինչ ինքնակա շարունակության մեջ էՙ ձեւն ու բովանդակությունը, ինչպեսն ու ինչը: Դրանք տարիների զարգացումների մեջ փոփոխված, նկարչական ու իմաստային նոր ձեւեր ու որակներ ստացած, բայց նույն կոնցեպտուալ սահմաններում, ինքնանպատակ գեղագիտությունից շատ հեռու, որոշակիՙ նույնիսկ ծրագրային, ներքին հատկությունների դրսեւորումներ ենՙ խոհի ու ապրումի, ինչպես քնարական, նաեւ էպիկական:
Այս աշխարհի գունային մթնոլորտ-շղարշը արվեստագետը ճիշտ հարմարացրել կամ ընտրել է իրականությունն ու խոհականությունը կամրջող գունային այնպիսի մի տոն, որ միագունային, իհարկե, չես համարի, բայց տիրապետող հաղորդիչը դարչնաշագանակագույնն էՙ ամենամեղմից մինչեւ ամենապինդ տոնայնություններով, ստվերի ու լույսի հավասար չափաբաժիններով:
Ավելի ագրեսիվ, կամ կյանքային գույները (ասենք, կարմիրը) սրահը թողնելուց հետո շատ չեն արձագանքում մեջդ, բայց եւ կան գործեր, որոնցում դրանց իրականությունը կյանքի շերտերի մի ամբողջ զարգացում է ենթադրել տալիս:
Այսպիսին է կարմիր մի կտավՙ սրահի ձախակողմյան պատի վերջնամասում, որին նկարիչը «Կանայք ծովափին» վերնագիրն է տվել, այն ուշագրավ է ինչպես ձեւի, այնպես էլ գույնի ներքին լարումով: Այստեղ նկարչության երկու տարրերը միաձույլ են, զարգացումները միաձեւ ու միագույն «զանգվածի» ներսում շատ ակտիվ են, անգամՙ պայթուցիկ: Նկարում որեւէ դետալ, որեւէ տարրՙ առարկայորեն դուրս ցցված չեն, ֆիգուրներն ու միջավայրը մեկ ենՙ ընդհանուր, սուր անկյունները կլորացված են, կանանց մերկ մարմինների պարկեշտությունը թվացյալ է պաշտպանված, ներսից հորդում է կյանքի տաք կիրքը: Եվ միայն կարմիր գույնը չէ, որ ընդհանուր է արտաքնապես չերեւացող ավազի ու կնոջ մարմնի համար, այլեւՙ նկարի ներքին տրամադրությունը:
Կինը ստեղծագործության թեմատիկ առանցքում է, իր շուրջը ստեղծված առեղծվածների հմայքով: Կնոջ երեւույթն առհասարակ, մարմնական հետաքրքրությունից զատ լուրջ իմաստավորում է ստացել: Կնոջ բուն կերպարը, ինչին սեւեռված է արվեստագետի հայացքը, բացում է կյանքի շարունակությունը կրողի, հողեղենությունից դեպի վեր ձգվողի ֆենոմենը, լույսն ու մութը միաժամանակ իր մեջ տարրալուծողը. գեղեցկություն, որ այնուամենայնիվ, պտղավորման խորհրդի մեջ է կատարյալ, ինչին արվեստագետը հասնում է ամենատարբեր կերպաձեւերի ստեղծմամբ:
Արվեստագետի որոնումները ինքնատիպ կերպավորումներ են առնում նաեւ այգային թեմատիկ շարքերի մեջ, դրանք բազմաֆիգուր, մանրադետալ կոմպոզիցիաներ են, խառը գծապտույտներով արված («Հայաստան»): Երկրի (բնակավայրի) եւ ազատության (մարդու ինքնագիտակցության) վրա բարձրացող կերպարային արտահայտությունները հագուցված են հոգեւորՙ կրոնական եւ հավատալիքային պատկերացումների հաջորդական շղթայով: Այսպիսի աշխատանքները ինչպես կոմպոզիցիոն, նաեւ վերացարկված ձեւերի մեջ մարդկային հոգու ներքին զգայությունների ու որոնումների, բախումների ու հաշտեցման տարբեր եզրեր են բացում. «Քավարան», «Հոգի եւ մարմին» «Բիատրիչե», «Հարմոնիա» եւ նման այլ գործերում երկբեւեռայնություն կա, մի կողմիցՙ թռիչքի, անկշռելիության, մյուս կողմիցՙ դեպի ներքեւ քաշող ծանրության հակադրությամբ: Այս համատեքստում նախնական հավատալիքներն ու սովորույթներըՙ «Խաղողի տոնը», «Բաքոսը», «Խաղողահավաք» եւ այլն, իրենց ուրույն տեղն են զբաղեցնումՙ նկարչական նույն ոճով:
Նկարաշարերի առաջին բաժինը ավելի առարկայական, իրապատում է, որի հիմնական պերսոնաժները կանայք են: Դիմանկարները, բնականաբար, էքսպոզիցիայի այս մասում են, որոնցից առանձնանում է մեկըՙ Էդվարդ Իսաբեկյանի անմիջական եւ իմպուլսիվ դիմանկարը:
Որոշ գեղանկարների կառուցման հիմքում կոլաժային սկզբունքն է ընկած, որոշ աշխատանքներ կրում են հայտնի նկարիչների պերսոնաժներին բնորոշ արտահայտման եղանակներ ու ձեւեր:
Մեր ժամանակների իրողությունների ուղղակի արտահայտություններ կան խառը տեխնիկայով կոլաժային մի շարք գործերում («Պառլամենտ») եւ մանրաքանդակներում («Սիլուետ», «Աթոռամարտ»):
Ուշագրավ է միջին ծավալի գործերից «Մետամորֆոզը» (ջրաներկ, տուշ), գունային պատկերաֆոնը գաղափարակիրն է, որ գծի փխրուն կառուցիկությամբ նրբագույն զգացողություններ է առաջացնում: Աշխարհի մեջ աշխարհ, տարածության մեջ տարածություն, թափանցության մեջՙ անթափանցիկություն, առարկայականն ու աներեւույթը, այսպիսի զուգորդումների առիթ է տալիս «Պատուհանը» կտավըՙ ծխագույնի տարաշերտ թույլ մակերեսների գոյացություններով:
Հ. Շահումյանի նկարչությունը հայացքդ ձեւերի վրա կենտրոնացնելուց բացի, արժեքավոր է միտքդ խոհական ոլորտում տեղաշարժելու, տեղափոխելու առումով:
Ինչպես ցուցահանդեսային կատալոգում Պողոս Հայթայանն է գրում. «Նրա նկարներում իրականությունը եւ պատրանքը միահյուսված են միմյանցՙ խորհրդանշելով արվեստագետի մուսանՙ բոլոր ժամանակների մեջ ապրող հավերժական ֆենոմենը»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ