Ըստ հասարակության հետ կապերի բաժնից ստացված հաղորդագրության, «Հայկական ջազ 70»-ը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ԱՄՆ դեսապանատան աջակցությամբ ապրիլի 5-ին ժամը 20-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ներկայացնում են մրցանակակիր դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի համերգըՙ մասնակցությամբ «Արատա Ռիբըրթ» խմբի:
Գյումրիում 1987-ին ծնված Տիգրան Համասյանը վաղ մանկությունից է հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երեք տարեկանում երգել է Լեդ Զեպլինի, Բիթլզի, Քուինի եւ Արմսթրոնգի նվագացանկի երգերը: Ընդունվել է երաժշտական դպրոց, իսկ հետագայում, երբ 1997-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան, մուտք է գործել ջազային ասպարեզ, եւ կարճ ժամանակում հասնում կատարման տեխնիկայի բարձր մակարդակի:
1998-ին երեւանյան առաջին ջազ փառատոնի շրջանակներում 11-ամյա Տիգրանը դառնում է հայտնություն, իսկ 2000-ին երկրորդ փառատոնի ընթացքում նա ծանոթանում է Ստեփան Կոչոյանի հետ, ով որոշիչ դեր է խաղումՙ նրան եվրոպական ջազային հանրությանը ներկայացնելու գործում:
Տիգրանը 2003-ին երրորդ տեղն է զբաղեցրել Փարիզում կայացած ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղըՙ Jazz a Juan Revelations-2003 եւ Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթներում, երրորդ տեղըՙ ջազ-դաշնակահարների մոսկովյան մրցույթում, առաջին տեղըՙ Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2008-ինՙ Նյու Յորք տեղափոխվելուց առաջ «Արատա Ռիբըրթ» խմբի հետ ձայնագրում է «Կարմիր դահլիճ» կոչվող ալբոմը: Այսօր Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ:
Հ. Ծ.