Պարզաբանում
«Ազգ» օրաթերթի 02.04.2010 թ համարում «Գյուղատնտեսական համալսարանի այգինՙ շինհրապարակ» վերնագրով տպագրված հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք.
Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ սկսված շինարարության վերաբերյալ հայտնում ենք.
Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Էլեգանտ 5» ՍՊԸ-ն եւ ըստ սահմանված կարգով համաձայնեցված նախագծի նախատեսվում է գոյություն ունեցող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում: Միաժամանակ վերակառուցման արդյունքում լուծվում է նաեւ Վիկտոր Համբարձումյանի արձանի տեսանելիության խնդիրը Աբովյան փողոցի կողմից: Այդ նպատակով վերակառուցվող տաղավարները լինելու են տեղադրված կենտրոնական առանցքից առավելագույնս հեռացված եւ ավելի փոքր ծավալներով:
Տարածքի կանոնակարգման խնդիրը բարձրացվել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության ժամանակՙ մի խումբ ակադեմիկոսների կողմից:
Վերակառուցման նախագիծը մշակված էՙ բացառելով որեւէ ծառահատման հնարավորություն:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ սույն թվականի սեպտեմբեր ամիսը եւ շինարարության ընթացքին սահմանված է ամենօրյա հսկողություն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմիցՙ նախագծային շեղումները բացառելու նպատակով:
Ինչ վերաբերում է Տերյան փող. հ. 74 հասցեում իրականացվող շինարարությանը, ապա հայտնում ենք, որ շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Արմեն» ՍՊԸ-ն:
Համաձայնեցված վերակառուցման նախագծով նախատեսված է գործող սրճարանային կառույցի արդիականացումՙ գոյություն ունեցող ծավալների սահմաններում, ինչպես նաեւ նկուղային հարկի իրականացում:
Նախագծով պահպանվում են զբաղեցված տարածքի կառուցապատման եւ կանաչապատման տոկոսները:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՙ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խմբ. կողմից. - Անկեղծորեն, պիտի նախընտրեինք նման «պարզաբանում» բնավ ստացված չլիներ: Երեւանի գլխավոր ճարտարապետ պրն Սամվել Դանիելյանի վերեւի գրությունը իսկապես հուսախաբ արեց մեզ: Դա չի պատասխանում մեր հարցադրումներին ու մտահոգություններին: Ավելինՙ կրկնում է այն, ինչ մենք արդեն գիտենք եւ ինչի մասին արդեն իսկ գրել ենք մեր թերթի նախորդ համարում: Միայն մի բան է ավելացնում, որը, խոստովանենք, չգիտեինք. «Տարածքի կանոնակարգման խնդիրը բարձրացվել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման արարողության ժամանակ մի խումբ ակադեմիկոսների կողմից» (ընդգծումները մերն են):
Ըստ երեւույթին, հեղինակը ցանկանում է ասել, որ այգու այդ հատվածի բարեկարգման խնդիրը բարձրացրել են ակադեմիկոսները, այլ խոսքովՙ պատվիրատուն նրանք են եւ, կամ, «էլեգանտ 5» ՍՊԸ-ն վերջիններիս ցանկությանն է պարզապես ընդառաջել: (Շատ պիտի ուզեինք իմանալ այդ ակադեմիկոսների կարծիքը նման «կանոնակարգման» վերաբերյալ): Սույն պարզաբանումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր համապատասխան իշխանություններն անզոր են զոռբայությունների դիմաց, երբ հանրային ունեցվածքը նման ձեւով խժռվում է...