Հայ ազգային կոնգրեսի հրապարակած «100 քայլը»-ը տնտեսագիտության դոկտոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ կազմած ծրագիր է, որը, ըստ հեղինակների, նպատակ ունի զանգվածային համաժողովրդական շարժմամբ, գործող տնտեսական համակարգի արմատական վերափոխմամբ երկիրը դուրս բերել ծանր վիճակից եւ ստեղծել կայուն զարգացող տնտեսություն:
1. Երկիրը ինչպե՞ս հայտնվեց սոցիալ-տնտեսական կաթվածահար վիճակում:
Մեծ երկրաշարժից, տնտեսական շրջափակումից եւ ղարաբաղյան հակամարտությունից խոցված երկրում աններելի էր կանգնեցնել «Նաիրիտ» հզոր ձեռնարկությունը, Հայաստանին զրկելով Ռուսաստանի հետ շահավետ տնտեսական համագործակցության այդ շատ կարեւոր օղակից, իսկ բնակչությանը` հազարավոր աշխատատեղերից: Հարյուրավոր ձեռնարկություններ դադարեցին աշխատելուց եւ հազարավոր աշխատողներ դարձան գործազուրկ : Շուկայական տնտեսական համակարգին անցնելու ոչ արդյունավետ վերափոխումների հետեւանքով 1990-1997 թթ. հանրապետության ներքին արդյունքը կրճատվեց 40%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը շուրջ 54%-ով:
Աղետի գոտու վերականգնման հսկայական տեխնիկական պարկը հանրապետության ձեռնարկությունների եւ կառույցների մետաղյա կոնստրուկցիաների եւ հաճախ, գործող հաստոցների հետ իբրեւ մետաղյա ջարդոն չնչին գներով իրացվեց Իրանին:
Սեփականաշնորհումն իրականացվեց հին եւ նոր սերտաճած նոմենկլատուրայի օգտին, իսկ բնակչության ստացած ոչ մեծ չափերի վաուչերները փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հնարավոր չեղավ օգտագործել, քանի որ ժողովրդի շուրջ 13 մլրդ դոլարի հասնող ավանդները սառեցվեցին: Վրա հասավ աղքատությունը, որը 1996 թվականին կազմեց բնակչության 54%-ը: Ահավոր չափեր ընդունեց բնակչության եկամուտների եւ ընդհանրապես հարստության բեւեռացումը:
Հայաստանի գյուղը մինչեւ հողի մասնավորեցումը եւ «վեափոխումները», իր բոլոր թերություններով հանդերձ, պահպանել էր իր ավանդական նկարագիրը: Հանրապետությունում գործում էին 860 գյուղացիական խոշոր տնտեսություններ, որոնց գերակշռող մասը բարձր ապրանքային տնտեսություններն էին (հատկապես անասնապահությունը): Աշխատանքների զգալի մասը մեքենայացված էր, մատաղ սերունդը ստանում էր նորմալ միջնակարգ կրթություն եւ ուսումը շարունակում բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Այդ բոլորից հետո, անհասկանալի էրՙ ինչո՞ւ ԱՊՀ երկրներում առաջիններց սկսեցինք մասնավորեցնել հողը եւ «վերափոխել» գյուղը: Գոյացան 321 հազար մասնավոր մանր տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին միջին հաշվով բաժին էր ընկնում 1.3 հեկտար հողաբաժին. այն էլ միջինը չորս տարբեր հողատարածքներում, որը բացառում էր ինդուստրացված արդյունավետ գյուղատնտեսությունը: Գյուղացին մնաց ձեռքի անարտադրողական աշխատանքի հույսին, իսկ տնտեսությունը ապրանքայինից դարձավ փակ նատուրալ տնտեսություն: Այդ բոլորից գյուղը, հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ շրջաններում ընկավ ծանր վիճակի մեջ: Երիտասարդները հեռանում էին, ծննդաբերությունը նվազում էր, կրճատվում էր դպրոցներում սովորողների թիվը եւ այլն: Շուրջ մեկ միլիոն մարդ հանրապետությունից արտագաղթեց: Ո՞վ է հաշվել մարդկային այդ կապիտալի իրական արժեքը: Ահա այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանը, պաշտոնը հանձնեց այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, որը ստեղծված իրավիճակի` մասնավորապես ստվերային տնտեսության եւ կոռուպցիոն մթնոլորտի մասին քաղաքական գնահատական չտվեց, եւ մեծ մեղավորները չպատժվեցին: Չնայած, 1998 թ. սկսած երկրի տնտեսական զարգացումը կայունացավ, իսկ 2000-ից սկսեց աճել, աղքատությունը որոշ չափով կրճատվեց, իսկ արտագաղթը մեղմացավ, սակայն ստվերային տնտեսությունը եւ հատկապես մեծ կոռուպցիան չկրճատվեցին: Ընդ որում, գնալով վատթարացավ գյուղի, հատկապես բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի վիճակը: Ահա այն` ոչ մխիթարական ժառանգությունը, որ ստացավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության երրորդ նախագահի համար շարունակվում են չլուծված մնալ աղքատության (30%) հաղթահարման, գյուղը եւ գյուղատնտեսությունը ծանր վիճակից փրկելու, մեծ կոռուպցիան, հարուստների եւ աղքատների սպառնացող շերտավորումը հաղթահարելու եւ բարձր որակավորմամբ աշխատուժի արտահոսքը կասեցնելու, ինչպես նաեւ լուծելու սրված արտաքին քաղաքական խնդիրները: Դրանք բոլորն էլ ազգային անվտանգության խնդիրներ են, որոնց լուծումը ժամանակակից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի դժվարացավ: Սակայն պետք է նշել, որ նախագահը ինչպես արտաքին քաղաքական խնդիրների, այնպես էլ ներքին, հատկապես երկրի ազգային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ հետեւողական արդյունավետ աշխատանք կատարում է: Հայաստանի ԿԲ-ի նախկին տնօրեն պարոն Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելը հնարավոր դարձրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքը, նրա ողջ համակարգը, կառավարել պատշաճ մակարդակով ու մեծ պատասխանատվությամբ:
2. Ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրի մասին:
Ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրի փաստը ամբողջությամբ վերցրած դրական երեւույթ է, որի առանձին եզրակացությունների, առաջարկությունների ճիշտ կիրառումը կարող է նպաստել հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը: Սակայն երկրի սոցիալ-տնտեսական կյանքի արմատական վերափոխման ավարտուն համապարփակ ծրագիր չէ:
Առաջարկվող քայլերը ճիշտ արժեքավորելու եւ գնահատելու նպատակով, ըստ բաժինների հանգամանորեն քննարկել ենք համապատասխան գիտակ եւ կոնկրետ մասնագետների հետ եւ հանգել ենք հետեւյալ եզրակացությունների.
«Քայլ 1»-ով, հարկային եւ մաքսային քաղաքականության բաժնում, առաջարկվում է հարկային բեռի վերաբաշխում միջին ու փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես: Սոցիալական առումով, հարստության մեծ բեւեռացման կրճատման եւ անապահով խավի օգտին եկամուտները վերաբաշխելու առումով հարցադրումը ճիշտ է, սակայն հարկի չափերը մեր կարծիքով քննարկելու եւ ճշգրտելու կարիք ունեն:
«Քայլ 4»-ով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափերի մոտեցում միջին աշխատավարձին: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ՀՀ կառավարության գործունեության ուղղություններից է: Բայց որ այն պետք է մոտենա միջին աշխատավարձին իրատեսական չէ, քանի որ ճիշտ տնտեսվարման դեպքում միջին աշխատավարձը չի կարող տեղում դոփել, այն եւս պետք է բարձրանա:
«Քայլ 8»-ով առաջարկվում է եկամուտների եւ գույքի համընդհանուր հայտագրում: Հայտագրման գործընթացը մեկնարկվել է դեռեւս 2002 թվականից: Կառավարության կողմից նախաձեռնվել է հարկատուների շրջանակի աստիճանական ընդլայնման օրենսդրական փաթեթի մշակումը:
«Քայլ 11»-ով առաջարկվում է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում: Կառավարության կողմից ներկայումս իրականացվում է կենսաթոշակային համակարգի արմատական վերափոխմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես կուտակային համակարգի ներդրման մասով:
«Քայլ 12»-ով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կրճատում, շրջանառության հարկի կիրառում: Աննպատակահարմար է ԱԱՀ-ին զուգահեռ շրջանառության հարկի կիրառումը: ԱԱՀ-ն հանդիսանում է բյուջեի հարկային ամենամեծ մուտքեր ապահովող հարկատեսակը:
«Քայլ 14»-ով առաջարկվում է գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում: Դա հարկային մարմինների գործը չէ: Հարկային մարմիններն իրականացնում են միայն հսկողության գործառույթ:
«Քայլ 18»-ով առաջարկվում է խոշոր գույքի հարկի բարձրացում: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված է բնակելի նշանակության շինությունների հարկման պրոգրեսիվ դրույքաչափեր: Ընդ որում, մինչեւ 3 մլն դրամ արժեքով շինությունների համար գույքահարկի պարտավորություն չի առաջանում:
«Քայլ 26»-ով առաջարկվում է հարկային արտոնությունների բացառում: Հարկային արտոնությունների կրճատումը կիրառվում է, որը կհանգեցնի հավասար մրցակցային դաշտի ձեւավորմանը:
Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա հատվածներում նույն վիճակն է: Մեր կարծիքով կիրառելի չեն հետեւյալ առաջարկությունները:
«Քայլ 41»-ով առաջարկվում է ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում: Նախ, ԿԲ-ի նպատակները սահմանվում են օրենքով, իսկ գնաճի թիրախը հաստատում է Ազգայի ժողովը: Ավելի մանրամասն հսկողությունը նշանակում է ԿԲ-ի գործունեության անկախության սահմանափակում: Սակայն առանց դրա հնարավոր չէ արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացումը:
«Քայլ 43»-ով առաջարկվում է բանկերի գրանցման պահանջների մեղմացում: Ըստ միջազգային գնահատականների, ՀՀ-ում բանկերի քանակի պակաս չկա: Խնդիրը բանկերի կապիտալի մեծացումն է: ԿԲ-ը կողմնակից է խոշոր կապիտալ ունեցող բանկերի թվի ավելացմանը, ինչը դրականորեն կազդի երկրի ֆինանսական կայունության վրա եւ հնարավորություն կտա իրականացնել մեծածավալ ծրագրեր:
«Քայլ 53»-ով առաջարկվում է «բանկային ակտիվների խրախուսում եւ 2012 թ. դրանք 12 մլրդ դոլարի հասցնելու խնդիր»: Հաշվարկները ցույց են տալիս, որ առեւտրային բանկերի ընդհանուր ակտիվները 2012 թ. 12 մլրդ դոլարի հասցնելը իրատեսական չէ:
«Քայլ 56»-ով առաջարկվում է արժեթղթերի շուկան դուրս բերել ՀՀ ԿԲ-ի գործառնություններից: Ամբողջ աշխարհում միտում է նկատվում ողջ ֆինանսական հատվածը կենտրոնացնել միասնական ֆինանսական վերահսկողության մարմինների ներքո, որոնք միաժամանակ նաեւ անկախ են: Հայաստանում այդ չափանիշներին բավարարող միակ կառույցը հենց ՀՀ ԿԲ -ն է:
Կան նաեւ ոչ կիրառելի, ինչպես նաեւ դժվար կիրառելի այլ քայլեր, որոնք բոլորը մեկ հոդվածում թվարկելը եւ վերլուծելը հնարավոր չէ:
42, 44, 48, 50, 54, 55, 58 քայլերով առաջարկությունների գաղափարները, վերլուծություններն ու դիտողությունները հայտնի են իշխանություններին եւ կիրառելի են, կամ արդեն կիրառվում են:
Ինչ վերաբերում է 49-րդ քայլինՙ «բանկերի կողմից ներդրումների դադարեցում, ազգային արժույթի ուժեղացում», այն նախատեսվում է իրականացնել, մասնավորապես ՀՀ ԿԲ-ի եւ կառավարության համատեղ մշակած եւ քննարկումների փուլում գտնվող ապադոլարայնացման միջոցառումների կարգավիճակով:
«100 քայլ»-երի մի բաժինը (10 քայլ) վերաբերում է գյուղատնտեսությանը:
Դրանք իրոք ուշադրության արժանի են, սակայն այդ առաջարկություններն արդեն կառավարության համապատասխան օղակներում համակարգված ծրագրավորվել են եւ իրականացման փուլում են գտնվում: 2009-2010 թվականներին Հանրային խորհուրդը գյուղարտադրողների, մարզերի արտադրական, սոցիալական ենթակառուցվածքների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել է քննարկումներ, մշակել է միջոցառումներ, հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին եւ կազմել է համապատասխան առաջարկություններ: Մասնավորապես որոշվել է. իրականացնել գյուղացիական տնտեսությունների հորիզոնական եւ ողղահայաց կոոպերացիայի բազմապրոֆիլ եւ բազմաշերտ համակարգերում վերամիավորում, բոլոր առումներով ուժեղացնելով պետության աջակցությունըՙ լուծելու վարկավորման, աշխատանքների մեքենայացման, արտադրանքի իրացման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման եւ այլ կարեւոր խնդիրներ: Շուտով կընդունվի ՀՀ գյուղատնտեսության եւ գյուղի կայուն զարգացման ռազմավարությունը 2010-2020 թվականների համար:
Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտի առաջարկություններին (70-80 քայլեր), ապա եկամուտների մեծ բեւեռացման կրճատումը, աղքատության հաղթահարումը, եկամուտներիՙ հատկապես կենսաթոշակների էական բարձրացումը վաղուց է ինչ հասարակության քննարկումներից չեն հանվում եւ այդ ուղղությամբ վերլուծությունները անպայման ուշադրության արժանի են եւ կառավարական համապատասխան մարմինները պետք է դրանց վրա ուշադրություն դարձնեն:
Միեւնույն ժամանակ, ոչ բոլոր առաջարկություններն են ճիշտ: Օրինակ, 84-րդ քայլում նշվում է. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ»: Որ համալսարանները պետք է գիտությամբ զբաղվեն, դա նորություն չէ: Սակայն գիտությունն ամբողջությամբ համալսարաններ տեղափոխելու ենթատեքստն ուղղված է Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ: Դա արդեն ընդունելի չէ, երբ 1943 թ. պատերազմի ծանր տարիներին ստեղծված եւ աշխարհում մեծ հեղինակություն նվաճած Ազգային ակադեմիան ցանկանում են ոչնչացնել:
Ուշադրության արժանի այլ ընդունելի կամ ոչ ընդունելի վերլուծություններ, առաջարկություններ ու դատողություններ կան նաեւ գործարարության եւ մրցակցության հարցերի, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ սեփականաշնորհման խնդիրների շուրջ:
Խնդիրը Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ծրագրի փիլիսոփայության ամբողջական գնահատումն է: Այսօրվա մեր ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների պայմաններում հրամայական է դարձել ազգային համերաշխությունն ու միասնությունը եւ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ծրագրի եւ գործող իշխանությունների առճակատումը: 1920-ական թվականների հայ-թուրքական պատերազմի ծանր օրերին, երբ Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գերդաստանով պատերազմի դաշտում էր, Թիֆլիսի մեծահարուստ հայերի մեծ մասի անհոգությունից եւ անտարբերությունից հիասթափված, դառնացած ու զայրացած, Վենետիկում գտնվող Ավետիք Իսակակյանին գրում է. «Սիրելի Ավո, ստիպված եմ կսկիծով ասել, որ այդպես էլ ազգ չդարձանք, մնացինք խալխ»: Որպես մեկ միասնական ազգ միավորվելը Մեծ բանաստեղծը համարում էր այն ժամանակների անելանելի վիճակից փրկության միակ պայմանը: Այն այդպիսին է նաեւ այսօր: Արդ, Հայ ազգային կոնգրեսի ծրագիրը պետք է լինի ոչ թե առճակատման, այլ միավորման, իսկապես հայ ազգային միասնական փիլիսոփայություն:
Գ. Ա. ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ