«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2010-04-01 | #58, 2010-04-02 | #59, 2010-04-03


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԵՐՈՍ

Նշելով, որ մամուլում 337 հոդվածներ են տպագրվել Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտի վերաբերյալ, Դետրոյթից հայտնի հրապարակախոս Երվանդ Ազատյանը «Ազգի» խմբագրությանն է հասցեագրել դրանցից մեկը, որն ի տարբերություն մյուսների, ըստ նրա, առավել անկողմնակալ է: Մնացյալները մեծ մասամբ «եվրոպացու» դեմ են եղել:

Մրցամարտին ներկա գտնված Ազատյանը գրում է, որ դետրոյթցիները, Լոս Անջելեսից, Չիկագոյից եւ Տորոնտոյից ժամանած իրենց հայրենակիցների հետ մեծապես քաջալերել են Արթուրին: Հայկական եռագույնը ամենուրեք ծածանվել է: Դիրելի կողմնակիցները նույնպես ոգեւորված են եղել, բայց նաեւ վճռականորեն տրամադրվածՙ ահաբեկելու: «Եթե խաղի արդյունքն այլ լիներ, հակառակ խստացված անվտանգության պայմաններին, շատ հայեր եւ նաեւ մրցավարներ ողջ դուրս չէին գա այնտեղից», գրում է նա:

«Արթուր Աբրահամը խիստ էթիկական խաղ ցուցադրեց, քաջ գիտակցելով ներկաների եւ մամուլի ներկայացուցիչների թշնամական տրամադրվածությունը: Անդրե Դիրելը լավ մարզավիճակում էր եւ կարողանում էր խուսափել Արթուրի հարվածներից մինչեւ ... 11-րդ ռաունդը»:

Իսկ ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Քլիֆ Իսթհեմի մարտի 29-ի հոդվածը (չնչին կրճատումներով), որը վերնագրված է «Արթուր Աբրահամը տանո՞ւլ տվեց Օսկարի հավակնող խաղը», Bleacher Report-ում:

Բավական երկար ժամանակ այսքան կրքոտ չեմ հետեւել որեւէ խաղի հակասական արդյունքին: Մտադրություն էլ չունեի հոդված գրելու: Ինչպես արդեն բոլորը գիտեն, Դիրելը, ով միավորներով առաջ էր եւ ավելի ճարպիկ, քան Աբրահամը, վերջում հասավ խորհրդավոր հաղթանակի: Մինչեւ 7-8 ռաունդները նա համարյա միշտ առաջ էր Աբրահամից: Նա նույնիսկ նրան թույլ ձախ ձեռքով գետնեց մի անգամ: Դա հայի համար առաջին անգամն էր: Աջ աչքի վերեւում խորը պատռվածք էր առաջացել, որին ռինգի բժիշկներն անմիջապես արձագանքեցին:

Հետագա ռաունդներում Աբրահամը, որին նոկաուտը կփրկեր միայն, որ անպարտելի մնար, սկսեց լուրջ հարվածներ հասցնել Դիրելին: Նա նույնիսկ գետնեց նրան, բայց դա սայթաքում համարվեց: 11-րդ ռաունդում Աբրահամը որսի դուրս ելած շան նման էր պահում իրեն: Նա Դիրելին հետապնդում էր ռինգի բոլոր կողմերիցՙ հույս ունենալով վճռական հարված հասցնել նրան: Մինչ նա անկյուն առաջնորդեց նրան, հարվածեց գլխին, Դիրելը գլուխը հետ շարժեց եւ ոտքերն սկսեցին սահել: Նա ծնկի էր իջնում, երբ Աբրահամը վիճելի ուժգնությամբ մի հարված եւս հասցրեց նրան: Ճիշտ է, նա խփեց ընկած Դիրելին, բայց մրցամարտը հետագայում մի քանի անգամ դիտելուց հետո, կարծում եմ, դա դիտավորյալ բնույթի արատավոր գործողություն չէր:

Պե՞տք էր նրան որակազրկել: Քանի որ Դիրելը վեր չկացավ եւ չշարունակեց պայքարը, պատասխանը պետք է լինի «այո»: Հարվածը դիտավորյա՞լ էր եւ չարությա՞մբ էր հասցված: «Ոչ»: Աշխարհով մեկ մարդիկ Արթուր թագավորի գլուխն են պահանջում, բայց նրանք պետք է մի քանի անգամ եւս դիտեն տեսագրությունները: Եվ եթե նրանք դա անեն անկողմնակալ, օբյեկտիվ ձեւով, չեմ կարծում, որ դիտավորություն գտնեն այնտեղ:

Դիրելը վիրավորվե՞ց: Այո, բայց նոկաուտ չեղավ: Նա զգուշավորությամբ պառկած էր գետնին: Հետո սկսեց, իմ կարծիքով, ցուցադրել դողդողալու իր լավագույն խաղը: Ուշքի գալուց հետո լրագրող Ջիմ Գրեյի հարցին պատասխանելով, նա ասաց. «Ես ընկած էի», այսինքնՙ նոկաուտ եղած: Սա տարօրինակ է, քանի որ դրանից առաջ երեք-չորս անգամ նրան ասել էին, որ հաղթանակած է խաղը:

Հետմրցամարտային հարց եմ ուղղում ձեզ, իսկ որտե՞ղ էր մրցավար Քոլը, երբ այս բոլորը տեղի ունեցավ: Ոմանք ասում են, որ Աբրահամին պետք է հեռացնեին եւ երբ ճանապարհին նա շրջվել է, տեսել է Քոլին «դեպքի վայրում»: Հավանաբար նա չգիտեր ժամացո՞ւյցը լարել, թե՞... Էլ Բարնստայնի, Անտոնիո Տարվերիի եւ Սթիվ Ալբերտի հայտարարություններից հետո, որ Աբրահամը պետք է որակազրկվի, նա հենց այդ էր անում, ժամացույցն էր լարում:

Ներկաներից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ Դիրելը կարժանանա Թեյլորի բախտին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4