Ապրիլի 6-10-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների համար բռնցքամարտի միջազգային մրցաշար, որն այսուհետ դառնալու է ավանդական: Այդ մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ ընդգրկված է մարզաձեւի եվրոպական կոնֆեդերացիայի խաղացանկում: Մրցաշարի հաղթողները Գագիկ Ծառուկյանի կողմից կպարգեւատրվեն 5 հազարական դոլարով: 2-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները կստանան 3 հազարական դոլար, իսկ 3-րդ տեղ զբաղեցրած 2 բռնցքամարտիկներից յուրաքանչյուրին կհանձնվի 2 հազար դոլար:
Մրցաշարին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 13 երկրներՙ Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Գամբիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը: Սակայն Ուզբեկստանը, Մակեդոնիան եւ Մոնղոլիան դեռեւս իրենց մարզիկների ամբողջական կազմը հաստատման չեն ներկայացրել:
Բռնցքամարտիկները Երեւան կժամանեն ապրիլի 5-ին: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ռինգ դուրս կգան 109 բռնցքամարտիկներ, որոնք հաղթողներին կորոշեն քաշային 10 կարգերում:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 15-ին: Մենամարտերը կանցկացվեն ամեն օրՙ ժամը 16-ից: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան ապրիլի 10-ին, ժամը 12-ից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ