«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը հետեւեց Թուրքիայի դեսպանի հետկանչը` «խորհրդակցությունների» նպատակով: Բայց Թուրքիայի ԱՄՆ-ում դեսպանը կրկին կատարում է իր պարտականությունները` վերադառնալով Վաշինգտոն:

Շատ այլ պարագաներում է Թուրքիան որպես սեփական դիրքորոշման արտահայտություն ու բացասական արձագանք տարբեր իրադարձությունների առնչությամբ հետ կանչել իր դեսպանին այս կամ այն երկրում: Սակայն հայտնի է, որ այդօրինակ միջոցառումները երկարատեւ ազդեցություն չեն ունենում, ուստի ինչ-որ պահից սկսած հարկ է լինում հետ կանչված դեսպաններին վերադարձնել նշանակման երկիր:

Միացյալ Նահանգների դեպքում բացառություն չեղավ: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, որ գտնվում էր Թուրքիայում, թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, արդեն երեկ անցել է իր պաշտոնական պարտավորությունների կատարմանը, ընդ որում, օրակարգը թուրք դեսպանի կատարելիք աշխատանքի առումով պետք է որ շատ հագեցած լինի, քանի որ արդեն հաշված օրեր են մնացել ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովի անցկացմանը, որին մասնակցելու հրավեր է ստացել Թուրքիան:

Անորոշության որոշակի դադարից հետո Թուրքիան, հետեւելով Հայաստանին, հայտարարեց, որ գագաթաժողովին մասնակցելու է ոչ թե երկրորդ կարգի ներկայացուցչի միջոցով, այլՙ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի: Հայաստանն էլ, ինչպես արդեն ենթադրել է «Ազգը», գագաթաժողովին մասնակցելու է Հայաստանի նախագահի մակարդակով:

Իսկ հարցի պատասխանը, թե արդյոք Վաշինգտոնում կհանդիպե՞ն Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը, գնալով ավելի մոտենում է դրական պատասխանին, հատկապես որ գագաթաժողովն ու նման հանդիպումները որպես կանոն լայնորեն օգտագործվում են տարբեր հրատապ խնդիրների լուծմանն ուղղված հանդիպումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Հասկանալի է, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման հավանականության մասին հնարավոր չէ որեւէ տեղեկություն ստանալ, այլ միայն ենթադրություններ անել, սակայն հստակ է, որ Վաշինգտոնը չէր նախաձեռնի միջուկային գագաթաժողովին Հայաստանի եւ Թուրքիայի հրավերի պատմությունը, ավելին, իրեն թանկ ծախող Թուրքիային ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով «համոզելու» կամ էլ գուցե խոստումներ տալու փորձ չէր անի, եթե իրապես չի նախատեսվում Հայաստան-Թուրքիա հանդիպում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4