«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԵՐԿԱՑՆՈՒՄ ԵՆ «ԱՆՑՅԱԼԻ ՉԱՐՔԵՐԻՆ»

Գերմանական հայտնի «Շպիգել» պարբերականի ապրիլի 3-ի համարը կարելի է անվանել «հայկական»: Բացի նրանից, որ պարբերականը հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ընդարձակ հոդված է տպագրել Հայոց ցեղասպանության մասին` խոսք տալով նաեւ ականատեսներին: Հոդվածը, որը վերնագրված է «Անցյալի չարքերը», պատմում է, որ «ժամանակակից Թուրքիայի արեւելյան հատվածում» 1915-1918-ը կոտորվել կամ անապատներն են քշվել ու ճանապարհին կոտորվել 800 հազարից 1,5 մլն հայեր. «Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրանից հետո եղան այլ ցեղասպանություններ` եվրոպական` հրեաներինը, Կամբոջայում, Ռուանդայում», գրում է գերմանական թերթը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությանը ենթարկված ժողովրդից «մի մասը կոտորված է, մի մասը` աշխարհի տարբեր երկրներում ցրիվ եկած, եւ մի փոքր մասը մեկուսացված երկրում», «Շպիգելի» մեկնաբանների խոսքերով, երկար տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի ներկայացնեն սեփական աղետը. «Միայն 20-րդ դարի 60-ականներին, Մոսկվայի հետ տեւական քննարկումներից հետո, հայերը համարձակվեցին հուշահամալիր կառուցել», գրում է պարբերականը: Իսկ սրա պատճառը, գերմանացի մեկնաբանների կարծիքով, հետեւյալն է. «Նախ Թուրքիան մինչեւ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության արարքները: Գերմանիան, որը Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի դաշնակիցն էր, եւ նախկին ԽՍՀՄ-ը, որը Թուրքիայի Հանրապետության բարեկամն էր, որեւէ շահ չէին տեսնում` Ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու»: Հիշեցնելով, որ 2005-ին գերմանական Բունդեսթագը Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը»` առանց օգտագործելու, սակայն, ցեղասպանություն եզրույթը, «Շպիգելը» այնուամենայնիվ զարմանք է հայտնում, թե ինչո՞ւ մինչեւ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Սա այն դեպքում, երբ Ցեղասպանության ականատեսներ են եղել բազմաթիվ գերմանացիներ, որոնց արխիվներում գտնվող հաշվարկները, թղթակցությունները, զեկույցներն ու հաշվետվությունները կարող են հիմք դառնալ եղելությունն ամբողջութամբ վերականգնելու համար (հետաքրքրական է, գիտի՞ արդյոք վարչապետ Էրդողանն այս հիմքերի մասին, երբ խոսում է թուրքական արխիվների բաց լինելուց - Հ. Ա.)»:

Իսկ արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո, ըստ «Շպիգելի», ցեղասպանության թեմայի քննարկումներից հրաժարվելու պատճառները հետեւյալն են. «Անկարայի քաղաքական ու ռազմավարական կշիռը «Սառը պատերազմի» տարիներին նրա արեւմտյան դաշնակիցներին հետ էին պահում Ցեղասպանության հարցի քննարկումներից», գրում է պարբերականը:

Սակայն այժմ, մասնավորապես առաջիկա ուրբաթ օրը, Գերմանիայի հեռուստաալիքներից մեկով կներկայացվի Հայոց ցեղասպանության գերմանական փաստերից մեկը` գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի 90-րոպեանոց «Աղետ» ֆիլմը: «Շպիգելը» գրում է, որ ֆիլմը հիմնված է այդ տարիներին Թուրքիայում գործունեություն ծավալած դիվանագետների, միսիոներների եւ այլոց վկայությունների հիման վրա. «Նրանց ուսումնասիրությունները զարմացրել են անգամ ֆիլմի խորհրդատվությունն ապահովող պատմաբանին: Առհասարակ արխիվներում կան այնպիսի նյութեր, որոնք անծանոթ են նույնիսկ արխիվագետներին», նկատում է «Շպիգելը»: Վերջինիս տեղեկացմամբ, ֆիլմում նաեւ անդրադարձ է կատարվում Թուրքիայի դաշնակիցների, այդ թվումՙ Գերմանիայի արդարացումներին: «Շպիգելը» հիշեցնում է այն տարիների գերմանական ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի ռեպլիկը. «Որ Օսմանյան կայսրության դաշնակիցները մեղադրվում են հանցագործության մեջ` սահմռկեցուցիչ է. մեր միակ նպատակն է, որ Թուրքիան մինչեւ պատերազմի ավարտը պահենք մեր կողմում, անկախ նրանիցՙ հայերը կսպանվեն, թե ոչ»:

Ավելորդ չենք համարում նշել նաեւ գերմանացի ֆելդմարշալ Հինդենբուրգի հայտարարությունն այդ տարիների թուրքական քաղաքականության վերաբերյալ. «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին, ծածկեց, քողարկեց նրանց մռայլ վերաբերմունքն ու դրա արտահայտումը հայերի նկատմամբ: Հայկական հարցը կապված է պանթուրքիզմի հետ, եւ թուրքերը ամեն ինչ են անում լուծելու այդ հարցը` ազգայնամոլության եւ թշնամանքի հիման վրա»:

«Չնայած այս ամենին, վարչապետ Էրդողանը ասում է` Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը,- գրում է գերմանական պարբերականը` շարունակելով,- Անկարան ամեն անգամ սպառնալիքներ է տեղում այն երկրների հասցեին, որոնք ընդունում են եղելությունը, սակայն այդ սպառնալիքները չեն իրականանում»: Իսկ այսօր արդեն, ըստ «Շպիգելի», հայկական սփյուռքի ճնշման ներքո, «անցյալի չարքերը կրկին զարթնում են». «Ամեն տարի ապրիլի 24-ն ազդանշան է դառնում, որ տարբեր խորհրդարաններ ընդունեն Ցեղասպանության փաստը. 2001-ին դա արեց Ֆրանսիան, 2003-ին` Շվեյցարիան, այս տարի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ Շվեդիան», ընդգծում է գերմանական հանդեսը:

Վերջում «Շպիգելը» ներկայացնում է Ֆաթիհ Չեթինի պատմությունը. «80-ականներին ստամբուլցի փաստաբան Ֆաթին Չեթինը հայտնեց, որ ինքը հայկական արմատներ ունի: Նրա Մեհեր տատը իրեն պատմել էր, որ երեխա ժամանակ, երբ անունը հայկական Հրանուշ էր, ինքն ականատես է եղել, թե ինչպես են թուրքերը կտրել գյուղի տղամարդկանց կոկորդները: Այնուհետեւ Չեթինի տատը որդեգրվել է մի թուրք սպայի կողմից, մեծացել է որպես մահմեդական աղջիկ եւ ամուսնացել թուրքի հետ: Նա տասնյակ հազարավոր քողարկված հայերից էր, ովքեր փախան մարդասպաններից ու թուրքացվեցին: Տատիկի անկեղծությունից հետո Չեթինը սկսում է «այլ աչքերով» նայել շրջապատին, փաստաբանը գրում է իր ընտանիքի պատմությունը` «Իմ տատիկը» վերնագրով: Այս գիրքը կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր, ընթերցողներից ոմանք Չեթինին շնորհակալություն էին հայտնում, ոմանք անվանում էին «դավաճան», բայց տաբուն կոտրվեց», գրում է «Շպիգելը»` բերելով նաեւ Ցեղասպանության այլ ականատեսների խոսքեր, ինչպես նաեւ բազմաթիվ լուսանկարներ, տեղահանությունների եւ համակենտրոնացման ճամբարների քարտեզ-սխեմաներ: Հայոց ցեղասպանության փաստերն ամենուր են` աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4