«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ԱՐԱՐԱՏ, ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ, ԲԱՅՑ ՈՉ ՂԱՐԱԲԱՂԸ

ՀՀ նախագահի հարցազրույցը` գերմանական «Շպիգել»-ին

Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց տվեց գերմանական Der Spiegel-ին, որտեղ, առիթը բաց չթողնելով, եւս մեկ անգամ խոսեց Թուրքիայի «արեւի պես ջինջ ու պայծառ» պատմության մասին: Էրդողանը շեշտեց նաեւ, որ «Թուրքիայի պատմությունը ամոթալի էջեր չունի», հետեւաբար աշխարհի շուրջ 20 երկիր` դե յուրե, եւ գրեթե բոլորը` դե ֆակտո, սխալ են` 1915-ի Օսմանյան կայսրությունում «իրադարձությունները» որակում Ցեղասպանություն: Էրդողանի խոսքերից, փաստորեն, «ուժը կորցրած» են ճանաչվում Առաջին աշխարհամարտից առաջ, ընթացքում եւ հետո միջազգային ողջ արխիվը, փաստաթղթերը, դիվանագիտական գրությունները, նամակները, հրամանները, վերապրողների ու նրանց ժառանգների վկայությունները, որոնց ուսումնասիրումը միայն բավական է փաստելու` Օսմանյան կայսրությունում իրականացվել է հանցագործություն մարդկության նկատմամբ` Ցեղասպանություն:

Այս եւ ղարաբաղյան թեմայով նույն գերմանական պարբերականին օրերս հարցազրույց տվեց նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով հենց Էրդողանի ներկայացրած «արեւի պես ջինջ ու պայծառ» թուրքական պատմությանը, նախագահը շեշտել է, որ Անկարան չէ, որ պետք է որոշի այդ հարցը, իսկ որ նույն Էրդողանն իր երկրում ապրող «ոչ իր քաղաքացի հայերին» սպառնում է վտարել (ի դեպ, գերմանական պարբերականը հարցի մեջ չի նշել Էրդողանի հորինած «100 հազարը», թերեւս մեծ սխալից խուսափելու համար - Հ. Ա.), Հայաստանի նախագահի համար անակնկալ չէ. «Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում, ցավոք, այդ արտահայություններն ինձ համար անակնկալ չեն», նշել է նախագահը:

Այս առումով Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է միջազգային հանրության դերը, որն, ըստ ՀՀ նախագահի, պետք է վճռականորեն արձագանքի. «Եթե բոլոր պետություններն արդեն ճանաչած լինեին Ցեղասպանությունը, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ («Ազգը» տեղեկացրել է այդ մասին): Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի», նշել է Սերժ Սարգսյանը: Իսկ թե ինչո՞ւ 95 տարվա վաղեմության իրողություններն այդքան կարեւոր են հայերի` այդ թվում նոր սերնդի համար, գերմանական պարբերականի հարցին, նախագահը պատասխանել է. «Որովհետեւ սա պատմական արդարության եւ մեր ազգային անվտանգության հարցն է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհը այն հստակ դատապարտելն է»:

«Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան», հարցնում է Der Spiegel-ը: «Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովը անաչառ աշխատել, եթե ցեղասպանության եզրույթն օգտագործելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում են եւ դատապարտում: Անկարայի համար կարեւորը որոշումները ձգձգելն է, որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձեւեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք, մեր պատմաբաններն այդ հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այլ իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը», պատասխանում է նախագահը:

Այնուհետեւ գերմանական պարբերականը հետաքրքրվում է ՀՀ նախագահից, «Թուրքիան վախենում է տարածքային եւ փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզելու». «Այն մեզանից ոչ ոք չի կարող խլել,- շեշտում է նախագահը,- Արարատը մեր սրտերում է: Աշխարհի որեւէ վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կտեսնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ սակայն հետեւյալը. երբեք Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց»:

Գերմանացի լրագրողն այնուհետեւ հետաքրքրվում է, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի Երեւանի կողմից` Ցեղասպանության շուրջն անվերջ վիճելու փոխարեն փորձել ճեղքել երկրի մեկուսացումը` հաշվի առնելով նաեւ Հայաստանի «դժվարին հարեւաններին» : Նախագահ Սարգսյանը պատասխանում է, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը չի կապում սահմանների բացման հետ. «Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում»:

Իսկ մերձեցումը, համենայն դեպս, թուրքական կողմից, չի կայանում նաեւ Ղարաբաղի «պատճառով»: Այս առումով բավական հետաքրքրական ձեւակերպում ունի գերմանական պարբերականի հարցն` ուղղված նախագահին. «Թուրքիան ցանկանում է սահմանների բացումը կապել ԼՂ-ի հարցում առաջխաղացման հետ: Հայերը ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆ այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին ԽՍՀՄ փլուզումից հետո ՀԱՎԱԿՆՈՒՄ էր Ադրբեջանը», ահա այսպես` «հայերը դիմակայեցին, պատերազմը սանձազերծված էր, իսկ Ադրբեջանն ընդամենը հավակնում էր»: Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ Թուրքիան մշտապես մեր կողմից զիջումներ է ուզում. «Դա, սակայն, անհնար է: Կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում խնդիրը կարելի է լուծել: Ցավոք, նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը»:

- Իսկ ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

- Ինչո՞ւ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչո՞ւ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4