«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ՀԱՅԱՑՔ ԱՆՑՅԱԼԻՆ` ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վան-վասպուրականցիների եւ Արմենական-ռամկավարների այցը Խրիմյան հայրիկի շիրիմին

Ապրիլի 3-ին լրացավ Խրիմյան Հայրիկի ծննդյան 190-ամյակը: Աճյունին այցելողներն այնքան էլ շատ չէին: Հոբելյանական այդ օրը հիշել էին միայն «Վան-Վասպուրական» հայրենակցական միության ու Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք խոստովանում են, որ օրն իրենց օրացույցում կարմիր են ներկել, արդեն մի քանի տասնամյակ պահպանում են ավանդույթն ու այցելում Խրիմյան հայրիկի շիրմաքարին Ս. Էջմիածնի մայր տաճարի առջեւ:

«Խրիմյան Հայրիկը վասպուրականցիների հայրն է, նրան հայրիկ էին կոչում ոչ միայն բարության, այլեւ հայության համախմբման եւ հայության ինքնության ձեւավորման հարցում մեծ գործունեության համար», ասում է հայրենակցական միության նախագահ Գրիգոր Բաղդասարյանը :

Տարին առանձնահատուկ է ու հոբելյանական. լրանում են Վանի ինքնապաշտպանության 95-ամյակն ու քաղաքի հիմնադրման 2865-ամյակը:

«Վանի ինքնապաշտպանության 95-ամյակը տոն է ոչ միայն վանեցիների, այլեւ ողջ հայության համար: Առաջին դեպքն էր, երբ Վանըՙ որպես առանձին քաղաք, ինքնապաշտպանությամբ հաղթանակ տարավ ու բարձրացրեց հայոց դրոշը: Վանի պաշտպանությունը տեւեց 27 օր եւ պսակվեց հաղթանակով:

800-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայերը Թուրքիայի տարածքում անկախություն ձեռք բերեցին: Թեպետ անկախության բերկրանքը կարճ տեւեց, սակայն դա հայոց պատմության նշանակալի էջերից է»:

Մայիսի 23-ին Արծիվ Վասպուրականի հուշարձանի մոտ տեղի կունենա միջոցառումՙ նվիրված ինքնապաշտպանության 95-ամյակին, իսկ աշնանը կկայանա այցելություն Վան:

Բաղդասարյանը նկատում է, որ նմանատիպ միջոցառումներն ու հիշատակի արարողությունները նպաստում են աշխարհի բազմաթիվ երկրներում սփռված վասպուրականցիների եւ հայրենիքի միջեւ կապի ամրապնդմանը:

«Վասպուրական» հայրենակցական միությունը միջոցառումների կազմակերպման գործում կհամագործակցի Արմենական-ՌԱԿ կուսակցության հետ: Կուսակցության առաջամարտիկներից Արմենակ Եկարյանն էր ղեկավարում Վանի ինքնապաշտպանությունն ու ճակատագրական պահին ավանդական երեք կուսակցություններին` ռամկավարներին, հնչակյաններնին ու դաշնակցականներին, միավորում մեկ գաղափարի շուրջը` հայրենիքի փրկության:

Արմենական-ՌԱԿ կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանը փաստում է, որ Խրիմյան Հայրիկը կուսակցության հոգեւոր հայրն էր. կուսակցության հիմնադիրները Խրիմյան Հայրիկի աշակերտներն էին:

Կուսակցության վարչության անդամ Գայանե Մուրադյանը նկատում է, որ արմենականներն ամեն տարի ապրիլի 3-ին այցելել են Էջմիածին` հարգելով մեծ հայորդու հիշատակը: «Նրա առաքելությունը հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակահատվածում չափազանց կարեւոր էր: Այսօրվա այցելության խորհուրդը շնորհակալություն հայտնելն է մեծ երախտավորին: Սերունդները պետք է հիշեն այս օրն ու հետամուտ լինեն, որ պահպանվի ավանդույթը: Մենք հիշողության կրողն ենք եւ եթե այն չգնահատենք, չկարեւորենք, ապա հաջորդ սերունդը հաստատ չի հիշի: Մեր պարտքն է փոխանցել այդ գիտակցությունը: Պետք է լինի հայացք դեպի անցյալ, որպեսզի կարողանանք առաջ ընթանալ: Քաղաքական կուսակցություններն իրենց գաղափարական հենքում պետք է որդեգրեն այդ հիշողություններն ու դարձնեն հենասյուն»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Էջմիածին-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4