«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2010-04-02 | #59, 2010-04-03 | #60, 2010-04-06


ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ «ԿԻԼԻԿԻԱՆ» Է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի ավարտական երկու հանդիպումներն էլ գոլառատ էին: Այս առումով աչքի ընկավ «Բանանցի» եւ «Իմպուլսի» մրցավեճը, որում խփվեց 7 գոլ: Երկու թիմերն էլ մեկնարկային տուրում խոշոր հաշվով պարտվել էին, ուստի պետք է ձգտեին պարզերես լինել իրենց երկրպագուների առջեւ: Արդեն առաջին խաղակեսում «Բանանցը» վճռեց մրցակցության ելքը: Խաղասկիզբը շատ անհաջող դասավորվեց «Իմպուլսի» ֆուտբոլիստների համար: Արդեն 4-րդ րոպեին Դու Բալայի փոխանցումից հետո Անդրեյ Չերեւկոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հինգ րոպե անց Սամվել Մելքոնյանը 11 մ հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Ընդմիջումից հետո Զավեն Բադոյանը կրճատեց հաշվի տարբերությունըՙ բացելով «Իմպուլսի» գոլերի թիվը բարձրագույն խմբում: Սակայն քիչ անց Սամվել Մելքոնյանը կրկին դիպուկ իրացրեց 11 մ հարվածըՙ հաշիվը դարձնելով 4-1, դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Մինչեւ խաղավարտ մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: Վահագն Այվազյանի խփած գոլին «Բանանցը» պատասխանեց Դու Բալայի գնդակով: Այսպիսով, «Բանանցն» անդրանիկ հաղթանակը տոնեց, իսկ «Իմպուլսը» խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Բնականաբար, «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից ու մեկնարկում ցույց տված արդյունքից: Բացառված չէ, որ մարզիչները հրաժարվեն «Իմպուլսի» փորձառու մի քանի ֆուտբոլիստներից:

Մեկնարկի իսկական հայտնությունը «Կիլիկիան» է: Առաջին տուրում կիլիկիացիները սեփական հարկի տակ 3-1 հաշվով կամային հաղթանակ էին տոնել «Գանձասարի» նկատմամբ: 2-րդ տուրում կիլիկիացիները «Հրազդանում» նույնպիսի հաշվով հաղթեցին «Շիրակին» եւ 6 միավորով «Փյունիկի» եւ «Ուլիսի» հետ աղյուսակը գլխավորողների թվում են: Այդ խաղում «Կիլիկիայից» գոլերը խփեցին Կարեն Խաչատրյանը, Սարգիս Մովսիսյանը եւ Հայկ Մկրտչյանը: Շիրակցիներից միակ գոլը խփեց Անդրանիկ Բարիկյանը:

Առաջնության մեկնարկից առաջ մասնագետների կարծիքով բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար հիմնական պայքարը պետք է ընթանար հենց «Կիլիկիայի» եւ «Շիրակի» միջեւ: Սակայն «Կիլիկիան» հաճելի անակնկալ մատուցեց: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ կիլիկիացիները նախապատրաստական ողջ շրջանը թեեւ անցկացրել են Հայաստանում, սակայն դա նրանց չի խանգարել լավ մարզավիճակ ձեռք բերել: Երիտասարդ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի աշխատանքի արդյունքն այսօր տեսնում են բոլորը: Համալրված լինելով բացառապես տեղացի, հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով, «Կիլիկիան» այսօր մարտունակ կոլեկտիվ է իրենից ներկայացնում: Անշուշտ, թիմը կձգտի հետագա հանդիպումներում զարգացնել հաջողությունը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ22007-26
2. Կիլիկիա22006-26
3. Ուլիս22004-06
4. Միկա21016-43
5. Բանանց21015-63
6. Գանձասար20021-40
7. Շիրակ20021-60
8. Իմպուլս20022-80

Ռմբարկուները

Սամվել Մելքոնյան«Բանանց»3
Ալբերտ Թադեւոսյան«Փյունիկ»2
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»2
Մինդաուգաս Գրիգալեւիչուս«Միկա»2
Գագա Թբիլաշվիլի«Ուլիս»2

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4