Իսպանական Սան Սեբաստիան քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 142 մասնակիցների թվում էր Կարեն Մովսիսյանը: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, հայ գրոսմայստերը զբաղեցրեց 7-րդ տեղը: Ավարտական 3 տուրերում նա այնքան էլ հաջող չխաղացՙ վաստակելով 1,5 միավոր: 7-րդ տուրում Մովսիսյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Ալեքսիս Կաբրերային: Կարենի համար ճակատագրական եղավ 8-րդ տուրում Դանիել Ալսինայից կրած պարտությունը, որը նրան զրկեց առաջին մրցանակը շահելու հնարավորությունից: Մրցաշարի վերջին տուրում Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոգորելովի հետ:
7,5 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց կուբացի Արամիս Ալվարեսը: Նա հաշտություն կնքեց Մարկոս Լիանեզայի եւ Մարկո Տրատարի հետ, իսկ վերջին տուրում հաղթեց Ալեքսիս Կաբրերային: Հենց այդ պարտիան էլ վճռեց մրցաշարի հաղթողի հարցը: 7-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Մարկո Տրատարը, Դանիել Ալսինան, Եվգենի Գլեյզերովը, Քեւին Սպրագետը եւ Օլեգ Կոռնեեւը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ