ԵՄ հանձնակատար. Հայ-թուրքականը կարող է նպաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Որեւէ բան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ չի փոխվել:
Երեկ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ մնալու հանգամանքը հաստատեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ տրված ասուլիսում:
Նախարարը վերահաստատեց Հայաստանի մոտեցումը, ընդգծելով. «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ ոչ միայն մենք, եռանախագահներն էլ են հասկանում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն են»: Նախարարն ընդգծեց, որ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, «մնացած հարցերն ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ»:
Ռազմատենչությունը չի նպաստում կարգավորմանը
Ողջունելով ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին Երեւանում` նախարար Նալբանդյանը նշեց, որ համագործակցությունը Եվրոպական միության հետ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, ընդ որում, կարեւորումը երկկողմ է, ինչի վկայությունը հաճախակի դարձած ԵՄ պաշտոնյաների այցելություններն են Հայաստան:
Նալբանդյանի խոսքերով, ԵՄ հանձնակատարի այցը լավ առիթ է նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցից առաջ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգն ու համագործակցության հնարավորությունները, որոնք Արեւելյան գործընկերության նախագծի մեկնարկով ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր որակական մակարդակ են ներկայացնում:
Այս առումով հայկական կողմը, նախարարի ներկայացմամբ, հատկապես կարեւորում է ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Շտեֆան Ֆյուլեն իր հերթին կարեւորեց Արեւելյան գործընկերության ծրագիրն ու դրանով Հայաստանի առավել կայացած երկիր դառնալու հեռանկարը: Եվրոպացի դիվանագետի խոսքերով, ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունները հնարավորինս արագ կսկսվեն, ու խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն էլ առավել կմոտեցնի Հայաստանը Եվրոմիությանը` հնարավորություն ընձեռելով որոշակի պայմաններով տնտեսական համագործակցություն ձեւավորելու Եվրոմիության հետ:
Հարցին, թե ինչպիսին է Եվրոմիության վերաբերմունքը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու հռետորիկային, որի եւս մեկ վկայությունն էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի ստամբուլյան հայտարարություններն էին, ԵՄ հանձնակատարը արձագանքեց, որ այդօրինակ խոսքերը (որոնց ինչպիսին լինելու առնչությամբ Շտեֆան Ֆյուլեն նշեց, թե լավատեղյակ չէ կոնկրետ այդ հայտարարությունների տեքստին) չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:
Ամեն դեպքում, ԵՄ հանձնակատարի խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք է հարգվեն ոչ միայն ուժի չկիրառման, այլեւ ուժի կիրառման սպառնալիք չկիրառելու մոտեցումները:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին ու դրանց շուրջը ծավալվող գործընթացին որպես հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հիմնական ձեւաչափ, ապա Եվրոպական միությունը, ըստ Շտեֆան Ֆյուլեի, աջակցել եւ աջակցում է հայ-թուրքական արձանագրություններն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում վավերացնելուն:
Իսկ թե ինչպես կարող է հայ-թուրքական գործընթացը ազդել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, ապա, ԵՄ հանձնակատարի մատուցմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները օգտակար կլինեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Ըստ եվրոհանձնակատարի բարիդրացիական հարաբերությունները կարեւոր հանգամանք են ԵՄ-ին երկրի անդամակցության պարագայում:
Ավելի մոտ ԵՄ-ին
Շտեֆան Ֆյուլեի այցելությանը նախատեսված հանդիպումներից էր նաեւ քննարկումը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ Եվրոմիությունը հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ եւ Հայաստանի պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորումը հնարավորություն կտա վերանայելու եւ գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը եւ քննարկելու Եվրոմիության եւ Հայաստանի հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները:
Քննարկվել է նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Հանդիպումից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագրի փոխըմբռնման հուշագիր:
ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատվող Ինդիկատիվ ծրագրով նախատեսվում է 2011-2013 թթ. ԵՄ հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին հատկացնել 157,3 մլն եվրոյին համարժեք ընդհանուր ֆինանսական աջակցություն: Դրա շրջանակներում նախատեսվում է առնվազն 32 մլն եվրո ուղղել պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ առնվազն 7 մլն եվրո` ներդաշնակեցման քաղաքականությանը: Աջակցությունը կենտրոնացվելու է երեք հիմնական ոլորտներում. ժողովրդավարական կառույցներ եւ բարեխիղճ կառավարում, առեւտուր եւ ներդրումներ, կարգավորման դաշտի կատարելագործում եւ բարեփոխումներ, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ: