Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմը հավանաբար կվերացվի առաջիկա մայիսին, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով, անայցագիր ռեժիմի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Անկարա կատարելիք այցի ժամանակ:
Ներկայումս երկու երկրների միջեւ գործում է պարզեցված այցագրային ռեժիմ: ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի, եթե ունի արտասահմանյան ձեւի անձնագիր եւ հետադարձ տոմս, Թուրքիա հասնելուն պես կարող է ստանալ մուտքի թույլտվություն: Զբոսաշրջային այցագրի արժեքը 15 եվրո է: Էրդողանի խոսքերով, վերջին 7 տարում Թուրքիան վերացրել է այցագրային ռեժիմը 25 երկրի հետ:
Այցագրային ռեժիմը վերացնելու Ռուսաստանի եւ Թուրքիայի ծրագրերի մասին հայտնի էր դարձել 2010-ի հունվարինՙ Էրդողանի Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Բացի դրանից, այցի ժամանակ նա ՌԴ իշխանությունների հետ համաձայնեցրել էր թուրքական լիրայի եւ ռուսական ռուբլու օգտագործումը ռուսաստանյան ընկերությունների հետ կատարվող հաշվարկների համար:
Ներկայումս Ռուսաստանը մուտքի անայցագիր ռեժիմի վերաբերյալ համաձայնագրեր ունի 53 երկրի հետ: Եվս 34 երկրի հետ գործում է մուտքի պարզեցված ռեժիմ: