Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն կհեռարձակի Էրիկ Ֆրիիդլերի 2009-10 թվականներին պատրաստված «Աղետՙ մի ցեղասպանություն» 90 րոպեանոց վավերագրական ֆիլմը: Ինչպես իրազեկում է հիշյալ հեռուստատեսության կայքէջը, ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհայինի մութ էջերիՙ Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ 1915-18-ին 1,5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությանՙ ներկայիս Թուրքիայի տարածքում: 2010-ի ապրիլի 24-ին հիշյալ ցեղասպանության 95-ամյակն է լրանում: Մինչեւ այսօր էլ պատասխանատուներն ու նրանց հետնորդները ուրանում են, իսկ աշխարհն իրենից վանում է, Ռաֆայել Լեմկինի բնորոշմամբ, 20-րդ դարի առաջինՙ սիստեմատիկ իրագործված ցեղասպանությունը:
Նկատելի է, որ ֆիլմի վերնագրում «Ցեղասպանություն» միջազգայնորեն հասկանալի բառեզրի կողքին առաջին անգամ տեղ է գտել դեռեւս քիչ շրջանառվող հայերեն «Աղետ» եզրաբառը: Այս վերջինը, որը տեւական կիրառում է գտնում Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկ Միհրան Դաբաղիՙ Հայոց ցեղասպանության մասին աշխատություններում, ընկալելի տարբերակ է դարձել իրավաբանական եզրույթը ազգայինով հարստացնելու եւ առանձնահատուկ երանգավորելու համար: Մնացյալըՙ ֆիլմը դիտելուց հետո:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա