«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2010-04-03 | #60, 2010-04-06 | #61, 2010-04-07


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ, ՈՐ ԱՊԱԳԱՆ ՄՇՈՒՇՈՏ ՉԼԻՆԻ

Ներկայացվեց Սուրեն Սարգսյանի նոր գիրքը Արմենականների մասին

Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «1985-1908 թթ. հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը Արմենական գործիչների գնահատմամբ» գրքի շնորհանդեսը: Գրքում հեղինակը ներկայացրել է արմենական գործիչների` Արտակ Դարբինյան, Արմենակ Եկարյան, Միքայել Նաթանյան, Փանոս Թերլեմեզյան, պատմագիտական հայացքներն ու գնահատականները հայ ազգային-ազատագրական պայքարի վերաբերյալ:

Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի մատուցմամբ պատմագրության մեջ ոչ միայն այս շրջանը, այլեւ Արմենական եւ ՌԱԿ կուսակցությունների գործունեությունն ու գաղափարախոսությունը համեմատաբար քիչ է ուսումնասիրվել: Ի տարբերություն պատմաբանների ու մասնագետների, որոնք հրաշալի գիտեն կուսակցության անցած ուղին, հասարակության լայն շերտերը տեղեկացված չեն: «Դա նաեւ մեր մեղքն է,- ասաց Հ. Ավետիքյանը : Հետեւաբար բացը պետք է լրացնել, սակայն միայն պատմաբան Սուրեն Սարգսյանի ուժերը բավարար չեն: Հարկավոր են նաեւ այլ պատմաբանների աշխատություններ, որոնք թերություններն ու բացթողումները ներկայացնելուն զուգահեռ կարժեւորեն նաեւ կուսակցության անցած ճանապարհը: Այդ կապակացությամբ նա ասաց, որ Բեյրութում, Բոստոնում եւ Մոնտրեալում գտնվող ՌԱԿ արխիվը պետք է տեղափոխել Հայաստան, որպեսզի ուսումնասիրողները կարողանան առաջին ձեռքից օգտվելու հնարավորություն ունենալ: Դա մեր պարտքն է»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր, նոր շրջանի պատմության բաժնի վարիչ Էմմա Կոստանդյանը կարդացել է Սարգսյանի գիրքը, հետո մի քանի ժամ շարունակ քննարկել են: Արդյունքում` երաշխավորել հրատարակության: «Աշխատությունը հրատապ հնչեղություն ունի, որովհետեւ գրքում ներկայացված ավանդական կուսակցություններն այսօր էլ գործում են եւ մենք պետք է իմանանք ճշմարտությունը, պատմությունը մեզ պետք է դասեր տա: Այն ուսումնասիրելն ինքնանպատակ չէ, պետք է առաջնորդվել ու պատմության սխալերից դասեր քաղել»:

Կոստանդյանի դիտարկմամբ հեղինակը ճիշտ գնահատականներ է տվել արեւմտահայության եւ արեւելահայության հարաբերությունների եւ ազգային ռոմանտիզիմի մասին: «Հայ ազգային պայքարի ալիքը բարձրացավ հակահայ քաղաքականության պատճառով: Մարդիկ ըմբոստանում էին, երբ վիրավորում էին իրենց արժանապատվությունը: Հենց այդ ժամանակներից Արմենական կուսակցության առաջին կարգախոսներից մեկը դարձավՙ «Ապահովել իր մարդ ապրելու իրավունքը»: Պատմաբանը գիրքը արժեւորում է նաեւ այն առումով, որ 1885-1908թթ ազգային-ազատագրական պայքարի այդ ժամանակահատվածը դարձավ հանրության սեփականությունը: «Կարեւոր է, որ հեղինակը մանրամասն անդրադարձել է ազգային-ազատագրական պայքարի նախապատրաստական շրջանին, իրավացիորեն համարելով, որ պայքարի սկիզբը պետք է լինի նախապատրաստական շրջանը»:

Պատմաբան, ԵՊՀ դասախոս Աշոտ Ներսիսյանն էլ կարեւորում է այն հանգամանքը, որ գրքում ներկայացված են բուն պատճառները, թե ինչու ազգային զարթոնը 1908թ վախճանվեց: «Հայոց ցեղասպանության անժխտելի պատճառը Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականությունն էր, որը մեզ փորձում էր զրկել ազգային դեմքից: Կար նաեւ մեծ տերությունների դավադիր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ: Այս առումով չափազաց մեծ դերակատարություն ունի այն փաստը, որ Արմենական կուսակցությունը իրատեսական էր գերտերությունների աջակցության վերաբերյալ: Կուսակցությունը ստեղծվել էր հայրենիքում եւ դա նպաստեց որպեսզի գործի ավելի խոհեմ եւ իրատեսական: Ի տարբերություն մյուս երկու ավանդական կուսակցությունների Արմենականներն առաջարկում էին մասնակի ձեռնարկումներ չիրականացնել` գիտակցելով, որ մեծ տերությունները հայկական կոտորածների մեջ են փնտրում իրենց քաղաքական շահը»:

Ներսիսյանը գրքում գտել է նաեւ «Ինչու հայ ազատագրական պայքարը պարտություն կրեց» հարցի պատասխանը: «Պատճառն այն չէր, որ մենք հերոսական չէինք: Ողբերգության հանգեցրեց կուսակցությունների անմիասնականությունը: Պետք է պատմությունից դասեր քաղել, որպեսզի ապագան մշուշոտ չլինի: Շատ բան ունենք Արմենական կուսակցության մեծերից սովորելու, որովհետեւ այս հարցերն այսօր էլ արդիական են»:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի բնորոշմամբ էլ Սուրեն Սարգսյանը հայ պատմագրության մեջ մեծ անելիք ունի: «Կարեւորը անցյալից դասեր քաղելն է: Հեղինակի կատարած աշխատանքն էլ մեծ է եւ շատ կարեւոր»:

  Սուրեն Սարգսյանն էլ ասաց, որ ներկայացվածը գրքի միայն առաջին հատվածն է: Երկրորդ հատվածը նվիրված կլինի Հնչակյան կուսակցությանը, իսկ երրորդ հատվածը` Հայ հեղափոխական դաշնակցությանը:

«Գիրքը մի քանի հարցերի պատասխան է տալիս` 1880-ականներին սկիզբ առած ազգային-ազատագրական զարթոնքը 1908 թ. պարտություն կրեց: Այս կապակցությամբ պետք է ճշմարտությանն ուղիղ աչքերով նայել ու անցյալի սխալներից դասեր քաղել: Գրքում կարմիր թելով գնում է մի գաղափարախոսություն, որ եթե հայերը միակամ են, հաղթում են եւ այս առումով լավագույն օրինակը Վանի ինքնապաշտպանությունն է»:

Շնորհանդեսին հայրենասիրական 3 երգի կատարմամբ հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4