«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2010-04-03 | #60, 2010-04-06 | #61, 2010-04-07


ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԱՇԽԱՐՀԸՙ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ

Երիտասարդ գեղանկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսյանի վերջին անհատական երկու ցուցահանդեսներինՙ նվիրված «Ծաղիկներս նահատակած» եւ «Իմ Երեւան» ստեղծագործությունների շարքին «Ազգը» նախապես անդրադարձել է: Երեկ, «Մայրության, գեղեցկության եւ սիրո» տոնի առիթով Ազգային ժողովի ընդարձակ ցուցասրահում բացվեց Արեւիկի 11 աշխատանքների ցուցադրությունը: Այն ողջույնի խոսքով բացեց պատգամավոր Կարինե Աճեմյանն ու նշեց, որ Արեւիկ Պետրոսյանի ստեղծագործություններում գերակշռում է հայրենասիրությունը, սերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ ներկա կանանց ու մայրերին շնորհավորեց տոնի առիթով ու նշեց, որ Արեւիկ Պետրոսյանի գեղանկարների ցուցադրությունը հիանալի նվեր է գարնանային տոնի առիթով:

Աշխատանքները դիտելուց հետո, ԱԺ նախագահը «Ազգին» փոխանցեց իր հիացմունքը ցուցահանդեսին ու շեշտեց. «Պարզապես հիանալի էր, լույս ու ջերմութուն, սեր ու զարթոնք կար, նաեւՙ ապագայի նկատմամբ մեծ հավատ»:

Արեւիկ Պետրոսյանի 11 աշխատանքնեը հիացրել էին պատգամավորներին ու հյուրերին, որոնց շնորհակալություն հայտնելով Արեւիկն ասաց. «Ես բացեցի իմ պատուհանն արվեստում, որն իմ հոգու արտացոլման աշխարհն էՙ իմ կյանքը, իմ սերը, իմ առաքելությունը...»: Արեւիկը ժրաջան մեղվի պես իր նեկտարն է հավաքում ու դարձնում իր ստեղծագործությունների հենքը եւ վերադարձնում ժողովրդին: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է բացել Երեւանում, Եվրոպայի տարբեր քաղաքներում, ԱՄՆ-ում եւ այլուր: Նրա ստեղծագործություններն արված են օրգանական ապակու վրա, ոսկով ու արծաթով համադրված, որոնք նկարին տալիս են թափանցիկություն, խորություն, լույս, փայլ եւ արեւի նման ճառագում...

Մասնագիտությամբ դիզայներ Արեւիկի մոտ ցանկություն է առաջանում կոտրել բոլոր տեսակի ստերեոտիպերը, կախումը կտավից, գուաշից, թղթերից, յուղաներկից ու թափանցիկություն բերել նկարչության մեջ: Դա նրան հաջողվում է շնորհիվ այն քրտնաջան, օր ու գիշեր աշխատանքի, որի արդյունքում նա գտավ նյութերի փոխադարձ համադրության գաղտնիքը եւ սկսեց այս նոր ոճով ներկայանալՙ գեղանկարչության մեջ գտնելով իր ուրույն ձեռագիրը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4