«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2010-04-06 | #61, 2010-04-07 | #62, 2010-04-08


ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ ՊԱՏԻԺՆԵՐԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային 12 անգամ մեղադրել է ազատ արտահայտվելու իրավունքը խախտելու մեջ: Վերջին հիսուն տարում դատարանի արձակած վճիռների 17 տոկոսը վերաբերել է Թուրքիային:

Նման տեղեկություն է պարունակում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության մամլո հաղորդագրությունը, որտեղ քննարկվում են Թուրքիայում քրդական մամուլի սահմանափակումները:

Այսպես, Դիարբեքիրի դատարանը մարտի 30-ին երեք տարվա բանտարկության է դատապարտել Թուրքիայի միակ քրդալեզու «Ազատիյա վելաթ» (Ազատ երկիր) օրաթերթի ամենախոշոր բաժնետերՙ Վեդաթ Քուրսունինՙ PKK-ի քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով: Թերթի կառավարիչ-խմբագիրը (մինչեւ անցյալ տարի ազատազրկվելը) վերջինն է այն քուրդ լրագրողներից, որոնք զոհ են դարձել հակաահաբեկչության թիվ 3713 օրենքի:

«Մենք դատապարտում ենք այդ թերթի դեմ սանձազերծված հետապնդումները: Նման անհամաչափ պատիժները բացահայտում են երկրի կառավարական շրջանակների քաղաքականության մեջ տեղ գտած հակասությունները, հատկապես անցյալ տարվա նախաձեռնությունից հետո, երբ ենթադրվում էր, որ առավել լայն իրավունքներ են տրվելու երկրի 25 միլիոն (բնակչության մեկ չորրորդը) քրդերին», ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշված է նաեւ, որ եթե 2006-2008 թվերի բոլոր հոդվածների համար դատապարտեին խմբագրին, ապա նա բանտում պետք է մնար 525 տարի: Քուրսունին փոխարինած Օզան Քիլինչին նույնպես դատապարտել են (փետրվարի 10-ին) 21 տարվա եւ 3 ամսվա բանտարկության:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4