«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2010-04-06 | #61, 2010-04-07 | #62, 2010-04-08


ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Էՙ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Հայ հանրության առօրյայում անցանկալի իրողություններն ավելին են, քանզի ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չի արվում

Վերնագրի արտահայտությունը բազմիցս հաստատվել է հետխորհրդային երկրների առօրյայում: Վերափոխումներ իրականացնող ղեկավարներն ամեն օր փորձում են քաղաքական ու տնտեսական միջոցներով բարելավել իրենց հասարակության կենցաղն ու ապրելակերպը, սակայն նրանց բարի ցանկությունները դաժան խաղ են դառնում սեփական քաղաքացիների համար: Հողի սեփականաշնորհումը ծնեց «գյուղացուն հողին հանձնեցին» արտահայտությունը, տրանսպորտի մասնավորեցումը հանգեցրեց գծատեր պատգամավորների խավի կազմավորմանը, առեւտուրը դարձավ մենաշնորհատերերի գործելադաշտ, եւ այսպես շարունակ:

Ասվածի պարզ օրինակ է գազի նոր սակագնի հետ կապված պատմությունը: ՀՀ-ում ընտրովի պաշտոնի յուրաքանչյուր թեկնածու անցած տարիներին խոստացել է լուծել առանձին վերցրած բնակարանից սկսած մինչեւ ողջ համայնքի գազաֆիկացումը: Հիանալի է, նշում է մեզնից յուրաքանչյուրը: Եվ խնդրեմ. վերջին տարիներին երկնագույն վառելիքն իրենց բնակարաններում ունեցան 600 հազար տնտեսություններ, որպիսի ցուցանիշ չի եղել անգամ խորհրդային տարինեին: Գազատար խողովակները հասցվել են անգամ բարձր լեռնային ու հեռավոր սահմանային հարյուրավոր գյուղական համայնքներ: Բայց ա՜յ քեզ բան. խողովակներում հայտնված գազը տներից մի 40-50 մետր հեռավորության վրա է, իսկ, ասենք, մեր տասնյակ հազարավոր գյուղաբնակներն այն իրենց խոհանոցներում ու ջերմակաթսաներում ունենալու ցանկությունը չեն ցուցաբերում: Ըստ լրատվամիջոցների բազմաթիվ հաղորդումներիՙ կան հարյուրավոր տնտեսություններ ունեցող համայնքներ, ուր նրանց հազիվ մեկ տասնյակն է միացել գազատարին, այն էլ գազի այնպիսի սահմանափակ օգտագործմամբ, որ չարժե հաշվիչի կողմը նայել: Այս երեւույթն արձանագրվում է ՀՀ ողջ տարածքում, որը գազագործների հաշվետվություններում արտացոլվում է գազի օգտագործման 20 տոկոս նվազման ցուցանիշով: Տողերիս հեղինակը հեռու է «Հայռուսգազարդ»-ի պաշտպանի դեր ստանձնելուց, բայց անկարող է չհարցնելՙ ինչ անի հսկայածավալ աշխատանքներով միլիարդավոր դրամների ծախսեր իրականացրած ձեռնարկությունը: Անշուշտ, պաշտպանել իր շահերը, որը տվյալ պարագայում արտահայտվում է իր ապրանքի դիմաց իր գինը սահմանելու միջոցով: Անշուշտ կարելի է չհամաձայնել նման մոտեցմանը, ընդվզել ու բողոքել, գուցե բոյկոտել, որը թերեւս ձեռնարկությունը սնանկացման հասցնի: Այս սցենարը ձեռնտու չէ անգամ մի կերպ վճարող խավին եւ, իհարկե, իշխանությանը, քանզի վերջինս հանրության վճարունակ հատվածի գազօգտագործումից առաջացած մուծումներով զգալի հարկեր ու տուրքեր է հավաքում, առանց որոնց ինքը գոյատեւել չի կարող: Այնպես որ նպատակը լավ բան անելն էՙ երկրի գազաֆիկացումը, իսկ թե ինչ ստացվեց, տեսնում ենք բոլորս: Ուզենք թե չուզենք նայում ենք գյուղաբնակների կողմը, քանզի այստեղ է գազագործների կրած հիմնական վնասը:

Գյուղին պետք է օգնել ամեն գնով: Այս լավ բան անելու ցանկությանն է ուղղված վերջերս հայտարարված գյուղական տարածքներում 3 խոշոր մեքենատրակտորային կայանների ստեղծման խոստումը: Այո, հողի վարն այսօր թանկ հաճույք է, գյուղացին անվերջ տրտնջում ու բողոքում է այն իրականացնելու խնդրում ունեցած դժվարություններից: Ողջունելի է վիճակը թեթեւացնելու յուրաքանչյուր քայլ, այդ թվումՙ երիտասարդ նախարարիՙ ՄՏԿ-ներ հիմնելու որոշումը, եթե, իհարկե, այն չի տրվել մոտակա տարիներին դրանք լուծարելու արդյունքով: Իսկ նման հավանականություն կա, քանզի հողօգտագործողն այսօր շատ ավելի հեշտ փոխըմբռնման հասնում է իր համագյուղացի մեխանիզատորի հետ, երբեմն պարտք մնալու գնով: Փոխարենը նրան առաջարկվելու է որոշակի բարդ մի գործընթաց, որից նա դժվար թե օգտվի: Այսուհանդերձ ես կանխավ ներողություն եմ խնդրում հողօգտագործողների այն մասի կարծիքը նշելու համար, ովքեր հայտնվել են թերահավատների թվում: Ինչ իմանաս. «գուցե մերն ուրիշ է»-ն իրոք ուրիշ է:

Նորօրյա Հայաստանում որ կողմ շրջվես ու ինչ ուղղությամբ շարժվես, դեմ ես առնում գյուղական աղքատության, որն էլ բազմաբնույթ հոգսեր ու դժվարություններ է ստեղծում ողջ հանրության համար, վտանգում երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, հասարակության համաչափ ընթացքը: Տարիներ առաջ տարբեր մարզերում գերժամանակակից սպանդանոցներ հիմնվեցին, որոնցում մինչ օրս անգամ մեկ կենդանի չի մորթվել, քանզի դրանց անձնակազմերի ծախսերի հատուցումն ուղղակի անդրադառնում է մսի գնի վրա: Հիմա էլ խոսվում է գյուղական համայնքներում 30-40 տնտեսություններից բաղկացած կոոպերացիաների ստեղծման մասին, երբ ցանկալի է դրանց արդյունավետության մասին խոսել մի քանի դրական օրինակներ ունենալու պարագայում: Այնպես որ լավ բան անելու տեսական ու անգամ գործնական բնույթի գործընթացները մեզանում դեռ կշարունակվեն, քանի դեռ հայ հողի մշակի աշխատանքը, առանց այն էլ ծանր ու տանջալից, չի դառնա արդյունավետ ու եկամտաբեր: Երկիր մոլորակի չորս կողմերում այն ձեռք է բերվում հիմնական մեկ գործիքի օգնությամբ. երկրի հողային կարողունակությունը հնարավորինս օգտագործվում է առավելագույն արդյունավետություն ապահովող մշակաբույսի աճեցման նպատակով, որն էլ որպես անասնակեր օգտագործելով երաշխավորվում է տվյալ հանրության կենդանական ծագման սննդատեսակների` կաթնամսամթերքների բավարար արտադրությունն ու սպառումը: Մշակաբույսն այդ համարվում է եգիպտացորենի հատիկը, որի հարյուր միլիոնավոր տոննաներ արտադրում են սուրճի ու բրնձի երկրներ Բրազիլիան ու Չինաստանը, որոնք ինքնաբավ դառնալուց բացի այսօր հեղեղում են նաեւ հայկական շուկան: Եգիպտացորենի միլիոնավոր տոննաներ հատիկ են արտադրում ԱՄՆ-ում ու Եվրոպայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում ու Ավստրալիայում. այսօր ցորենի համաշխարհային արտադրությունը կազմում է 600 մլն տոննա, եգիպտացորենի հատիկինը` 800 մլն տոննա: Հավի մսի արտադրությունն ի՞նչ է, որ չենք կարողանում իրականացնել, որի ներկրումը հասնում է 35 հազար տոննայի, երբ սեփականը հազիվ դրա 10 տոկոսն է, այն էլ տասնյակ հազարավոր տոննաների հասնող եգիպտացորենի հատիկի ներկրման արդյունքում: Իսկ հայ գյուղացուն օգնել մշակելու այս մշակաբույսըՙ ոչ ոք լավ գործ համարել չի պատրաստվում: Այստեղ արժե հիշել, որ 2007 թ. եւ 2008-ի գարնանային շրջանում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկեց. պետբյուջեի հաշվին ձեռք բերվեց ու գյուղացիական տնտեսություններին բաշխվեց եգիպտացորենի սերմացու, մշակաբույսի աճեցումը խրախուսվեց սուբսիդավորմամբ, քայլեր ձեռնարկվեցին համապատասխան տեխնիկայի հայթայթման ուղղությամբ: Հետագայում այս լավ աշխատանքը տարօրինակորեն մոռացվեց ու մերժվեց: Երբ Հայաստանի Հանրապետությունում լուծվի պարզից էլ պարզ այս խնդիրը, որը գյուղացու աշխատանքի արդյունավետության ու եկամտաբերության հիմնական երաշխիքն է, գյուղաբնակը տան գազաֆիկացումն էլ կիրականացնի, իր գյուղտեխնիկան ձեռք կբերի, անասունն էլ թերեւս սպանդանոցում մորթի, հետն էլ քաղաքաբնակին եվրոդուռ ու լուսամուտ պատվիրի, հրավիրի լոգարանն ու խոհանոցը սալիկապատելու, ինչ իմանասՙ երեխաների համար էլ պարուսույց փնտրի: Այնժամ բարի ցանկություններն էլ տխուր վերջաբանի տեսքով չեն ավարտվի, ինչպես ցավալիորեն մինչ օրս արձանագրվողներն են:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-2008 թթ. ՀՀ գյուղնախարարի խորհրդական


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4