«Սեւանի ափերը ջրի մակարդակի բարձրացմանը չնախապատրաստվեցին այնպես, ինչպես պետք էր` կանաչ տարածքներն ու աղբը մնում են ջրի տակ»: Մտահոգությունը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանինն է: Նրա բնութագրմամբՙ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հարցերով հանձնաժողովում այս կապակցությամբ մասնագետների կարծիքները հակասական են: Մի մասը կարծում է, որ ջրի տակ կանաչ տարածքների մնալը վտանգավոր է, մյուս մասը Սեւանի համար վտանգավոր չի համարում:
«Մասնագետների մի մասը պնդում է, թե այդ կանաչ զանգվածը օրգանական նյութ է եւ կեր կդառնա լճի կենդանական աշխարհի համար, մյուս կողմն էլ կարծում է, որ կանաչ զանգվածը բավական շատ է եւ կնպաստի լճի ճահճացմանը: Խորին համոզում ունեմ, որ ափերի ճահճացումը վտանգավոր է: Սեւանին կարող է սպառնալ ճահճացում, որովհետեւ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ կանաչ տարածքներն ու շինությունները մնում են ջրի տակ, եւ հնարավոր է, որ լիճը չկարողանա ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը», ասում է Դանիելյանը:
Նրա ասելովՙ վերոնշյալ հանձնաժողովում ցանկանում են, որ համայնքները մաքրեն ափամերձ տարածքի ծառերը, գործընթացն էլ հսկի բնապահպանության նախարարությունը: «Լիճը բարձրանում է, եւ դա, իրոք, լավ է: Ընդ որում, ավելի արագ է բարձրանում, քան նախատեսված էր. անցյալ տարվա համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է 30 սմ: Բայց եթե ափերը չնախապատրաստվեն, վատ կլինի: Ջրի տակ անցնելու վտանգին ենթարկվող շինությունների քանակը շատ մեծ է: Սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ դրանից 460-ն է օրինական, հետո այդ թիվը նվազեց` հասնելով 200-ի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ