Արվեստի տեսակների ամբողջ ընտանիքում երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Երաժշտական արվեստի գործընթացը կախված է երեք պայմաններիցՙ նոտայական տեքստից, կատարումից եւ ձայնագրությունից: Երաժշտության կատարումը եւ ձայնագրությունը երկարացնում են կոմպոզիտորական տեքստի կյանքը, եւ եթե պատկերացնենք աուդիո եւ վիզուալ ձայնագրության կատարելագործվող տեխնիկական հնարավորությունները, ապա կարելի է հանգիստ լինել համաշխարհային երաժշտական ժառանգության ապագայի համար:
Բայց ինչպե՞ս վարվենք ազգային (դասական եւ ժամանակակից) ժառանգության հետ: Չէ՞ որ աշխարհում ոչ ոք հենց այնպես չի ձայնագրի հայկական երաժշտություն, բացառությամբ Ա. Խաչատրյանի երաժշտության: Արտասահմանում հայկական երաժշտությունը սովորաբար ձայնագրում են մեր հայրենակիցները կամ նրանց բարեկամները, օրինակ, Չիլինկիրյան-քառյակըՙ Լոնդոնում, Կիմ Քաշքաշյանը եւ Հասմիկ Պապյանըՙ Գերմանիայում, Մովսես Պողոսյանըՙ ԱՄՆ-ում: Կան նաեւ այսպիսի հազվագյուտ օրինակներ. Մոսկվայի Ժամանակակից երաժշտության համույթը Ֆրանսիայում ձայնագրում է Ա. Զոհրաբյանի հեղինակային ձայնասկավառակը, իսկ գերմանական Ռոզամունդ-քառյակըՙ Տ. Մանսուրյանինը: Հենց վերջերս Ալեքսանդր Բրուսիլովսկին Փարիզում ձայնագրեց Գագիկ Հովունցի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ:
Խորհրդային ժամանակներում հայկական երաժշտությունը ձայնագրում էր մոսկովյան «Մելոդիա» ֆիրման: Գրեթե բոլոր նշանակալի կոմպոզիտորներն ունեին առանձին երկերի ձայնագրություններ, ոմանքՙ նաեւ հեղինակային ձայնապնակներ: Ձայնագրվում էին նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ բոլորովին երիտասարդ կոմպոզիտորների երաժշտությունը: Եվ արտադրության այդ ամբողջ մշակված պրոցեսըՙ նոտաների եւ երաժշտական գրականության թողարկման հետ, համահավասար ապահովում էր երաժշտական արվեստի, գեղարվեստորեն դրականի բնական կեցությունը:
Անկախության հռչակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց եւ ըստ երեւույթին դեռ երկար հարկ կլինի սպասել երբեմնի պետական նախաձեռնության վերականգնմանը: Իսկ առայժմ (թվային տեխնոլոգիաների դարաշրջանում) ամբողջ ծանրությունն ընկած է կատարողների եւ կոմպոզիտորների ուսերին, որոնք ուզում են իրենց ստեղծագործական աշխատանքի արդյունքները դարձնել լայն հասարակայնության սեփականությունը: Երեւանում ի հայտ է եկել հեղինակային մի քանի ձայնասկավառակ (Ա. Բաբաջանյանի, Ղ. Սարյանի, Տ. Մանսուրյանի, Ս. Զաքարյանի երաժշտությամբ), Հայաստանի բոլոր առաջատար երգչախմբերը ձայնագրել են Կոմիտասի երաժշտությունը, կան մի շարք ձայնասկավառակներ կամերային-գործիքային ժանրի ստեղծագործություններով: Հայաստանի կոմպոզիտորների միությունը թողարկել է հայ երաժշտության համառոտ ընտրանու երկու ալբոմ, որտեղ խոշոր ձեւերը ներկայացված են հատվածաբար, իսկ փոքրերըՙ ամբողջությամբ... Իհարկե, այդ ամենը մի կաթիլ է ծովում, բայց քանի դեռ չկա հայ երաժշտության ֆոնդային ձայնագրությունների ստեղծման ազգային ծրագիր, ուրախացնում են նաեւ կաթիլները:
Եվ ահաՙ նոր ուրախություն. լույս է տեսել «Armenian Classics and the Folk Idiom» («Հայ դասականները եւ ժողովրդական իդիոմատիկան») ալբոմը, որը թողարկել է Armenian Music Center Inc. ֆիրման (Երեւան-Լոս Անջելես): Երաժշտության կատարողն է Հայաստանի ազգային կամերային նվագախումբը (ՀԱԿՆ), գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորՙ Արամ Ղարաբեկյան: Ձայնագրությունը կատարվել է դեռ 2004-ի հունիսին Երեւանի այսպես կոչված Տերյան-Ստուդիայում (ձայնագրության ինժեներ Ռասսել Դոկինս): Ալբոմը լույս է տեսել երկու ձայնասկավառակով, թեեւ սկզբում նախագիծը ենթադրում էր երեքը (Հայաստանի Կամերային երգչախմբի առանձին սկավառակ, ղեկավարՙ Ռոբերտ Մլքեյան): Ցավոք, նախագծի գաղափարը չիրականացվեց ՀԱԿՆ կորպորացիայից երգչախմբի դուրս գալու պատճառով: Այդ մասին գիտեմ որպես ալբոմի բուկլետի տեքստի հեղինակ (անգլերեն թարգմանել է Նունե Հարությունյանը). ալբոմը պետք է կոչվեր «The Musical Landscape of Armenia» («Հայաստանի երաժշտական բնապատկերը»):
Անտարակույս, Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի լավ երաժշտության շնորհիվ «երաժշտական բնապատկերը» նշանակալիորեն ավելի լիարժեք կլիներ, բայց նույնիսկ իր նվագախմբային տեսքով երկու սկավառակավոր ալբոմը (N 26-3620980) տպավորիչ է 20-րդ դարի հայ երաժշտության ոճային համայնապատկերով: Առաջին ձայնասկավառակի վրա դասական եւ ժամանակակից երաժշտության համակշռությունը ներկայացված է Էդուարդ Միրզոյանի (Լարային նվագախմբի վարիացիաներ, «Թեմա վարիացիաներով» կվարտետի փոխադրումն իրականացրել է Ղարաբեկյանը), Ավետ Տերտերյանի (Կվարտետ թիվ 1 դո մաժոր, նվագախմբային փոխադրումը Ղարաբեկյանի), Էդուարդ Հայրապետյանի («Առտուն» սոպրանոյի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար, խոսքՙ Մ. Մեծարենցի), Հարություն Դելլալյանի («Ecloga» ֆլեյտայի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար) անուններով:
Երկրորդ ձայնասկավառակի վրա պահպանված է կոմպոզիտորների կողմից որպես հիմք ֆոլկլորային նյութի օգտագործման սկզբունքը: Այստեղ ներկայացված են Կոմիտաս-Ասլամազյանի (Սարգիս Ասլամազյանըՙ Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրը, հավերժացրել է Կոմիտասի երգերը) մանրանվագները, Ռուբեն Ալթունյանի մի քանի պիեսներ, այդ թվումՙ ժողովրդական գործիքների (շվի, պկու) եւ լարային նվագախմբի համար գրված «Հարազատ մեղեդիներ» շարքից, ինչպես նվագախմբի համար նրա գրած «Խաչատուրիանա» սյուիտը, որը հիմնված է առավելապես Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի գունագեղ երաժշտության վրա: Բացի դրանից, տվյալ սկավառակի վրա ձայնագրված են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի պարերը եւ «Համբարձում յայլա» խմբերգային տեսարանը Ստեփան Շաքարյանի նվագախմբային տարբերակով, ինչպես նաեւ «Ծիծեռնակ» երգի նրա մշակումը դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար:
Գրախոսվող ալբոմը հայտնվել է թեկուզ ուշացումով, բայց ոչ պատահաբար: Դեռ 1998-ին ՀԱԿՆ-ը թողարկեց ձայնասկավառակ Է. Միրզոյանի (Սիմֆոնիա), Ալեքսանդր Հարությունյանի (Սիմֆոնիետտա), Է. Հայրապետյանի («Կորուսյալ օդապարիկ»ՙ գրված ՀԱԿՆ-ի պատվերով) երաժշտությամբ: 2004 թ. ձայնագրությունը (ալբոմի թողարկումը թվագրված է 2010-ով) տեխնիկական որակով եւ ընդհանուր գեղարվեստական ձեւավորմամբ զգալիորեն բարձր է: Իսկ նոր ալբոմի գլխավոր արժանիքը Ա. Ղարաբեկյանի ղեկավարած նվագախմբի կողմից երաժշտության մեկնաբանումն է (մենակատարներ. սոպրանոՙ Նունե Բադալյան, ֆլեյտահարՙ Տաթեւիկ Բաղդասարյան, դաշնակահարՙ Էլլա Մելիք-Հուսյան):
Համերգներում քանիցս հնչած, իսկ հիմա ալբոմում ներկայացված ստեղծագործությունները մասամբ արտացոլում են նվագախմբի գերակայությունները ազգային երաժշտության կատարման ասպարեզում: Եվ կարելի է ափսոսալ, որ Հայաստանի ինչպես այդ, այնպես էլ ուրիշ համույթների նվագած վիթխարի թվով հայկական երկեր մնացել են միայն համերգային ծրագրաթերթիկներում:
Հայ երաժշտության նոր ալբոմը, պերճախոս կերպով վկայելով նվագախմբի գեղարվեստական մակարդակի եւ արժանի ճանաչման մասին, որոնք 21-րդ դարում կապված են ունկնդիրների լայն լսարանի հետ (ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն հայերի), մեզ կոչ է անում առավել ինտենսիվորեն քարոզել հայրենական երաժշտական մշակույթը: Միանգամայն ակնհայտ է, որ եկել է «քարերը հավաքելու» ժամանակը. տարբեր մասնագիտությունների տեր տաղանդավոր մասնագետները եւ Հայաստանի մի ամբողջ շարք երաժշտական համույթներ պետք է ողջ աշխարհում դառնան պահանջված: Մենք, որպես կանոն, սիրում եւ գնահատում ենք տարբեր երկրներից եկող երաժիշտներին: Հիմա հարկավոր է, որ սովորեն մեզ նույնպես սիրել եւ գնահատել: Աուդիոարտադրանքը կարող է զգալի չափով օգնել այդ գործին:
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ
Չեմ ուզում լռության մատնել ՀԱԿՆ-ի պառակտման փաստը: Առավել բարեհաջող (համենայն դեպս, այդպես էր թվում կողքից) համույթներից մեկը հանկարծ պայթում է ներսից, ղեկավարի հանդեպ իր վերաբերմունքը պատճառաբանելով բացարձակապես անհամոզիչ եւ սուբյեկտիվ փաստարկներով: Օստրակիզմի այդ ձեւը, երբ վառ անհատը շատերին (կամ գրեթե բոլորին) ձեռնտու չէ, լավ հայտնի է: Անհատի մասին կարելի է հորինել ամեն ինչ եւ ճարպկորեն մատուցել որպես ճշմարտություն: Կարելի է հեգնանքով արձանագրել ինչ-որ վրիպում (ո՞վ սխալներ չի գործում) եւ այն դարձնել գործողությունների կարգախոս:
Գլխավորն այն է, որ ուզում են ինչ-որ մեկի հետ համերաշխորեն վերացնել նրան, ով բարձրանում է «գազոնային մակարդակից» (Պ. Սեւակ): Ես դա լավ գիտեմ անձնական փորձով. Երեւանի կոնսերվատորիայի վարչակազմը մշտապես զարմացնում է իր արարքների «նրբահնարությամբ»...
Ոչ միայն հեռավոր Ամերիկայում, այլեւ մերձավոր, եղբայրական Ուկրաինայում (նկատի ունեմ նրա աշխատանքը Լվովի նվագախմբի հետ) հետքեր թողած մաեստրո Արամ Ղարաբեկյանի ստեղծագործական գործունեությունը, ասենք նաեւ նրա ամբողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան ծառայություն երաժշտությանը: Ներողություն եմ խնդրում վերամբարձ տոնի համար, բայց հայ դիրիժորներից ո՞վ է կարողացել ստեղծել այդքան լայնընդգրկուն եւ բազմապլան նվագացանկ, ունկնդիրներ գտնելով ամբողջ Հայաստանում եւ Արցախում: Ո՞վ է կատարել այդքան շատ նոր երաժշտություն, բացահայտել այդքան մեծ թվով նոր կատարողների, ստեղծել համերգների նոր տեսակներ եւ ըստ էության նոր, ներքուստ դիֆերենցված լսարան. մաեստրոն լավ գիտեր, թե ինչ է հարկավոր պրոֆեսիոնալին եւ ինչՙ պարզապես երաժշտասերին:
Ամենքիցս լավ դա գիտեն նվագախմբի երաժիշտները, որոնք հրապարակայնորեն հրաժարվեցին իրենց ղեկավարից: Միայն թե հարկ չկա Ղարաբեկյանին հրապարակավ մեղադրել Հայաստանի կամերային նվագախմբի ամբողջ նախապատմությունը չընդունելու մեջ (տե՛ս «Ազգի» ս. թ. փետրվարի 16-ի համարի բաց նամակը): Խնդրում եմ բացել դեռ երեք տարի առաջ պատրաստված եւ նվագախմբի ամբողջ ղեկավարության հավանությանն արժանացած նոր ալբոմի բուկլետի տեքստը. հենց սկզբից նշված են 1962 թվականը (համույթի ստեղծման տարին) եւ նվագախմբի հիմնական ղեկավարներըՙ Զարեհ Սահակյանցը եւ Ռուբեն Ահարոնյանը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր