«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2010-04-06 | #61, 2010-04-07 | #62, 2010-04-08


ՔԱՌՅԱԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կկազմեն «Միկան» ու «Բանանցը»

Երեկ կայացած երկու հանդիպումներից հետո հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի 2-րդ զույգը: Եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն «Բանանցն» ու «Միկան»: Երկու թիմերն էլ դեռեւս առաջին հանդիպման ժամանակ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ էին ներկայացրել: «Բանանցը» Գյումրիում հաղթել էր 1-0 հաշվով, իսկ «Միկան» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էր անցկացրել «Կիլիկիայի» դարպասը:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած «Բանանց»-«Շիրակ» հանդիպումն անցավ աշխույժ մրցակցությունում, դաշտի տերերի առավելությամբ: Արդեն 5-րդ րոպեին Սամվել Մելքոնյանը գլխի հարվածով բացեց հաշիվըՙ եզրափակելով ձախ եզրից Բետոյի կատարած փոխանցումը: Մինչեւ ընդմիջում Մելքոնյանը կրկնապատկեց հաշիվը: Այս անգամ Սամվելն ինքն աջ թեւով սրընթաց ճեղքում կատարեց ու մտնելով տուգանային հրապարակ, գրավեց դարպասը: 42-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Բետոն, սակայն չօգտվեց դարպասապահի սխալից, որը ձեռքից բաց էր թողել գնդակը:

«Շիրակը» հիմնականում պաշտպանվում էր ու առիթի դեպքում սուր հակագրոհներ էր կազմակերպում: Դրանցից երկուսը շատ վտանգավոր էին, սակայն «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանը հաջող խաղացՙ հետ մղելով Անդրանիկ Բարիկյանի եւ Մկրտիչ Նալբանդյանի հարվածները:

Երկրորդ խաղակեսն էլ ակտիվ սկսեցին «Բանանցի» ֆուտբոլիստները: 57-րդ րոպեին Բետոյի վտանգավոր հարվածը դարպասապահը հանեց անկյունային: 6 րոպե անց եռաքայլ կոմբինացիայի արդյունքում Օրտեգան 3-րդ գոլը խփեց: Հետեւեց «Շիրակի» հակագրոհը եւ Մկրտիչ Նալբանդյանը փորձեց խոցել դարպասը, սակայն հաջող խաղաց դարպասապահը: Խաղավերջում Բետոն կարող էր 4-րդ գոլը խփել, սակայն մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, վրիպեց:

Այսպիսով, հաղթելով 3-0 հաշվով, «Բանանցը» ոչ միայն մտավ կիսաեզրափակիչ, այլեւ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոլիգայի մրցաշարին: Քառորդ եզրափակիչի մյուս խաղում «Հրազդանում» մրցեցին «Կիլիկիան» ու «Միկան»: 69-րդ րոպեին «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց թիմին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4