«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.000 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ

Ժողովրդագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների վկայություններ» գիրքը արժեքավոր է հատկապես վերապրածների հուշերով եւ փաստաթղթերով: Աշխատանքի համար Սվազլյանն արժանացել է ՀՀ նախագահի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ոսկե մեդալներին: Որպես պարգեւ ստացած գումարը ժողովրդագետը հատկացրել է գրքի լրացված տարբերակի հրատարակմանը` հայերեն, անգլերեն եւ թուրքերեն լեզուներով:

Գիրքը լրացումներով լույս կտեսնի այս տարի: 50 տարվա ընթացքում հավաքված 600 միավոր փաստաթղթին նոր գրքում կավելանան նաեւ վերջին 10 տարվա ընթացքում ձեռք բերված 100 միավորը: Գրքի թուրքերեն տարբերակը կհրատարակվի Թուրքիայում, անգլերենը` ԱՄՆ-ում: Սվազլյանը նկատում է, որ վերապրողների շուրթերից կարողացել է կորզել բացառիկ երգեր, տաղեր, բանահյուսություններ, որոնց նշանակությունը շատ մեծ է: Երգերի մեծ մասը գրքում ներկայացված են նաեւ նոտաներով:

Սվազլյանը պատմում է, որ հաճախ դիմել է արտասովոր քայլերի, որպեսզի կարողանա գրի առնել վերապրածների հիշողությունները: Մի անգամ խաբել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի թուրք զինվորին, ձեւացել հիվանդ, ավելի քան երկու ժամ նարկոզ ընդունել, զրուցել 40 հայի հետ:

Սվազլյանի հեղինակած գրքերը պահվում են նաեւ Ազգային արխիվում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվում կա 12.000 փաստաթուղթ: Դրանք մասնագետները դասակարգում են 4 խմբի` հոգեւորականների նամակներ, տարբեր երկրների դեսպանների զեկուցագրերի պատճեններ, գաղթականների հուշեր, վկայություններ, լուսանկարների բնօրինակներ: Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը նկատում է, որ առաձնահատուկ տեղ է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի գլխավորած հանձնաժողովի կազմած տեղեկագիրը:

«700 էջից բաղկացած այդ տեղեկագիրը ներկայացնում է գաղթականների ունեցվածքը, ընտանիքի անդամների թիվը: Դրանք հետագայում կարելի է օգտագործել պահանջատիրության նպատակներով», «Հենարան» մամուլի ակումբում ասաց նա:

Ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ մեկ շաբաթից Ազգային արխիվում կբացվի լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցահանդես:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4