«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՔՍՄ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ

Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական միությունը կոչ է անում Թուրքիային վերանայել 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրագործված եղեռնը (բնագրումՙ Massaker- Ան. Հ.):

«Թուրքիան վերջապես պիտի անկեղծ եւ հրապարակավ հանդես գա այս խնդրով», «Մյունշեներ Մերկուր»-ին իր պահանջն այսպես է ձեւակերպել ՔՍՄ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինդտը Մյունխենում: Այն, որ Թուրքիայում ցայսօր հայերի հանդեպ իրագործված ոճրագործության վերաբերյալ ազատ բանավեճի հնարավորություն չկա, վկայում է այնտեղ կարծիքի ազատության վիճակի մասին, ծանուցում է գերմանական լրատուն:

«2005-ին Բունդեսթագի բանաձեւով հորդորել էինք անվերապահ վերանայել հայոց կոտորածները, բայց Թուրքիան մեր կոչը անուշադրության մատնեց, ասել է ՔՍՄ-ի գլխավոր քարտուղարը: Մի կողմից այդ երկիրն ուզում է ԵՄ մտնել, մյուս կողմիցՙ հայերի կազմակերպված տեղահանումն ու բնաջնջումը լիովին չի խոստովանում: Պատմության մռայլ էջերի վերանայումը եվրոպական արժեքային մշակույթի պայման է: Թուրքիան շատ հեռու է դրանից», ասել է Ալեքսանդր Դոբրինդտը:

1915-17-ին 1,5 միլիոն հայեր թուրքական զինուժի կողմից կոտորվեցին եւ մահվան աքսորի ճանապարհին սպանվեցին: Օսմանյան կայսրության ծնունդ Թուրքիան բոլոր միջոցներով ուզում էր խափանել հայերի անկախության ձգտումները: Անկարան մինչեւ օրս էլ հրաժարվում է անցյալի այս հատվածը վերանայել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4