«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նա ներկա գտնվեց տեղի բժշկական կենտրոնի բացմանը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Այնուհետեւ ՀՀ նախագահը շրջեց բժշկական կենտրոնում` ծանոթանալով դրա պայմաններին: Իջեւանի բժշկական կենտրոնում մատուցվում են նեղ մասնագիտացված դիսպանսեր ծառայություններ` ուռուցքաբանական, հոգենյարդաբանական, մաշկավեներաբանական, տուբերկուլյոզի դեմ եւ այլն: 2008-ի մայիսին մրցութային կարգով ընտրված կապալառու կազմակերպության հետ կնքվել է բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Աշխատանքներն ավարտվել են 2010-ի մարտին:

Տավուշի մարզի հիվանդանոցային համակարգում ստեղծվել է բժշկական կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով, վիրասրահներով, անհետաձգելի եւ ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով: Իրականացվել է բժշկական կենտրոնի վիրաբուժական եւ մանկաբարձական մասնաշենքերի ամբողջական վերանորոգում` ներառյալ ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման ու ջեռուցման համակարգերի:

Կենտրոնը հագեցել է հիմնական բժշկական սարքավորումներով` նախատեսված ընդունարանի ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Մատակարարվել է նաեւ բժշկական ու կենցաղային կահույք հիվանդասենյակների, բժիշկների, հետազոտման սենյակների կահավորման նպատակով: Ընդհանուր ներդրումներն Իջեւանի բժշկական կենտրոնում կազմել են 2.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կենտրոնում աշխատում են 24 բժիշկ, 33 միջին բուժաշխատող, 6 վարչական եւ 18 այլ աշխատող:

Հարություն Քուշկյանը նշեց, որ կենտրոնի բացումը շատ կարեւոր է տարածաշրջանի համար. սա մարզերի համաչափ զարգացման հերթական քայլերից է: Կենտրոնի անձնակազմը վերապատրաստված է, բացի դրանից, Երեւանի լավագույն մասնագետները կգործուղվեն մարզային հիվանդանոցներ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Բոլոր մարզերն էլ կարիք ունեն նման հիվանդանոցների:

«Այս տարի կբացվեն նմանատիպ կենտրոններ Ապարանում, Գորիսում, Գավառում», ասաց Հ. Քուշկյանը: Բժշկական կենտրոնի բացումից հետո ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը մեկնեց Տավուշի մարզպետարան, որտեղ մարզպետ Ա. Ղուլարյանի հետ անցկացրեց մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկում:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4