«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2010-04-08 | #63, 2010-04-09 | #64, 2010-04-10


«ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ-4». ՈՐՈՇ ՄՏՔԵՐ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻ ԳԻՇԵՐԸ

«Հենց նոր (ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Հայ Սուպերսթար» նախագծի շրջանակներում տոնական համերգիՙ Գ. Խ.), ընդմիջման ժամանակ լսեցի, թե ինչպես պատկառելի մի տիկին ասաց. «Չէ՛, ինչ ուզում են ասեն, այդ ռոք կոչվածը մեզ, հայերիս համար չէ՛»... Դե, ի՞նչ ասեմ...», բացականչեց բեմ բարձրացած նախագծի ժյուրիի անդամ Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյանՙ խմբ), վրդովված շարունակելով. «Ես ինչ-որ չեմ լսել, ասենք, «Ջազն օգնում է Հայաստանին», կամ... «Ռաբիզը օգնում է Հայաստանին», կամ, ասենք... «Փղերը օգնում են Հայաստանին» անունը կրող ծրագրերի մասին», ամենայն հավանականությամբ նկատի ունենալով վերջերս մեզանում արդեն, ըստ էության, անընդհատ հիշատակվող «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը, որը, սկիզբ առնելով ավերիչ երկրաշարժից հետո (1990 թ.), կարծես մի նոր թափ է ստանում:

Խորհրդանշական է, որ «Շանթ» հեռուստաընկերության միանշանակորեն հաջողված «Հայ Սուպերսթար» նախագծի շնորհիվ, չափազանցություն չէր լինի ասել, Հայաստանում 70-80-ական թվականներին շատ սիրված փոփ-ռոքի, կամ, այլ կերպ ասածՙ «կարգին» էստրադային երաժշտության «վերակենդանացումը» համընկավ տասնամյակներ սպասված մի երեւույթի հետ. վերջապես ռոքի (եւ ո՛չ միայն ռոքի) լեգենդներՙ Էլ դի Մեոլան, «Jethro Tull»-ը, «Uriah Heep»-ը, Իէն Գիլանը սկսեցին երջանկացնել (առանց չակերտներիՙ Գ. Խ.) այդքան իրենց սիրող, լավ ճանաչող եւ շնորհակալ հայ հանդիսատեսին իրենց համերգներով:

Արդեն 35 տարվա «ստաժ» ունեցող ռոք-սիրահարիս փորձը ցույց է տալիս, որ այս երաժշտատեսակի երկրպագուներն իրենց մեծամասնությամբ լսում են նաեւ ջազ, սոուլ, ֆյուժն եւ այլն:

Եվ սրա բացատրությունն, ըստ իս, այն է, որ ռոքը ունի խորը բովանդակություն, քանի որ դրա հիմքում (սա կարող է որոշ ոչ-մասնագետների համար տարօրինակ հնչել) ընկած է անմահ, մշտադալար դասական երաժշտությունը: Հակառակըՙ այսինքն, որ, ասենք, ջազի երկրպագուն սիրի նաեւ ռոք, շատ ավելի հազվագյուտ բան է:

Ավելի ճիշտ կլիներ այս վերջին տարիներին «վերակենդանացված» ռոքը կոչել «սոֆթ», այսինքն «փափուկ» ռոք, քանի որ այդ ոճի երգերը շատ մեղեդային են:

Ուստի, բնավ պատահական չի թվում այն, որ նախագծի երաժշտական պրոդյուսեր, դրա, ինչպես նաեւ «Որոգայթ» (ձեր խոնարհ ծառայի համոզմամբ, լավագույն) հեռուստասերիալի, «Բանակում»-ի, «Empyray» խմբի գործնականում բոլոր երգերի եւ, Արթուր Մեսչյանի խոսքերով. «էլի մի բան, որ չեմ հիշում», հեղինակ վերջապես, երկու փոքր երեխաների մայր Գիսանե Պալյանն ավարտել է Կոմիտասի անվան պետկոնսերվատորիան: (Երբ շնորհավորելիս իրեն ասացի. «Դե, «Սուպերսթար-4»-ը ավարտվեց, մի քիչ շունչ կքաշես», Գիսանեն բացականչեց, «Դե՛, ի՞նչ ես ասում, դեռ երեխաներին (մասնակիցներինՙ Գ. Խ.) Ամերիկա պիտի տանեմ, եւ դեռ էնքան ուրիշ բաներ էլ կա՛ն...»):

...Եվ նորի՛ց Մեսչյան. «Անծանոթ, օտար դեմքեր են...քեզ հետեւում»: Այս խոսքերն անընդհատ հիշում եմ այսօրվա Երեւանով (կամ, ավելի ճիշտ կլիներ ասելՙ այն տարածքում, որը մնացել է երբեմնի «սքանչելի տուֆե քաղաք»-ից («the beatiful tufa stone», ինչպես տարիներ առաջ այն կոչեց անգլիացի մի գիտնական) շրջելիս:

«Հայ Սուպերսթար»-ի, ինչպես նաեւՙ թող թույլ տա պահանջկոտ հայ հանդիսատեսն ինձ անել այսպիսի համեմատությունՙ այլ աշխարհի մեծագույն «սուպերսթարների»ՙ «Jethro Tull», «Uriah Heep», ԻԷն Գիլան համերգների ժամանակ «անծանոթ, օտար դեմքերը» չկան կամՙ գրեթե չկան: Ճիշտ հակառակըՙ տեսնում ես բանական, պայծառ, խանդավառված «հարազատ դեմքեր», որոնցից «...դատարկվել են փողոցները» (էլի՛ Մեսչյան, դե՛ ինչ արած), եւ որոնցից ոմանք այսօր իրենց տոմս գնել էլ չեն կարող թույլ տալ:

Թերեւս, սա է գլխավորը...

Կարծում եմ, չափազանցություն չէր լինի ասել, որ այսօր «Շանթի» «Հայ Սուպերսթար» նախագիծը, ըստ էության, իր տեսակի մեջ ամենահաջողվածն է: Եվ պատահական չէ, որ համերգից դեռ մի քանի օր առաջ տոմսերը (2-10 հազար դրամ արժողությամբ) սպառվել էին:

Հանդիսատեսների տարիքը տատանվում էր 4-5-ից մինչեւ 60 տարեկան: (Դահլիճում, որպես ռոք-համերգներիՙ նույնիսկ Jethro Tull-ի, Uriah Heep-ի, Իէն Գիլանի համար արդեն, ցավոք, կանոն դարձած մի իրողություն, չկային մեր այսպես կոչված «պրոֆեսիոնալ», «վաստակավոր» «աստղերը»... Պատճառները «կռահելու» անշնորհակալ գործը թողնում ենք ընթերցողին): Դժվար է ասել, թե երեք եւ կես ժամ (!) տեւած համերգի ընթացքում «սուպերսթարներից», այդ թվում նախորդ տարիների, ո՞վ չերգեց եւ ի՞նչ չկատարվեց. հետաքրքրական է, որ դրանցից ոմանք, ինչպես ասենք, Գերմանիան ներկայացնող Իվետա Մուկուչյանը («Iva The Diva») եւ, մանավանդ, հիանալի, բազմատաղանդ մի երիտասարդՙ Հայկ Պետրոսյանը (հայտնի դերասան եւ շոումեն Վարդան Պետրոսյանի արժանի որդին) իրենց հին եւ, hատկապես, նոր գործերը կատարեցին այնպես, որ եթե դա անեին մրցույթի ժամանակ, ապա դրա արդյունքները, ըստ ամենայնի, այլ կլինեին: (Ի դեպ, ռոք-համերգի ժամանակ հաճախ չէ, որ կլսես «Տալվորիկցի քաջ զինվոր»-ը, եւ համերգի ընթացքում սա ամենաառաջին պահն էր, երբ ամբողջ դահլիճը ոտքի ելավ եւ ձայնակցեց Հայկին): Նույնը կարելի է ասել Յուլիա Զաքարյանի մասին («Come Together», «The Beatles»), որն այս համերգում բարոյական «ռեւանշ» վերցրեց: Կցանկանայի նաեւ հիշատակել Իվետայի եւ «The Beautified Project» խմբի (ղեկավարՙ Անդրե Սիմոնյան) համույթի անցած տարի Հայաստանում ձայնագրված առաջին («Behind the Happy Mask») սկավառակից «Stupid Love Song» («Հիմար սիրային երգ») գործի համատեղ կատարումը, եւ, իհարկե, արմավիրցի Գոռ Հարությունյանի անկեղծությունը:

...Երբ ավարտվեց «Սուպերսթար-4»-ը, սույն տողերի հեղինակի մոտ որոշ, թույլ տվեք ասել, տարակուսանք մնաց դրա արդյունքների վերաբերյալ. եթե որոշողը լիներ ձեր խոնարհ ծառան, ապա առաջին տեղը կտրվեր միանգամից երկուսինՙ անզուգական «սեւ», հուժկու ձայն ունեցող Ռաիսա Ավանեսյանին (Իրան) եւ վիրտուոզ կիթառահար Սուրեն Առուստամյանին (որի վոկալ տվյալները բառացիորեն մեր աչքի առջեւ արագորեն զարգացանՙ պատահական չէր, որ ընդամենը օրեր առաջ կայացած լեգենդար Իէն Գիլանի հետ համերգ-հանդիպմանը հենց Սուրենն էր, որ բոլոր ժամանակների ռոք-երաժտության մշտադալար հիմնիՙ «Deep Purple»-ի «Smoke on the Water» գործի փայլուն կատարումով «ստիպեց», վերջ ի վերջո, երեւանյան երկու համերգներից (հիասքանչՙ մեծավ մասամբ մեր ֆիլհարմոնիկի փայլուն կատարման շնորհիվ) հետո ձայնի հետ որոշ խնդիրներ ունեցող համաշխարհային ռոքի ամենապայծառ աստղերից մեկին, Գիլանին, ձայնակցել իրեն):

Ասել է թե որոշ զարմանք առաջացավ ինձ մոտ, թե արդյո՞ք Սիրիան ներկայացնող «ռոմանտիկ հերոս» Րաֆֆի Օհանյանը այդքան շատ sms-ներ է ստացել իր օգտին: Սակայն բոլոր «կասկածներս» միանգամից փարատվեցին, երբ համերգի ժամանակ տեսա, թե ինչպես միանգամից մի քանի տասնյակ 16-17 տարեկան աղջիկներ բառացիորեն վերցրեցին Րաֆֆիին ամուր օղակի մեջ, եւ նույնիսկ արդեն անվտանգության աշխատակիցներն էին պատրաստ միջամտելու: (Ակամայից հիշեցի վաղ 60-ականների հեռուստակադրերը, որտեղ փոփ-ռոքի հիմնադիրներինՙ լեգենդար «The Beatles» խմբի անդամներին գրեթե «հոշոտում էին» հենց այսպիսի աղջնակներ: Why not?): Ինչ վերաբերում է ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներին, մանավանդՙ արական սեռի, ապա դրանց համակրանքը ավելի շատ վայելում էին Ռաիսան եւ Սուրենը:

Եվ պատահական չէր, որ այս զույգի կողմից կատարված Էրոս Ռամացոտտիի եւ Թինա Թերների զուգերգըՙ Cosa Della Vita-նՙ բեմ վերադարձած համերգի բոլոր մասնակիցների ձայնակցությամբ, «սադրեց» տասնյակ երկրպագուների «ցատկը» դեպի բեմ եւ այնտեղ այնպիսի մի ամբոխային վիճակ ստեղծվեց, որ այս անգամ անվտանգության աշխատակիցները եւ նախագծի պրոդյուսեր Անդրե (Անդրանիկ) Սիմոնյանը ստիպված էին միջամտել:

Ըստ իս, այս նախագծի կարեւորագույն, կարելի է ասել, արժանիքներից մեկն էլ այն է, որ առանց չափազանցության, այն ունի համահայկական նշանակութուն, թե՛ ունկնդրի եւ թե՛ մասնակիցների առումով: Եվ, ամենայն հավանականությամբ, նաեւ արդեն եկել է ժամանակը, որ մեր «Հայ Սուպերսթար»-ները ներկայանան նաեւ օտար աշխարհին, իհարկե, սեփական, հայկական երգերով:

Շարունակելով խոսել նախագծի մասին, կարծում ենք, տեղին է նշել, որ վերջին երկու-երեք տարիներին երեւան եկավ, կարծում ենք, շատ մեծ չափազանցություն չէր լինի այսպես ասելՙ մի երեւույթ, այն էՙ «Շանթ» հեռուստաընկերությունը:

Դատեք ինքներդ. «Հայ Սուպերսթար», «Ժողովրդական երգիչ», «Հայկական պարեր», «Թաքնված տաղանդ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «32 ատամ», Uriah Heep, վերջապես:

Սրանք բոլորը, ընդհանուր առմամբ, իսկապես բարձրաճաշակ ազգային նախագծեր են, մանավանդՙ ինչ-ինչ «հայկուլիկ-մկուլիկ»-ների, «վիպոյաններ»-ի (դերասանները այստեղ, ըստ էության, մեղք չունեն) «գլուխգործոցների», ցավոք, համատարած ֆոնի վրա, եւ հենց վերջիններս ենՙ առաջին հերթին (այլ ո՛չ թե «Լեւոնը», «Ռոբը» կամ «Սերժը»), որ բերում են, թույլ տվեք ասել, դեգրադացմանը եւ լյումպենացմանը:

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Լուսանկարըՙ դոկտ. Արտակ Համբարյանի (ՀԱՀ)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4