Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի տափօղակով հոկեյի աշխարհի C խմբի առաջնությունը: Կմասնակցեն Հայաստանի, Մոնղոլիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Հյուսիսային Կորեայի հավաքականները: Թիմերը միմյանց հետ մեկական հանդիպում կանցկացնեն, որից հետո առաջին երկու հորիզոնականներում տեղ զբաղեցրած հավաքականները հաղթողի կոչումը կվիճարկեն եզրափակիչում:
Մինչեւ մրցաշարի մեկնարկը, ապրիլի 12-ին ՀՀ հավաքականն ընկերական մրցախաղում ուժերը կչափի Վրաստանի հոկեյիստների հետ: Նախօրեին վրացիները կմրցեն ՀԱՀ-ի հավաքականի հետ: Մարզասերներին տեղեկացնենք, որ առաջնության հանդիպումները դիտելու համար մուտքն ազատ է:
ՀՀ հավաքականը մեկնարկային խաղում, ապրիլի 14-ին կմրցի ՀԱՀ-ի հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի ժամը 20-ին: Հաջորդ օրը նույն ժամին կսկսվի Հայաստան-Կորեա մրցախաղը, իսկ ապրիլի 17-ի երեկոյան մեր հոկեյիստների հյուրը կլինի Մոնղոլիայի ընտրանին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին, ժամը 20-ին: Մինչ այդ, ժամը 16-ին կմրցեն 3-րդ տեղի համար պայքարող թիմերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ